Պետք չէ օգտագործել ինտելիգենցիային

02/04/2008

Նկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դուստրը, մեր թղթակցի հարցին, թե «Լինո՞ւմ են պահեր, երբ արտիստի ճակատագրի մեջ է ներխուժում երկրի ճակատագիրն ու փոխում նրան», պատասխանել է. «Բարեբախտաբար, ստեղծագործողի ճակատագիրը միշտ դուրս է կոնկրետ իրադարձություններից։ Հիշենք ֆրանսիացի հայտնի նկարիչ Սեզանին։ Երբ Ֆրանսիան պատերազմում էր, նա ոչ թե պատերազմ ու հերոսներ էր նկարում, այլ՝ …խնձորներ։ Եվ այսօրվա պատկերացումների համաձայն՝ հանրապետությունը նրան պետք է ժողովրդի թշնամի անվաներ։ Շատերն էին պատերազմի գնում, Ապոլիներն, օրինակ, զոհվեց մարտի դաշտում, շատ նկարիչներ ու պոետներ վիրավորվեցին, հոգեկան խորը տրավմաներ ստացան։ Իսկ Սեզանն իր խնձորներն էր նկարում։ Հիմա ասեք, խնդրեմ, ո՞վ ավելի մեծ բան արեց երկրի համար։ Համոզված եմ, որ Սեզանը։ Դա է իմ կրեդոն, որի մասին ես ցանկացած վայրում բարձրախոսով պատրաստ եմ գոռալ։ Նկարիչը պետք է իր «խնձորները» նկարի, իսկ քաղաքական գործիչը թող քաղաքականությամբ զբաղվի։ Իսկ երբ քաղաքական գործիչները սկսում են ինտելիգենցիային ուղղորդել ու օգտագործել, արդյունքում ազգը կոռումպացված ինտելիգենցիա է ստանում։ Գուցե ես հիմա ավելորդ բաներ եմ ասում, բայց ես գիտեմ, տեսել եմ մեր երկրում, թե ինչպես են մտավորականները դառնում կոռումպացված։ Դա շատ վատ երեւույթ է, պետք չէ այդ ճանապարհով գնալ։ Իրականում մտավորական ստեղծագործողները շատ քիչ են, եւ թող քաղաքական ամբիցիաների համար այդ շատ քիչ ստեղծագործողներին «ձեռք չտան»։