Սերժ Սարգսյանին հիշեցնում ենք

04/04/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Փոքրիկ տարածության մեջ մի տեսակ շփոթված երիտասարդն արտաքուստ համակրելի եւ խելացի մարդու տպավորություն է թողնում: Հանրակացարանի սենյակի հոգեմաշ դեղնությունն ու գարշահոտը լղոզում են այս տղայի կերպարանքն, ու քայլերի հետ մշուշվում է նրա դեմքի այլայլված արտահայտությունը: Երիտասարդը 31-ամյա Արմանն է, ով ակնթարթային արագությամբ մեկ հագնում է խրոխտ ու բարկացած տղամարդու, մեկ՝ անպաշտպան երեխայի, մեկ էլ՝ խղճուկ ու հոգեպես կոտրված պատանու դիմակներ: Արմանի` վարպետորեն դիմակներ հագնելու պրոցեսն այնքան բնականոն ու անկեղծ է, որ չեմ հասցնում ճանաչել, թե որ դիմակի տակ է թաքնված նրա Ես-ը: Տաղտուկ սենյակի անդուր լռությունը խախտվում է Արմանի ցայտնոտային հարցադրումով` «Լրագրող եք, չէ՞…»: «Ըհը՛»,- անակնկալի եկած ասում եմ ես: Բարկացած ասում է` «Դե՛, որ լրագրող եք, դե՛, եթե լրագրող եք… դե՛, ախր ո՞նց ասեմ… Դե՛, եթե լրագրող եք, ուրեմն` Սերժ Սարգսյանին հիշացրեք, խնդրում եմ, հիշացրեք, ես էլ չեմ կարում սենց ապրեմ: Ես խելագարվում եմ, ու ինձ տանում են հոգեբուժարան, չեմ ուզում գնամ հոգեբուժարան: Խնդրում եմ, հիշացրեք, ասեք, որ չեմ ուզում գնամ հոգեբուժարան»: Արմանն ընկնում է ցայտնոտի մեջ ու դեմ դիմաց, սառած ու անթարթ աչքերով գալիս է դեպի ինձ: «Սերժ Սարգսյանին հիշացրեք» արտահայտությունը կրկնելով՝ քայլ առ քայլ մոտենում է: Հետո, երբ մի քայլ է մնում, որ վրայովս անցնի` հանկարծ հագնում է փոքրիկ ու անպաշտպան երեխայի դիմակը, գլուխն առնում է ափերի մեջ ու շրխկալով ընկնում է մահճակալի վրա: Ներս է մտնում մի տարեց կին՝ Արմանի մայրը` Լաուրան: Նայում է մահճակալին ընկած որդուն, նայում է ինձ ու երկուսիս մեջ փնտրում է մեղավորին, որ կշտամբի: «Թող հիշացնի Սերժ Սարգսյանին»,- ասում է Արմանը, հավանաբար իրավիճակը ճիշտ ներկայացնելու ու մի քիչ էլ ինձ փրկելու համար: Տիկին Լաուրան անմիջապես հասկանում է, թե ինչ է կատարվել, որովհետեւ «Սերժին հիշեցնելու» արտահայտությունը պատմություն ունի:

Արմանն ու մայրն ապրում են Աէրացիայի թիվ 7 հանրակացարանի` սոսկալի պայմաններ ունեցող մի սենյակում, որտեղ իրենցից բացի բնակվում է իրենց հետ ամենեւին կապ չունեցող մեկ այլ ընտանիք: Մոտ 3-4 քմ տարածության մեջ բնակվում են Արմանն ու մայրը եւ չորս երեխա ունեցող մի կին: Այստեղ ամեն ինչ այնքան վատ է, որ անհնար է բառերով այդ տեսարանը նկարագրել: Տարիներ առաջ Արմանին զորակոչել են զինվորական ծառայության: «Շատ լավ ծառայում էի, ոչ մի բանից չէի նեղվում: Հերս էլ արդեն մահացել էր, ուզում էի նորմալ ծառայել, գալ մորս մոտ, մենակ էր: Մի օր վատ էի զգում, ջերմություն ունեի, ստամոքս, փոր` լրիվ ցավում էր: Ծառայողներից ու մեծերից` հրամանատար-բան, ապերոներ կային, եկան, թե՝ պիտի զուգարանը մաքրես: Ասեցի` տղերք, վատ եմ զգում, ինձ հանգիստ թողեք: Նորից սկսեցին, թե՝ պիտի մաքրես: Ոտքի վրա չէի կարում կանգնել, ասեցի` մեռնում եմ, չեմ կարա: Հասան ու գցեցին գետնին, էնքան ծեծեցին, որ սպանում էին: Քացով գլխիս շատ խփեցին, շատ դաժանորեն էին ծեծում: Ֆուտբոլի գնդակի պես տշում էին, մի քանի օր գիտակցությունս հետ չի եկել: Հետո գեներալը հարցրեց, թե ի՞նչ ա եղել, ասեցի` հեչ, ընկել եմ: Ասեց` լավ չես ընկել»,- պատմում է Արմանն, ու որքան հիշողությունները թարմանում են` այնքան ագրեսիվ է դառնում: Հուզմունքից բղավելով է խոսում, ու ես ու տիկին Լաուրան փորձում ենք թեման փոխել, որ Արմանը «ետ գա» բանակից: Տիկին Լաուրան Արմանին խնդրում է սենյակից դուրս գալ` պատճառաբանելով, թե առանձին խոսակցություն ունի: Արմանը դուրս է գալիս` սիգարետի տուփը ձեռքին: Մայրը հաստատում է Արմանի պատմածն` ավելացնելով, որ այդ ընթացքում շատ պատահաբար այլ զորամասի զինվորականներ են այցելել Արմանի ծառայած զորամաս: Տեսնելով տղայի անգիտակից վիճակն՝ անմիջապես տեղափոխել են հոսպիտալ, որից հետո… Գլխի ուժգին հարվածներից Արմանի մոտ հոգեկան խանգարում է առաջացել: «Բնակարանս վաճառեցի, ասեցի` ինչ պետք ա՝ կանեմ, մենակ երեխուս փրկեմ»: Տիկին Լաուրան վաճառել է բնակարանն ու այդ գումարով որդուն տեղափոխել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում բուժվելու, այնուհետեւ` Մոսկվայի հոգեբուժարան, բայց ապարդյուն: Արմանի մոտ ախտորոշել են շիզոֆրենիա, նեւրոպարալիտիկ հիվանդություններ: Վերադարձել են Հայաստան, որտեղ արդեն ապրելու տեղ էլ չեն ունեցել: Մի քանի հարյուր դոլարով գնել են բանտախցի նման այս անտանելի սենյակը: Հետագայում պարզվել է, որ այդ սենյակն իրենցից բացի այլ տանտեր էլ ունի: «Մենք էս սենյակն առանք, բայց հետո պարզվեց, որ վաճառողն ուրիշից էլ ա փող վերցրել ու փախել ա: Փաստորեն, հիմա էս սենյակը երկու տեր ունի` ես, Արմանը ու Ռուզանն՝ իր չորս մանր երեխեքի հետ: Էս հանրակացարանը քաղաքապետարանին ա պատկանում: Ես դիմեցի Սերժ Սարգսյանին` խնդրելով, որ հանրակացարանում ուրիշ սենյակ տան, որտեղ մենակ մեր ընտանիքով կլինենք: Սերժ Սարգսյանը քաղաքապետարանին հանձնարարել էր միջամտել, հարցին լուծում տալ, բայց… Ահագին ժամանակ ա անցել, սպասում ենք, սպասում ենք, բայց էլ չենք դիմանում»: Տիկին Լաուրայի պատմածից հետո գլխի եմ ընկնում, թե Արմանն ինչո՞ւ էր անընդհատ կրկնում «Սերժ Սարգսյանին հիշացրեք» բառերը: Տիկին Լաուրան վստահեցնում է, որ երկար ժամանակ է անցել նրա հանձնարարականից, բայց քաղաքապետարանը չի արձագանքել նրա հանձնարարությանը: Այս հանրակացարանի բոլոր հարկերում դատարկ սենյակներ կան, հետեւաբար՝ քաղաքապետարանի համար ամենեւին էլ դժվար չէ դրանցից մեկը հատկացնել մայր ու որդուն, մանավանդ, որ Արմանի հիվանդությունը խորանում է կենցաղային ամեն մի մանրուքի պատճառով: Ասում է` «Էս չորս մանր երեխեքի ձեները, աղմուկը, լացը վրես շատ են ազդում: Գլխիս մեջ խառնվում ա իրար, չեմ դիմանում: Մի քանի անգամ մորս ասել եմ՝ ինձ տար գժանոց, ավելի լավ ա՝ էնտեղ ապրեմ, քան թե ստեղ: Էս աղմուկի պատճառով գնացել, գժանոցում եմ մնացել, չեմ դիմանում, գժվում եմ: Ինձ հանգիստ ա պետք, լռություն եմ ուզում, թե չէ գլխիս միջի ձեները խառնվում են էս երեխեքի ձեներին, ու ես գժվում եմ: Խնդրում եմ` Սերժ Սարգսյանին հիշացրեք, որ խոստացել ա»: Արմանը մահճակալի տակից փաթեթով հոգեմետ դեղեր է դուրս բերում ու շպրտում սեղանի վրա. «Ինչքա՞ն կարամ խմեմ, որ անզգայանամ, էլ չեմ կարում: Եթե աղմուկ չլինի` ես էսքան վատ չեմ լինի»: Տիկին Լաուրան հավաքարար է աշխատում եւ ամսական վաստակում է 30.000 դրամ: Դրանից բացի, Արմանը 2-րդ կարգի հաշմանդամության համար թոշակ է ստանում: Ասում է, որ աշխատունակ է, բայց` «Չեմ կարում մի տեղում երկար աշխատել, ինձ աշխատանքից հետո հանգիստ ա պետք: Հոգնած գալիս ես, ու էս երեխեքի ձեները չեն թողնում, որ մի քիչ հանգստանաս»: