Ինչի՞ շուրջ պետք է լինի ՀՀ իշխանությունների եւ ընդդիմության երկխոսությունը, որի մասին ամիսներ շարունակ Հայաստանում խոսում են իշխանության ու միջազգային կառույցների ներկայացուցիչները, քաղաքական գործիչները, քաղաքագետներն ու մտավորականները: Կամ ո՞վ է այդ ընդդիմությունը, որի հետ իշխանությունը պիտի բանակցի, եւ ո՞ւմ հետ պետք է բանակցի, եթե ընդդիմադիր գործիչների մեծ մասն արդեն մեկ ամիս բանտերում են:
Երեկ «Հայելի» ակումբում այս թեմաների շուրջ էին խոսում քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ Աղասի Ենոքյանը: Երկու բանախոսներն էլ նշեցին, որ իշխանությունները պետք է բանակցեն եւ փոխզիջումների գնան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան վստահող 350 հազար ընտրողների հետ: Ավելին, նրանք գտնում են, որ հիմա Լ.Տեր-Պետրոսյանին վստահողներն ավելի շատ են, որովհետեւ կոալիցիայի մաս կազմելով` «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կորցրել է իր հազարավոր ընտրողների համակրանքը: Իսկ ըստ Ա. Իսկանդարյանի` եթե մյուս ընդդիմադիր համարվող ուժերի պարագայում երկխոսության համար առեւտրի նյութ կար, ապա Լ.Տեր-Պետրոսյանի դեպքում դա դժվար է պատկերացնել, քանի որ նա ընտրություններին մասնակցում էր հաղթելու եւ նախագահ դառնալու իրական մտադրությամբ: «Նախագահ դառնալու բոլոր հնարավորություններն ունեցող Լ.Տեր-Պետրոսյանին հնարավոր չէ առաջարկել մի պաշտոն, որ նա համաձայնի: Իսկ Սերժ Սարգսյանը չի ցանկանա Տեր-Պետրոսյանին նվիրել նախագահի աթոռը: Ուրեմն ի՞նչ պետք է առաջարկել Տեր-Պետրոսյանին, որ դադարեցնի պայքարը»,- հարցրեց Ա. Իսկանդարյանը` ավելացնելով, որ ներքաղաքական լարվածությունը հաղթահարելու առումով բանակցությունների համար այսօր ստեղծվել է փակուղային իրավիճակ:
Ըստ Աղասի Ենոքյանի` երկխոսության թեմա կարող է լինել իշխանության լեգիտիմության հարցը: Քաղաքագետի խոսքերով` մեր երկրում իշխանության որեւէ օղակ լեգիտիմություն եւ հասարակության վստահություն չունի: Ա. Ենոքյանը չի հավատում, որ իշխանությունը նոր ընտրություններ կանցկացնի, եւ կարծում է, որ փակուղուց դուրս գալու հնարավոր ելք կարող է լինել անցումային որեւէ մարմնի ստեղծումը: Ըստ Ա. Ենոքյանի` իշխանության նկատմամբ վստահության լիարժեք վերականգնման համար անհրաժեշտ է անցկացնել ազատ ու անկախ նոր ընտրություններ: Բանախոսի խոսքերով` եթե Ս. Սարգսյանին թույլ տրվեց ձեւավորել նոր իշխանություն, ապա հաջորդ ընտրությունները նույնպես լինելու են նախկինների նման, եւ հնարավորություն չի լինելու Հայաստանում ապահովել իշխանության փոփոխության սահմանադրական մեխանիզմ. «Մինչդեռ դա մեր երկրի համար կենսական անհրաժեշտություն է»,- վստահ է քաղաքագետը: Հայաստանում ստեղծված քառակողմ կոալիցիան կարո՞ղ է արդյոք լուծել իշխանության նկատմամբ ժողովրդի վստահության խնդիրը: Ա. Ենոքյանի կարծիքով` նոր կոալիցիան նույնիսկ կարող է խնդիրներ առաջացնել հենց իշխանության ներսում: «Սերժ Սարգսյանի շրջապատը ընտրությունների ժամանակ մարդ էր ծեծել, լցոնումներ է կատարել ու կեղծիքներ է իրականացրել, որպեսզի հետո պաշտոնների տեսքով վարձատրություն ստանա: Բայց այժմ տեսնում է, որ այդ պաշտոնները տրվում են նրանց, ում ծեծել են Ս. Սարգսյանի նախագահ դառնալու համար: Պաշտոնների դեֆիցիտը կարող է լարել իշխանության ներքին մթնոլորտը»,- ասաց Ա. Ենոքյանը:
Իսկ Ա. Իսկանդարյանի կարծիքով` նույնիսկ Լ. Տեր-Պետրոսյանի` կոալիցիային միանալու դեպքում իշխանության վստահության խնդիրը չի լուծվի: Բանախոսի կարծիքով՝ առաջին նախագահին ձայն տվողների մի մասը քվեարկել է ընդդեմ իշխանության: Եվ եթե առաջին նախագահը կոալիցիայի մաս կազմի, ապա նա նույնպես կզրկվի իր ընտրողների վստահությունից: Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ Ս. Սարգսյանը քաղաքական իրավիճակից եւ հասարակական լարվածությունից դուրս գալու լուծումը գտնի այն բարեփոխումների իրականացման միջոցով, որը ծրագրել էր Լ. Տեր-Պետրոսյանը: «Նախընտրական արշավի ընթացքում նախագահի որեւէ թեկնածու բարեփոխումների հստակ ծրագիր չի ներկայացրել: Նրանք հանդես են եկել լոզունգներով, եւ դրա համար էլ այդ հարցն ինձ համար հանված է: Եթե Լ. Տեր-Պետրոսյանը դառնար նախագահ, մենք կտեսնեինք, թե նա ինչպես է կառավարում: Իսկ թե ինչպես կկառավարի Ս. Սարգսյանը՝ հնարավոր կլինի տեսնել նրա երդման արարողությունից հետո»,- ասաց Ա. Իսկանդարյանը:
Այնուամենայնիվ, երկու բանախոսներն էլ այն կարծիքին են, որ Լ. Տեր-Պետրոսյանը չի դադարեցնի պայքարը, որովհետեւ երկարաժամկետ ծրագրով չի մտել քաղաքականություն, որ սպասի հաջորդ ընտրություններին: Իսկ իշխանությունն էլ անընդհատ փորձելու է խոչընդոտել նրան, որովհետեւ վախենում է իրենից դժգոհող հոծ զանգվածներից: Ի դեպ, հաջորդ ընտրություններին պատրաստվելու տարբերակը առաջին նախագահին առաջարկում էր նաեւ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: