«Մեր գյուղում միայն ճնճղուկներն են մնացել: Ով հնարք ունի, իր գլուխն առնում ա ու փախչում: Էստեղ կյանքն ուղղակի անհնար ա»,- ասում է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի բնակիչ Աբով Պողոսյանը: Հարյուր ութսունամյա այս գյուղը ներկայումս բազմաթիվ խնդիրներ ունի: Այս տարի բնակիչներին ավելացել է եւս մեկ հոգս. շատերի կարտոֆիլի սերմացուն ձմռան սաստիկ ցրտերի պատճառով ցրտահարվել է (կարտոֆիլն այս գյուղում մշակվող հիմնական մշակաբույսերից է): Շատ բնակիչներ կանգնել են դժվարին երկընտրանքի առջեւ. հողն անմշա՞կ թողնել, թե՞ պարտքով սերմացու գնել:
Շատ բնակիչներ, պարզելով, որ իրենց սերմացուն եւս ցրտահարվել է, այլեւս գյուղապետարան չեն դիմում, քանի որ մինչեւ այժմ որեւէ բնակչի չեն էլ խոստացել օգնություն տրամադրել: Բնակիչները նաեւ հիշում են, որ անցած տարվա հեղեղումներից տուժածները եւս փոխհատուցում չեն ստացել, ուստի այդ ամենը զուր գլխացավանք են համարում: «Գյուղում շատ-շատերի կարտոֆիլի սերմացուն ցրտահարվել է, բայց ոչ ոքից գրավոր բողոք չենք ընդունում, քանի որ չգիտենք՝ արդյոք օգնելու հնարավորություն կլինի՞: Գյուղապետարանն ի վիճակի չէ փոխհատուցում տալ բնակիչներին: Եթե պետությունն օգնություն տրամադրի, մենք լավ գիտենք, թե ում սերմացուն է ցրտահարվել, ումը` ոչ»,- ասում է Գեղհովիտի գյուղապետի տեղակալ Վարուժան Սարգսյանը: Ըստ Վ. Սարգսյանի` տարածաշրջանում ամենաշատ չմշակվող հողերը Գեղհովիտում են: Նա պատճառաբանում է, որ հողերը հիմնականում 3-4-րդ կարգի են, հողից ստացած ցածր բերքը նույնիսկ հողը մշակելու համար կատարած ծախսերը չի ծածկում, ուստի եւ շատ բնակիչներ իրենց հողն անմշակ են թողնում: Այս տարի համեմատաբար ավելի շատ հողատարածքներ չեն մշակվի, քանի որ բնակչության մեծամասնությունն ի վիճակի չէ նոր սերմացու ձեռք բերել:
Գյուղի 69-ամյա բնակիչ Վարդանյան Բուրաստանը նշում է, որ իր 1,5 տոննա կարտոֆիլի սերմացուն ցրտահարվել է: Նա ի վիճակի չէ այդքան սերմացու ձեռք բերել, ուստի ստիպված կլինի հողն անմշակ թողնել: «Ախր մեր ստացած բերքով սկի կատարած ծախսերը չենք հանում, բա որ պարտքով սերմ առնեմ, էն ժամանակ ի՞նչ պիտի անեմ, պարտքը ո՞նց պիտի փակեմ»,- պատճառաբանում է Բուրաստան Վարդանյանը:
Գյուղի մեկ այլ բնակիչ էլ հուսահատված նշեց. «Յոթ հոգանոց ընտանիքս իմ ու կնոջս թոշակով ա ապրում: Հիմա ալյուրը թանկացրին, կարտոշկեն ցուրտը տարել ա, բա ո՞նց ապրենք, պառկենք-մեռնե՞նք»: Ըստ գյուղի բնակիչների` մեծ խնդիր է նաեւ բերքի իրացումը: Եթե նույնիսկ ցածր գներով տեղում բերքը հանձնելու հնարավորություն լիներ, շատերը չէին հրաժարվի հողը մշակելուց:
Գեղհովիտցիները նաեւ դժգոհում են գործազրկությունից: Բնակիչները նշում են, որ արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքները դեռ մի կերպ գոյատեւում են, մնացածի վիճակն էլ պարզապես աննախանձելի է:
Գյուղապետի տեղակալ Վարուժան Սարգսյանը դժվարացավ կոնկրետ թիվ նշել, թե տարեկան գյուղից քանի մարդ է մեկնում արտագնա աշխատանքի: Մոտավոր հաշվարկներով, նրանց թիվը 500-ից ավելի է: Մոտ 200-250 հոգի էլ տեղում աշխատանք ունեն (գյուղապետարանում, դպրոցներում, մանկապարտեզում, Մարտունու տարբեր հիմնարկներում, գյուղապետի քարի հանքում): Մինչդեռ գյուղն ունի 2097 ընտանիք: Ստացվում է, որ շատ ընտանիքներ գոյատեւում են միայն սոցիալական ապահովության նպաստով կամ կենսաթոշակներով: Ահա այս է պատճառը, որ շատերը բողոքում էին, թե թանկացումների պատճառով ընտանիքին անգամ հացով ապահովել չեն կարողանա: Մինչդեռ գյուղապետարանում նշեցին, որ գյուղում ծայրահեղ աղքատ 4-5 ընտանիք կա միայն: