Ղարաբաղյան հարցում թեկնածուներն ունեն միասնական դիրքորոշում

04/04/2008

– Ո՞ր խնդիրներն են կազմում նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի հիմքը։

– Որպես կանոն, նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի միջուկը կազմում են այն խնդիրները, որոնք պայմանավորում են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ Անշուշտ, դրանց թվում են տնտեսությունը, սոցիալական ոլորտը, բնակչության նյութական բարեկեցության բարձրացումը, պայքարը կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ, բնակչության եկամուտների աճը, նավթային եկամուտների խելամիտ բաշխումը, ինչպես նաեւ տնտեսության նավթային սեկտորի զարգացումը։ Կարեւոր տեղ են զբաղեցնում հանրապետության տարածաշրջանային զարգացման հարցերը, նոր աշխատատեղերի բացումը, արդյունաբերության նոր օբյեկտների, ինչպես նաեւ բնակելի համալիրների կառուցումն այն ընտանիքների համար, որոնք փախստական են դարձել Հայաստանի կողմից մեր երկրի յոթ շրջանները գրավելու հետեւանքով։ Ըստ էության, սա հենց այն նախընտրական պլատֆորմն է, որով 2003 թվականի ընտրությունների ժամանակ հանդես եկավ նախագահ Իլհամ Ալիեւը։ Քիչ տեղ չեն զբաղեցնում նաեւ ժողովրդավարության զարգացման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման հարցերը։ Սրա հետ միասին, նախընտրական շրջանում նշանակալի ուշադրություն է հատկացվում արտաքին քաղաքական բնույթի հարցերին, այդ թվում՝ աշխարհի առաջատար, հարեւան երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններին։

– Ի՞նչ տեղ են սովորաբար գրավում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները նախընտրական ծրագրերում:

– Արտաքին քաղաքական բնույթի հարցերի մեջ Ղարաբաղյան կարգավորման խնդիրը թերեւս զբաղեցնում է գլխավոր տեղը: Եվ դա միանգամայն բնական է, քանի որ չկարգավորվածությունը, Հայաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ բանակցությունների անարդյունավետությունը հասարակության մեջ առաջ են բերում որոշակի լարվածություն եւ դառնում միջազգային կազմակերպությունների նկատմամբ բնակչության բացասական վերաբերմունքի պատճառ։

– Ղարաբաղի վերաբերյալ նախագահի թեկնածուների առաջարկներում կա՞ն տարբերություններ:

– Որպես կանոն, նախագահի թեկնածուների մոտ ղարաբաղյան խնդրի արդարացի կարգավորման, երկրի տարածքային ամբողջականության վերականգնման, փախստականներին իրենց մշտական բնակության վայրերը վերադարձնելու, Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ տրամադրելու հարցերում չեն լինում սկզբունքային տարբերություններ։ Այդ հարցի հետ կապված տարբերությունները կրում են ավելի մարտավարական բնույթ՝ վերաբերելով, օրինակ, բանակցությունների ձեւաչափի փոփոխմանն, ուրիշ երկրներին դրանց մասնակից դարձնելուն, խնդիրն ուրիշ միջազգային կազմակերպություններ տեղափոխելուն, ռազմական ուժի օգտագործմանը եւ այլն։ Դրա հետ մեկտեղ, որոշ թեկնածուներ չեն խորշում ամբոխահաճ կարգախոսներ ու կոչեր կիրառելուց. կոչեր, որոնք զուրկ են իրական հիմքից, հետապնդում են ընտրողների համակրանքը շահելու, նրանց իրենց կողմը գրավելու նպատակ։

– Կա՞, արդյոք, ընտրողների առջեւ կատարված խոստումների մասին հաշվետվություն տալու փորձ:

– Համաձայն ձեւավորված պրակտիկայի՝ իրականացված նախագծերի ու ծրագրերի, կատարված աշխատանքի մասին հաշվետվությամբ խորհրդարանի պատգամավորների առաջ, որպես կանոն, հանդես են գալիս նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներն, ինչպես նաեւ Ադրբեջանի կառավարության ղեկավարը։ Ինչ վերաբերում է պետության ղեկավարին, ապա նախընտրական պայքարի շրջանում տրված խոստումների կատարման մասին նա հաշիվ է տալիս տարբեր միջոցառումների ժամանակ երկրի հասարակայնության առաջ ունեցած ելույթներում, այդ թվում՝ հանրապետությունով շրջելիս։

Զրույցը` Զ. ՌԱՍՈՒԼԶԱԴԵԻ