Բազմիցս է նշվել, որ Հայաստանում, ինչպեսեւ ամենուր, տնտեսությունը կապված է քաղաքականության հետ: Այսօր արդեն հասկանալի է, որ այն ոչ միայն կապված է, այլեւ կախված է այդ քաղաքականությունից, քաղաքական գործընթացներից: Այսօր այնպիսի տպավորություն է, կարծես թե ինչ-որ մեկը Հայաստանի տնտեսության «ստոպ-կռանը» քաշել է:
Ամեն ինչ կանգնած է: Բոլորը սպասողական վիճակում են: Պարզապես մի մասը «նա ստարտ» կանգնած պատրաստվում է արագություն հավաքել, իսկ մյուս մասը`պատրաստվում է լքել «դիստանցիան»: Հասարակությունն էլ է սպասողական դիրք գրավել: Բայց, ի տարբերություն քաղաքական եւ տնտեսական դաշտի, հասարակության մնացած մասը, անկախ նրա տարբեր հատվածների քաղաքական դիրքորոշումներից, սպասում է փոփոխությունների: Իհարկե, մեզանից յուրաքանչյուրն այդ փոփոխությունները յուրովի է ընկալում: Մի մասը հույս ունի, որ նորընտիր նախագահն իրենց կազատի տգետներից եւ մականունավորներից, մյուս մասը` որ Սերժ Սարգսյանի օրոք տնտեսության մեջ կվերանա կամ գոնե զգալիորեն կնվազեն մոնոպոլիաները: Տրանսֆերտներով ապրող հատվածը հույս ունի, որ դոլարի կուրսը այսուհետ այլեւս չի իջնի (բարձրանալու մասին, կարծես թե, խոսք լինել չի կարող): Երիտասարդները հույս ունեն, որ «քյառթու» չինովնիկներն ու «սովետի» կադրերը կարող է եւ թոշակի անցնեն ու իրենց տեղերը զիջեն ավելի թարմ ուղեղներին: Իհարկե, ոչ մեկը դեմ չի նրանց փորձն ու գիտելիքներն օգտագործել ի բարօրություն այս երկրի, սակայն միայն խորհրդատվական կարգավիճակով: Բուհերի այս տարվա «անմեջք» դիմորդներն ու նրանց ծնողները հույս ունեն, որ վերջապես կարելի է առանց փողի (ծանոթով Հայաստանում վաղուց չեն ընդունվում) ընդունվել ինստիտուտ: Եվ, իհարկե, բոլորը միասին հույս ունեն, որ հեռուստատեսային լուրերն այլեւս չեն նյարդայնացնի իրենց: Այս հույսերը անհիմն չեն: Այն հարցերը, որոնք հնչեցին «Հ1»-ի եթերից Սերժ Սարգսյանի հարցազրույցի ժամանակ, հաստատում են իմ խոսքերը: Սակայն կան նաեւ մտավախություններ: Եվ, առաջին հերթին, այդ մտավախությունները կապված են կոալիցիայի կազմի հետ: Որքան էլ Արթուր Բաղդասարյանը երդվի, որ ինքը «աթոռակռիվ» չի անում եւ, որ իրենք սոցհարցում են կատարել, բացի Հեղինե Բիշարյանից եւ Ահարոն Ադիբեկյանից, ոչ ոք նրան չի հավատա: Որովհետեւ, մարդն ապացուցեց, որ պատրաստ է օրը ցերեկով «քցել» 280.000 ընտրողի, որոնք Արթուր Բաղդասարյանին ձայն էին տվել ոչ թե նրա «սիրուն աչքերի», այլ ընդդիմադիր կեցվածքի համար: Եվ ամենեւին էլ պարտադիր չէր միանալ Լ. Տեր-Պետրոսյանին, որպեսզի ընդդիմադիր մնար:
Այնուամենայնիվ, մի կողմ թողնենք այս հանգամանքը: «Օրինաց երկիր» կուսակցությունը ընդամենը մի քանի տարի առաջ կառավարության մեջ ուներ իր անդամները: Եվ այդ նախարարները` բոլորն անխտիր, ապացուցեցին, որ մեծ հաջողությամբ կարող են ձախողել իրենց վստահված ոլորտների աշխատանքները: Ի դեպ, ի տարբերություն «Օրինաց երկրի», ՀՅԴ-ն, որը «աթոռակռիվ» անողի ոչ պակաս համբավ ունի, իր տնօրինած ոլորտների աշխատանքները գոնե չի ձախողել:
Չնայած այս ամենին, հասարակության մի ստվար զանգված, սրտի խորքում, հույս ունի, որ նորընտիր նախագահը հասարակության համար անընկալելի զանգված կոչվածից առաջինը «կմաքրի» հենց «Օրինաց երկրին»: Որովհետեւ ժողովրդական մի խոսք կա. «Բ…ության դեմ արված բ..ությունը` արքայություն է»: Հավատացած եղեք, ոչինչ եւ ոչ ոք այդքան չի բարձրացնի նորընտիր նախագահի վարկանիշը, որքան վերոնշյալ առաջարկը կյանքի կոչելը: Իսկ մնացածը, կարծում եմ, ժամանակի եւ տեխնիկայի խնդիր է:
Կաշառակերներ, պնակալեզներ եւ դավաճաններ եղել են, կան ու կլինեն բոլոր ժամանակներում: Խնդիրը նրանց քանակի եւ որակի մեջ է, ավելի ճիշտ` անորակության:
Չկա չարիք, առանց բարիքի: Մի քանի օր առաջ դերասան Սերգեյ Դանիելյանն իր հեռուստահարցազրույցի ընթացքում ասաց, որ այս ամենի մեջ շատ լավ բաներ է տեսնում: Փորձենք համաձայնել նրա հետ: Իհարկե, մարդկային զոհերն անընդունելի են յուրաքանչյուր պարագայում, եւ դա մեր բոլորիս ողբերգությունն է: Բայց, համաձայնեք, որ մեր քաղաքական գործիչներից շատերի` թե ընդդիմության, եւ թե իշխանության ներկայացուցիչների դիմակները այս օրերին պատռվեցին: Իսկ դա մի բան կարող է նշանակել: Քաղաքական դաշտը մաքրվեց աղբից:
Պարոն նորընտիր նախագահ, մի տարեք այդ աղբը նոր կառավարություն: Հուսով եմ, որ շատերի այս հույսը չի մեռնի: