Տնտեսապես չպատճառաբանված հոռետեսություն

06/04/2008 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հիմա ամեն ինչն են քաղաքականացնում: Եվ դա այլեւս զարմանալի չէ: Բայց անգամ սա հնարավորություն չի տալիս պնդել, որ տնտեսությունը քաղաքականացնելը զուտ հայկական երեւույթ է: Մոտ 200 տարի մարդկությանը հայտնի է «քաղաքատնտեսություն» տերմինը: Հետեւաբար ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի ասուլիսի քաղաքական երանգները սպասելի էին: Բոլոր առումներով: Սպասելի էին մեր տնտեսությանը տրված բարձր գնահատականները եւ այլն: Փոխարենն անսպասելի էր, որ պարոն Մինասյանը կհայտարարի՝ «հետընտրական շրջանի անկայուն իրավիճակի պատճառով բյուջեի կատարողականում ոչ հաջող եռամսյակային ցուցանիշներ կգրանցվեն: Ներքաղաքական լարվածությունը բացասաբար անդրադարձավ ինչպես տնտեսության, այնպես էլ հանրապետության արտաքին տնտեսական իմիջի վրա» (վերաշարադրանքն՝ ըստ «Արմենպրեսի»): Այն, որ ներքաղաքական լարվածությունը բացասական ազդեցություն է ունեցել՝ կատարյալ անապացուցելի իրողություն է: Ցանկացած քաղաքացի կհաստատի, որ նախա- եւ հետընտրական ողջ շրջանում ազգային դրամը ժայռի նման ամուր ցուցանիշ է ունեցել: Վերջին ամիսներին անփոփոխ է մնացել մեկ դոլարը 305-310 դրամ փոխարժեքը: Անհասկանալի է, ուրիշ ի՞նչ փաստ կարող էր պետությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյային նման եզրակացության հանգեցնել: Պաշտոնատար անձը, ով եռամսյակի ավարտից հետո կարող էր պահանջել ու ստանալ հաշվետվություն, գերադասում է ենթադրություններ անել: Ավելին, պնդում է, որ «ոչ հաջող եռամսյակային ցուցանիշներ կգրանցվեն»: Եռամսյակն ավարտվել-վերջացել է, բայց մարդը կանխատեսումներ է անում: Այս մեթոդով կարելի է այս տարվա բերքի կանխատեսումներ անել եկող դեկտեմբերին: Անմեղության կանխավարկածը թույլ չի տալիս ենթադրել, որ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո սա պարզապես տնտեսական վատ ցուցանիշներ նկարելու հանձնարարական է: Երկրի բյուջեի վիճակն իրենց վրա լավագույնս զգում են սոցիալական խոցելի խմբերը: Փորձեցի պարզել` ծանոթ բոլոր թոշակառուները վստահեցնում են, որ թոշկները ստացել են ճիշտ ժամանակին: Երեւանի պետական համալսարանի դասախոսները եւս նախկինի նման աշխատավարձ ստացել են ամսի 1-ին: Պետական որոշ հիմնարկներում նույնիսկ աշխատավարձ են բարձրացրել: ԱԺ-ում էլ աշխատավարձը չեն ուշացրել: Պաշտոնական տվյալներով՝ բյուջեի եռամսյա ցուցանիշները կարգին են: Ավելին, մուտքերը գերազանցել են նախատեսված ծավալները: Նույնիսկ այս դրական ցուցանիշները մեր պետական պաշտոնյաներին հիմք չեն տալիս ենթադրելու այն, ինչի մասին արդեն համարյա երկու տասնամյակ խոսում են փորձագետները: Մեր տնտեսական համակարգը շուկայական չէ: Հետեւաբար՝ տնտեսության ոլորտի գործընթացները տնտեսագիտական տեսական դրույթներով վերլուծելը ճիշտ չէ: Օրինակ` մեր բանկային համակարգի ծաղկուն ու կայուն վիճակը որեւէ աղերս չունի տնտեսության հետ: Որքան էլ բանկերի վարկային պորտֆելները ճիշտ կառուցվածք ունենան, միեւնույն է, բանկերը ո՛չ արտադրություն են վարկավորում, ո՛չ գյուղատնտեսություն: ԱԺ հանձնաժողովի նախագահի գնահատականի երկրորդ հատվածը, թե «ներքաղաքական լարվածությունը բացասաբար անդրադարձավ հանրապետության արտաքին տնտեսական իմիջի վրա», նույնպես կարելի է կանխատեսում համարել: Բացասական ազդեցությունն առայժմ տնտեսական վիճակագրության կողմից արձանագրված չէ: Փոխարենն արված են հայտարարություններ, որոնցից կարելի է նման եզրակացության հանգել: Բայց նույն պատգամավորը հույս ունի, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը չի դադարեցվի: Մեզնում ընդունված է տրամաբանական սեփական հակասությունները չնկատելով՝ Արեւմուտքին մեղադրել երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Այդ ծրագրի դադարեցման մասին պաշտոնական հայտարարություն չի արվել, եւ դրա շարունակականությունը բացառապես մեզանից է կախված: Եթե երկիրը շարունակի օրենսդրության կոշտ ու հակադեմոկրատական վերամշակումը, պատասխանը չի ուշանա: Չի կարելի տարիներ շարունակ խոսել տնտեսվարողների համար մրցակցային հավասար պայմանների ապահովման կարեւորության մասին: Եթե վստահ ես, որ «վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճն աննախադեպ էր», ապա տարօրինակ է, որ օրվա կարեւորագույն խնդիր ես համարում «հավասար մրցակցային դաշտի ապահովումը բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար եւ ստվերային դաշտի կրճատումը»: