Ոչինչ չի բացառում

02/04/2008

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը երեկ հայտարարել է, թե իրենց կուսակցությունը «ռազմավարության եւ մարտավարության ճշգրտման» խնդիրներ ունի: Իսկ հարցին, թե այդ ճշգրտումը կարո՞ղ է հանգեցնել մանդատները վայր դնելուն, նա պատասխանել է. «Ես չեմ ուզում ոչինչ բացառել: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ պրոմասնակցային ուժ ենք: Մենք չենք համարում, որ բոյկոտը բերելու է շատ ավելի մեծ արդյունքների, քան որեւէ մասնակցություն: Բայց նաեւ չենք ուզում բացառած լինել որեւէ տարբերակ: Մենք հարկադրված ենք լինելու առաջիկայում միգուցե վարչության նիստ կամ հավաք ունենալ, որովհետեւ բավականին բարդ է 7 ընդդիմադիր պատգամավորով աշխատել ԱԺ-ում, որտեղ այլեւս բոլորը մեծամասնություն են»: Հարցին էլ, թե հնարավո՞ր է «Ժառանգությունն» ԱԺ-ում որեւէ պաշտոն ստանձնի, նա պատասխանել է, թե իրենք չեն ընդունի այնպիսի առաջարկ, երբ ցանկացած պահի կարող են հանել այդ պաշտոնից: «Ինչպես դա արեցին Արթուր Բաղդասարյանի հետ 2006թ.: Մեզ պետք չէ մասնակցությունը, որտեղ պաշտոնի պահպանումը կամ դրա չկորցնելը դառնա քո քաղաքական գործունեության զսպաշապիկ»,- նշել է նա: