ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանն «Ազատությանն» ասել է, որ երեկ ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը խորհրդարանում պատգամավորներին տեղեկացրել է բանակցային գործընթացի վերջին միտումների մասին` նկատի ունենալով, մասնավորապես, Կոսովոյի միջազգային ճանաչման համատեքստում Ադրբեջանի ձեռնարկած հակաքայլերը, ՄԱԿ-ի հայտնի բանաձեւի ընդունումը եւ ադրբեջանական կողմի դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը լուծարելու կամ ձեւաչափը փոխելու մասին:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` այս շաբաթ Ստեփանակերտում արված հայտարարությանը, թե Հայաստանը կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը կամ նրա հետ պայմանագիր կնքել, Վահրամ Աթանեսյանն ասել է, թե իր կարծիքով` «Հայաստանի կողմից շուտափույթ քայլեր ձեռնարկելու հեռանկար չկա»: Իսկ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ռադիոկայանին ասել է, թե «Լավ կլինի, որ մենք մեծ աշխատանք տանենք, եւ առաջինը ԼՂ-ն ճանաչեն տարբեր երկրներ: Բայց վստահ եմ նաեւ, նորընտիր նախագահը, ինչպես պարոն Քոչարյանը, որի լիազորություններն ավարտվում են, այս առումով ընդհանուր տեսակետ ունեն, որը հետեւյալն է. սովորական ընթացքի դեպքում մի բան կարող է լինել, բայց ինչ-ինչ զարգացումների դեպքում, բնականաբար, ոչինչ չի կարող բացառվել»,- ասել է նա` ընդգծելով, թե համաձայնագիր ստորագրելը միջազգային իրավունքի շրջանակներում է: «Վաղուց հասունացել է, առավել եւս, որ, կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է նաեւ, թեկուզեւ տեղային, ինչ-որ գործողություններ սկսել ռազմական, եւ Ադրբեջանը եւ մնացած բոլոր պետությունները պետք է շատ լավ իմանան, որ միջազգային իրավունքի սահմաններում ՀՀ-ն միշտ լինելու է ԼՂՀ եւ ժողովրդի անվտանգության երաշխավորը»,- հավելել է նա: ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, ում խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ օգոստոսից շրջանառության մեջ օրենսդրական նախաձեռնություն ունի՝ ԼՂՀ կողմից ճանաչելու մասին, երեկ վերահաստատել է, որ իրենք պնդելու են հենց ճանաչման հարցը. «Մենք ոչ թե դեմ ենք համաձայնագրի ստորագրմանը, այլ գտնում ենք, որ ԼՂՀ միջազգային ճանաչման հրամայականը շատ ավելի մեծ պահանջներ է ներկայացնում: Համաձայնագրի ստորագրումը երկու հայկական պետությունների միջեւ, մեկը` դե յուրե ճանաչված, մեկը` դե ֆակտո, ըստ էության, շատ ավելի նեղ դաշտ է, քան այն դաշտը, որ մենք ենք առաջարկում»,- ասել է նա: Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նույն հարցի կապակցությամբ ասել է. «Ուզում եմ զգուշացնել մեր քաղաքական ուժերին այն գայթակղությունից, որ ուռա-հայրենասիրության շղարշի տակ իրականում մեծ վտանգներ էլ են թաքնված: Եթե մեր այս քայլը` ԼՂՀ ճանաչումը ՀՀ կողմից, չունենա միջազգային հանրության համար հասկանալի, ընդունելի բացատրություն, ապա դրանից ԼՂՀ գործերը բոլորովին էլ միանշանակ չեն լավանա: Ես հակված եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակելուն»: ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Աղաբեկյանի համոզմամբ էլ` հարցի վերջնական լուծումը ԼՂՀ անկախ հանրապետությունն է. «Այս առումով, եթե անգամ պետք է այդ համաձայնագրի շրջանակներում սկսի Հայաստանը անկախության ճանաչումը, նույնպես ճանապարհ է»: