Ագոյի խումբն առաջարկում է

02/04/2008

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի՝ Ագոյի խումբը, որը Երեւան էր ժամանել մարտի 29-ին, Հայաստանում ստեղծված իրավիճակը քաղաքական ճանապարհով հաղթահարելու համար ՀՀ իշխանություններին եւ ընդդիմությանը 6 կետից բաղկացած առաջարկներ է ներկայացրել: Դրանք երեկ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում հրապարակել է Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենը: Առաջարկների թվում են ընտրություններից հետո ձերբակալված քաղբանտարկյալների ազատ արձակումը, մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ անկողմնակալ «ազգային հետաքննության» անցկացումը: Ագոյի խումբն առանձնացրել է նաեւ «Ցույցեր, երթեր, ժողովներ եւ հավաքներ անցկացնելու» մասին օրենքում կատարված փոփոխությունները, որոնց կապակցությամբ, ըստ Սյորգենի, քննադատական գնահատականներ ունի Վենետիկի հանձնաժողովը: Եվ վերջապես, ԵԽ Նախարարների կոմիտեի մոնիտորինգի խումբը կոչ է անում Հայաստանի իշխանություններին եւ ընդդիմությանը` երկխոսություն ծավալել առանց նախապայմանների: