Ռուսաստանի բանկը դարձել է երկրի առաջին ֆինանսական կարգավորիչը, որն իր կայքում հրապարակել է այն գլխավոր կառավարիչների-ֆինանսիստների «սեւ ցուցակը», որոնց մեղքով բանկերից հետ են կանչվել թույլատրագրերը: Այդ մասին երեկ գրել է «Կոմերսանտ» թերթը: «Դրանով իսկ Ռուսաստանի բանկը փորձում է կանխել անբարեխիղճ բանկիրների աշխատանքի տեղավորումը բանկային հատվածի ցանկացած պաշտոնում»,- նշում է հրատարակությունը: Ցուցակներում, մասնավորապես, նշված են բանկերի ղեկավարների ազգանուններն ու անուն-հայրանվան սկզբնատառերը, պաշտոնները, պատասխանատվության տեսակը, մեղադրանքի էությունը կամ այն փաստերը, որոնց վերաբերյալ կատարվում է քննություն:
Մինչ օրս նման ցուցակների հրապարակմամբ Կենտրոնական բանկը չէր զբաղվում: «Անտարակույս, մենք՝ որպես կարգավորիչ, տեղեկատվություն ունենք խնդրահարույց բանկերի ղեկավարների մասին, սակայն ամփոփիչ տվյալներն անսահմանափակ շրջանակի անձանց համար հայտնում ենք առաջին անգամ»,- «Կոմերսանտին» հայտարարել է Ռուսաստանի բանկի՝ Վարկային կազմակերպությունների գործունեության թույլատրագրման եւ ֆինանսական առողջացման դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Սուխովը: Ավանդների ապահովագրման գործակալությունում (ԱԱԳ), որը Կենտրոնական բանկի հետ մեկտեղ աշխատել է ցուցակների վրա, նշել են, որ ցուցակների հրապարակումը բանկերի անբարեխիղճ ղեկավարների մասին հասարակայնությանն իրազեկելու առաջին փորձն է: ԱԱԳ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վալերի Միրոշնիկովն ասում է, որ անձնական տվյալների բացահայտման օրենսդրական սահմանափակումների պատճառով բանկիրների «սեւ ցուցակն» առայժմ շատ մեծ չէ: Փաստաթղթում նշված են լոկ այն բանկերի ղեկավարների անունները, որոնց վերաբերյալ ավարտված է կոնկուրսային վարույթը, ուժի մեջ է մտել դատարանի վճիռը (քաղաքացիական-իրավական պատասխանատվության ենթարկելու դեպքերում) կամ կա մեղադրական դատավճիռ (քրեական պատասխանատվության դեպքում): Քննարկման մեջ գտնվող քաղաքացիական հայցերի կամ քննության փուլում գտնվող քրեական գործերի գծով նշված է սոսկ բանկի անունը եւ պատասխանատվության գումարը: Միրոշնիկովի խոսքով, հետագայում ցուցակը կանոնավոր հիմքերի վրա կընդլայնվի եւ կնորացվի:
Բացի անուն առ անուն թվարկումից, հրապարակված է նաեւ տեղեկատվություն այն հաշվեստուգիչ ընկերությունների մասին, որոնք բանկերի ստուգումներ են կատարել թույլատրագրերի հետկանչումից առաջ եւ տվել դրական եզրակացություններ: