Գարնանը հիվանդությունները սրվում են

04/04/2008

Ձմռան ամիսներից հետո բնության զարթոնքին, եղանակային կտրուկ փոփոխություններին, Երկրի մակերեւույթի վրա օրեցօր ակտիվացող արեգակնային ջերմությանն ու մյուս գլոբալ պրոցեսներին ամենաուժգին արձագանքողը մարդկային օրգանիզմում «նիրհող» հիվանդություններն են: «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում ՀՀ Բնապահպանության նախարարության Տեղեկատվական վերլուծական կենտրոնի մեթոդաբան Գենադի Կոջոյանն ասել է, թե դրանցից առաջինը ռախիտն է, որն առաջանում է արեգակնային ճառագայթների ազդեցությամբ օրգանիզմում ֆոսֆատների ու նիտրատների պակասից, որի պատճառով գարնանը խախտվում է գեղձերի նորմալ գործունեությունն ու մարմնի նյութափոխանակությունը: Ֆոսֆատների ու նիտրատների պակասից մարդկային օրգանիզմը դառնում է գերզգայուն, նաեւ` խոցելի որոշ, այդ թվում`ալերգիկ հիվանդությունների հանդեպ: Ըստ Գ. Կոջոյանի` գարնանը եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված աճող սրտանոթային հիվանդությունների հետ գլուխ են բարձրացնում նաեւ մաշկային էկզեման ու պսորիազը: Իսկ գարնանային քամին եւ առատ փոշին նպաստում են աչքի կոնյուկտիվիտ, գլաուկոմա, թոքերի ասթմա եւ բրոնխիտ հիվանդությունների առաջացմանը կամ սրմանը: Աղեստամոքսային հիվանդություններին զուգահեռ՝ «արթնանում» է նաեւ անգինան: Օրեցող ավելացող վիրուսների հետ աճում են սուր ինֆեկցիոն հիվանդությունները` «բույն դնելով» հատկապես երեխաների որովայնային շրջանում: Ըստ մասնագետի` վերոհիշյալ հիվանդություններից հնարավորինս խուսափելու համար գարնանը պետք է ավելացնել միկրոէլեմենտների (կալիում, կալցիում, մագնեզիում, յոդինալ) եւ տարբեր տեսակի վիտամինների քանակը: Արեգակի ճառագայթների տակ պետք է լինել առավոտյան կամ երեկոյան, ոչ թե զենիթում եղած ժամերին: Խոնավ կամ անձրեւային օրերին շնչուղիների եւ թոքերի բարդություններ ունեցողները պետք է հագնեն շնչող, չեզոք հագուստներ: Կոնյուկտիվիտ, ալերգիա, բրոնխիտ հիվանդության հակվածություն ունեցողները, մթնոլորտից դրական լիցքավորում ստանալու նպատակով՝ ցանկալի կլինի, որ զբոսնեն անձրեւից առաջ եւ հետո: Գարնանը ցանկալի է ավելացնել նաեւ օրգանիզմի կողմից ընդունվող ջրի քանակը: