«Կարելի է նաեւ մի 20 օր բանտ նստել»

06/04/2008

Հաջորդ կոալիցիոն կառավարությունում ՀՅԴ-ն ցանկանում է ավելի ազդու տեղերում ներկայացված լինել: Պաշտոնների շուրջ ընթացող բանակցություններում իրենց պահանջներն «Ազատության» հետ զրույցում այսպես է ձեւակերպել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա հերքել է, թե ՀՅԴ-ն ԱԳ կամ սփյուռքի նախարարների պաշտոններն է պահանջում: Սփյուռքի նախարարը, Դաշնակցության կարծիքով, չպետք է լինի կուսակցական: «Իսկ ոստիկանապետի՞» հարցին Հ. Մարգարյանն այսպես է արձագանքել. «Բնական է, որ ցանկացած կուսակցություն ուզենա ավելի ազդու տեղերում ներկայություն ունենալ»: «Ազդու տեղերը», նրա խոսքերով, «ուժային նախարարություններն են, բնականաբար, տնտեսական-ֆինանսականներն են»: «Պաշտպանության նախարարի մասին խոսում էիք, որ ունեք լավ կադրեր, օրինակ` Արթուր Աղաբեկյանի անունն էր հնչում: Դա դեռ ուժի մե՞ջ է» հարցին Հ. Մարգարյանը պատասխանել է՝ «Մենք հիմա էլ ունենք լավ կադրեր, ոչ միայն Պաշտպանության նախարարության, նաեւ մյուս նախարարության համար»: Կադրային հարցերը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքերով, քննարկվում են, բայց հստակություն եւ կոնկրետ պայմանավորվածություններ պաշտոնների բաժանման շուրջ չկան: «Մենք պայմանական ենք մասնակցում կառավարության ձեւավորմանը` մեր դրած պայմաններով ենք մասնակցում: Նորընտիր նախագահը կամք ունի դրսեւորելու: Ապագան թե ինչպես կլինի` ինձ շատ չի մտահոգում, որովհետեւ եթե լավ լինի` մենք լավի հետ ենք, եթե պետք է, մեր կամքին հակառակ, վատը լինի` մենք միշտ էլ ունենք այն քաղաքական կամքը մեր ճիշտ տեղը գտնելու այս քաղաքական իրավիճակի մեջ»:

Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին` նա ասել է, թե դրանք, «ողբերգական լինելով հանդերձ, կանխագուշակելի էին»: «Կար պարզ ցանկություն` արտաքին, ոչ հայկական ուժերը Տեր-Պետրոսյանի միջոցով փորձում էին Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնել: Վերջին հաշվով, մի բան էր` այս երկիրը խեղճացնել, այս երկիրը դնել տկար դիրքերի մեջ: Խեղճ, տկար երկիրը արտաքին միջամտության համար պարարտ հող է»,- ասել է նա: Հարցին, թե կա՞ն արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ, Հ. Մարգարյանը պատասխանել է. «Մեզ համար դատելը, իսկապես, դժվար է այս պահին, չենք էլ շտապում: Կարելի է նաեւ մի 20 օր բանտ նստել, ոչինչ, մինչեւ որ հարցերը հստականան, եւ ես հուսով եմ, որ այդտեղ սխալ բան տեղի ունեցած չի լինի»: