«Բառերի հետ խաղում ենք առանց հասկանալու, որ դա 25-րդ կադրի նման նստվածք է տալիս մեր հոգեբանության մեջ: Իսկ ամենամեծ սխալն այն էր, երբ սկսեցին ժողովրդին ընտրազանգված անվանել`չպատկերացնելով, թե այդ բառն ինչքան լուրջ ու թունավոր նստվածքներ կարող է տալ»: Երեկ կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը` անդրադառնալով երկրում ստեղծված ներկայիս իրավիճակին: Մինչդեռ, ըստ նրա, եթե հասկանայինք, որ մենք ենք ընտրություն անում, ոչ թե մեզ են ընտրում, այսպես բեւեռացված ու չարացած չէինք լինի: Տիկին Պետրոսյանի համոզմամբ` ոչ մի աթոռ, համակրանք կամ քաղաքական ուղղորդություն չի կարող արդարացնել ժողովրդի մեջ նման չարություն սերմանելու փաստը. «Ոչինչ չի կարող ինձ ստիպել ասելու, որ այն հատվածը, որը մեզ հետ չի, Վահան Հովհաննիսյանին ձայն չտվեց, ուրեմն իմ ազգակիցը չի, 350 հազար մարդիկ, որ իմ գաղափարները չեն կիսում, իմ ազգակիցը չեն: Մի անգամ, ընտրություններից մի քանի ամիս առաջ, Արտակ Զեյնալյանին, ում նկատմամբ շատ մեծ համակրանք ունեմ, հարցրի. «Դու «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ ես ու Լեւոն Տեր-Պետրոսյանին ես պաշտպանում: Հանկարծ, եթե թշնամին մտնի տուն, թուրքը գա, ինձ չպիտի՞ պաշտպանես»: Ես հռետորական հարց տվեցի, քանի որ գիտեի, որ Արտակ Զեյնալյանը կպաշտպաներ նաեւ դաշնակցական Ալվարդ Պետրոսյանին, ով իր գաղափարները չի կիսում, եւ սա ինձ համար ապրելու ելակետ է: Ես ուզում եմ, որ այս ելակետը մենք չկորցնենք, քանի որ մնացած բոլոր բաները` ընտրություններ, աթոռներ եւ այլն, անցողիկ են»:
Ա. Պետրոսյանը, լինելով կոալիցիայի մաս կազմող կուսակցության շարքերում, այնուամենայնիվ, սպասողական վիճակում է, ինչպես այն մարդիկ, որոնք համակրում են ընդդիմությանը: Մի տարբերությամբ միայն. ինչպես ինքն է ասում` ինքը բացասական էներգիա չի կրում: Իսկ Դաշնակցության` կոալիցիայի մաս կազմելը տիկին Պետրոսյանը ճիշտ է համարում, քանի որ, ըստ նրա, իրենք ոչ թե անձերի, այլ ծրագրերի հետեւից են գնում. «Վաղուց ժամանակն է, որ մենք սրանք տարբերենք իրարից: Մենք չենք գնացել Սերժ Սարգսյանի հետեւից, գնացել ենք այն ծրագրերի հետեւից, որոնք մոտ տասը տարի պաշտպանել ենք: Եվ պիտի անեինք, որովհետեւ երկիրը վտանգված է: Բոլոր ժողովուրդներն էլ ունենում են այսպիսի ճգնաժամեր, եւ ավելի լավ է` դա դրսեւորվի, քան թե մնա տարիներով ու դառնա քրոնիկ հիվանդություն»,- ասում է Ալվարդ Պետրոսյանը` չմասնավորեցնելով, թե այդ դեպքում ինչու էր ՀՅԴ-ն նախագահական ընտրություններում առաջադրել սեփական թեկնածուին:
Մարտի 1-ի իրադարձությունների իրական պատկերը դեռ Ալվարդ Պետրոսյանի համար վերջնականորեն պարզ չէ: ԱԺ պատգամավորի կարծիքով` անհրաժեշտ է հետամուտ լինել, որպեսզի իսկապես մարտի 1-ի դեպքերի պատկերի բոլոր մանրամասները պարզվեն: Ըստ նրա, մինչեւ հասարակությունը չիմանա այդ դեպքերի հետ կապված հարցերի պատասխանները, չի կարող ապաքինվել. «Մենք դեռ շատ երկար տարիներ փորձությունների առջեւ կանգնելու ենք, այս պահին եթե ազգն ինքնապաշտպանական բնազդը կորցնի, դա նշանակի` վերջ: Մենք դեռ շատ կարեւոր խնդիրներ ունենք լուծելու»,- ասում է Ա.Պետրոսյանը:
Իսկ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանը հավատո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Հայաստանում դրական փոփոխություններ կլինեն: «Որ օրը ես տեսնեմ, որ արդեն Վարդանիկ Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետը չի, կհավատամ, որ մեր երկրին լուրջ փոփոխություններ են սպասվում: Մարդիկ կան, որոնք ինձ վիրավորում են: Վիրավորում է այն, որ կարող է այս մարդն իմ երեխայի, իմ ազգի ու ճակատագրի վրա ինչ-որ հետք թողնել: Պիտի փոխենք, եւ ես ողջունում եմ Սերժ Սարգսյանին, ով շատ դժվար խնդիր է դրել իր առջեւ: Եթե կարողանա հաղթահարել, ուրեմն` բրավո»,- ասում է նա:
Այսօր ստեղծված իրավիճակի հաղթահարման տարբեր ճանապարհներ են առաջարկվում, այդ թվում` միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից: Վերջերս էլ նման առաջարկների փաթեթով հանդես եկավ ԵԽ Նախարարների կոմիտեի մոնիտորինգի` Ագոյի խումբը: Ինչպե՞ս է դրանց վերաբերվում Ա. Պետրոսյանը: Նրա կարծիքով` ոչ ոք մեզ չի կարող փրկել. մենք ինքներս պետք է փրկվենք. «Օրը մեջ գալիս, մեզ սովորեցնում են, թե ինչպես մեր սեփական երկրում ապրենք: Նախ` Ագոյի խումբը, դրանից առաջ էլ առիթ ունեցա հանդիպելու Մարդու իրավունքների Եվրոպայի հանձնակատարին»:
Նախագահի թեկնածուներից Վահան Հովհաննիսյանն ընտրությունից առաջ 300.000-ից ավելի ընտրողների հետ պայմանագրեր էր կնքել: Ընտրության ժամանակ, սակայն, ավելի քիչ ձայներ ստացավ: Լրագրողների նկատառմանը, թե այս պարագայում Վահան Հովհաննիսյա՞նն էր ստում, թե՞ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ա. Պետրոսյանը դժվարացավ պատասխանել: Նրա կարծիքով` ընտրությունների հետ կապված ցանկացած հարցի նույնիսկ գիտնականների մի խումբ էլ չի կարող պատասխանել: «Մի բան հստակ կարող եմ ասել` այս ընտրություններում ամենավայելուչ, համակրելի թեկնածուներից էր Վահան Հովհաննիսյանը: Իսկ մեր պակաս քվեներ ստանալն ավելի շատ կապված է սովետական պատմությունից եկող Դաշնակցության նկատմամբ տագնապի հետ: Անշուշտ, ընտրություններում ահագին ոչ պարկեշտ բաներ եղել են, բայց այսօր չեմ կարող ինձ թույլ տալ ասել, որ այդ բոլորը Վահան Հովհաննիսյանի հաշվից է գնացել: Բայց այնպիսի մարդիկ են քվեներ ստացել, որ, կարող եմ ասել, որ մեր ժողովուրդը դեռ ընտրություն կատարելու կրթություն պիտի անցնի»:
Լրագրողների հարցին ի պատասխան, թե արդյոք պատգամավորն իրեն անվտա՞նգ է զգում այն դեպքում, երբ Անվտանգության խորհրդի քարտուղարը Արթուր Բաղդասարյանն է, Ա. Պետրոսյանն ասաց, որ Անվտանգության խորհրդի ոչ մի քարտուղար իր վտանգի զգացողությունը չի կարող փարատել։ «Ես միայն անվտանգ եմ զգում` մտածելով, որ ազգ ենք: Եթե մտածեմ` ցեղախումբ ենք, ուզում է՝ քարտուղարը Նապոլեոնը լինի, ինձ վտանգված եմ զգալու: Արթուր Բաղդասարյանն ինձ ինչպե՞ս պիտի փրկի: Նույն բառերը կասեի, եթե նույնիսկ Վահան Հովհաննիսյանը լիներ քարտուղար»,- ասաց նա: