Ծիծաղե՞լ, թե՞ ոչ

06/04/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Զարմանալի բան է ժամանակը։ Հարաբերական, ինչպես ասել է Էյնշտեյնը։ Ա՛յ, տեսեք, 2 օր առաջ ապրիլի մեկն էր, սակայն ծիծաղելու առիթ չկար, հաջորդ օրը, սակայն, առիթները շատ էին։ Ճիշտ է, որոշ դեպքերի մի քիչ խորը նայելու դեպքում հասկանում ես, որ ծիծաղելը միգուցե տեղին չէ, եւ միգուցե այլ զգացողությունների արտահայտությունն է ավելի տեղին։

Իսկ զավեշտը հիմնականում ի հայտ է գալիս համեմատությունների մեջ։ Երկու-երեք օր առաջ լուրերից իմացա, որ Թուրքիայի Դատախազությունը պատրաստվում է պատասխանատվության ենթարկել երկրի իշխող կուսակցությանը։ Մասնավորապես, Թուրքիայի գլխավոր դատախազ Աբդուրրախման Յալչինկայի կարծիքով, իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության եւ վարչապետ Էրդողանի գործունեությունը խախտում է ժամանակակից Թուրքիայի զարգացման աշխարհիկ բնույթը։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայի իշխանությունները երկիրը վերածում են տիպիկ մահմեդական պետության։ Թվում է՝ ծիծաղելի մեղադրանք է, մանավանդ, եթե համեմատենք մեր իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքների հետ։ Բայց արի ու տես, որ Թուրքիայի իշխանությունների ծիծաղն ամենեւին չի գալիս։ Յալչինկայը պահանջում է, որ իշխող կուսակցության 71 անդամների՝ այդ թվում վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, 5 տարի արգելվի զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Թուրքիայի Սահմանադրական դատարանն արդեն սկսել է այդ հարցի քննությունը, եւ եթե Դատախազության հայրը բավարարվի, ապա իշխող կուսակցությունը՝ որպես քաղաքական ուժ, կդադարի գոյություն ունենալ։ Անկախ նրանից՝ թե ՍԴ-ն ինչ որոշում կընդունի, դատախազի այս քայլն արդեն իսկ խոսուն փաստ է։ Հասկանալու համար, թե որքան խոսուն, մի պահ պատկերացրեք (որքան էլ դժվար լինի), որ ՀՀ Գլխավոր դատախազությունը մեղադրանք ներկայացնի Հայաստանի Հանրապետական կուսակցությանն ու վարչապետին։ Ֆանտաստիկայի ոլորտից է, չէ՞։

Քանի որ խոսքը խոսք է բերում, անդրադառնանք եւս մեկ պաշտոնյայի՝ ԵԱՀԿ գործող նախագահ Իլկա Կաներվային։ Հայ հասարակությունը ծանոթ է նրան. նա փետրվարի վերջին այցելել էր Հայաստան՝ ներքաղաքական լարված վիճակի հետ կապված։ Եվ Հայաստանում գտնվելու ժամանակ պրն Կաներվան, հղում անելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական զեկույցին, կարծիք էր հայտնել, որ նախագահական ընտրությունները եղել են մեկ քայլ առաջ։ Որքան մենք գիտենք, նրա այս հայտարարությունը հարուցել էր եվրոպացիների տարակուսանքը, քանի որ զեկույցում «մեկ քայլ առաջ» ձեւակերպում չկար։ Փաստորեն, Կաներվան մինչեւ վերջ չէր կարդացել զեկույցը։ Երեկ տարածվեց մի հաղորդագրություն, որից պարզ դարձավ, թե նրան ինչն էր խանգարել զեկույցին հանգամանալից կերպով ծանոթանալու համար։ Պարզվում է՝ Իլկա Կաներվայի մտքերը զբաղված են եղել մի էրոտիկ պարուհիով, ում նա մոտ 200 ինտիմ բնույթի sms հաղորդագրություններ է ուղարկել։ «Ասոշիեյթեիդ փրեսի» համաձայն, Կաներվային պաշտոնանկ է արել Ազգային կոալիցիոն կուսակցությունը, որին կոալիցիոն կառավարությունում հատկացված է արտգործնախարարի պաշտոնը: Իսկ հիմնավորումը եղել է. «նախարարը վստահություն չի վայելում»: Այստեղ էլ կարելի է համեմատականներ անցկացնել հայ իրականության հետ։ Մերոնք sms-ներ չեն գրում, մերոնք ավելի առարկայորեն են մոտենում հարցին, բայց «վստահության պակաս» գործընկերների մոտ չունեն։ Պատկերացնո՞ւմ եք՝ ՀՀ նախարարներից մեկը պաշտոնանկ արվի այն բանի համար, որ «լեւի» է գնացել։ Մենք էլ չենք պատկերացնում։ Ավելին, հասարակությունն անգամ կսկսեր ավելի դրական վերաբերվել «մուժիկ» նախարարին։

Վերջին համեմատությունը, որ պիտի բերեմ, պաշտոնյաների հետ կապված չէ, սակայն անձամբ ինձ համար ավելի խոսուն է, քան վերը նշվածները։ Այն կապված է, կարելի է ասել, արվեստի մարդկանց հետ։ Մի քանի օր առաջ ռադիոյով պատահաբար լսեցի, որ փոփ երգչուհի Մադոննան Լոնդոնի բնակիչներին կոչ է արել առաջիկա ընտրություններում չպաշտպանել ներկայիս քաղաքապետ Քեն Լիվինգսթոնին։ Պատճառը՝ երգչուհու կարծիքով, այն է, որ մետրոյի տոմսը շատ թանկ է՝ սկսվում է 3 ֆունտից (մոտ 6 դոլար), եւ դրա մեղավորը քաղաքապետն է։ Իհարկե, հիմա շատերը կասեն՝ Մադոննան ի՞նչ արվեստագետ։ Կամ՝ նա ե՞րբ է մետրոյով երթեւեկում, որ այդքան վրդովվել է, պարզապես իր PR-ն է անում։ Միգուցե ճիշտ եք, բայց մարդը դիրքորոշում է արտահայտում։ Ավելին՝ այս երգչուհին ավելի գլոբալ խնդիրներին էլ է անդրադարձել, օրինակ՝ նրա «Die Another Day» երգը՝ որն ուղղված էր Բուշի վարչակազմի, Իրաքյան պատերազմի դեմ։

Իսկ հիմա Մադոննային, որին համարում ենք «խուժանի մեկը», համեմատեք մեր երգիչ-երգչուհիներից շատերի հետ։ Ո՞րն է ավելի վատ, հետույքը բացե՞լը, թե՞ անսկզբունք, անողնաշար կեցվածք ընդունելը՝ թեկուզ երկար փեշ ունեցող զգեստներով։ Խոսքը միայն երգիչ-երգչուհիներին չի վերաբերում. շատ այլ մարդիկ, ովքեր իրենք իրենց համարում են արվեստի մարդ, կամ լռում էին, կամ իրենց պարտքն են համարում խրատ կարդալ ընդդիմադիր ընտրազանգվածի գլխին։ Ու երբեմն դա անում են՝ մարդկանց վիրավորելով, մոռանալով, որ ամեն մարդ կարող է ունենալ կարծիք եւ արտահայտել իր կարծիքը։ Չի կարելի մարդուն վիրավորել, միայն այն բանի համար, որ նա այլ կարծիք ունի եւ իշխանությանը չի ընտրել, ինչպեսեւ՝ չի կարելի վիրավորել այն մարդուն, ով ընտրել է իշխանության թեկնածուին։ Անգամ իշխանությունները, իշխանական քարոզչամեքենան փորձում են խուսափել վիրավորանքներից. ամենակոշտ պիտակը խաղաղ ցուցարարների նկատմամբ եղել է «մոլորյալ» բառը։ Եվ որեւէ մեկը, մանավանդ, եթե իրեն համարում է մտավորական, իրավունք չունի բերանը բացել ու իր կարծիքից տարբերվող կարծիք ունենալու համար մարդկանց անվանել անբարոյական, հիմար կամ անուղեղ։ Այդ մարդիկ այնքան ուղեղ ունեն, որ իրենց զսպում են եւ համապատասխան ոչ էսթետիկ ձեւով չեն փակում այն «մտավորականների» բերանները, որոնց տրամաբանությամբ, անբարոյական կարելի է համարել նաեւ խաշը գդալով ուտելը կամ «Ռեալի» փոխարեն «Բարսելոնին» երկրպագելը։ Եվ քանի որ ֆուտբոլից խոսք գնաց, մի անեկդոտ պատմենք՝ թեմայից դուրս, ու սրանով եզրափակենք մեր ուշացած ապրիլի 1-ը։

Մի շատ չբավարարված մարմնավաճառուհու հարցնում են՝ ո՞րն է ամենամեծ երազանքդ։ Ասում է՝ կուզեի՝ տղա ունենայի, տղաս մեծանար, հայտնի ֆուտբոլիստ դառնար, կարեւոր մրցաշարի եզրափակիչի ժամանակ 11-մետրանոց իրացներ եւ… վրիպեր։ Հարցնում են՝ բայց ինչո՞ւ վրիպեր։ Ասում է՝ որ ստադիոնում գտնվող հազարավոր տղամարդիկ գոռային. «Քո մերը…»։