«Սերժ Սարգսյանը հայտնի է արեւմուտքում եւ հատկապես Վաշինգտոնում»

02/04/2008

Զեյնո Բարանը 2006թ. ապրիլից գլխավորում է Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտի Եվրասիական քաղաքականության կենտրոնը: 2003-2006 թթ. նա գլխավորել է Նիքսոնի Կենտրոնի միջազգային անվտանգության եւ էներգետիկ ծրագրերի բաժինը: 1999-2002 թթ. Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Կովկասյան նախագծի տնօրենն էր:

– Մեկնաբանելով մարտի 1-2-ի իրադարձությունները Երեւանում ադրբեջանական «Թրենդ» գործակալության համար, դուք տվեցիք իրավիճակի այսպիսի գնահատական. «հայ ժողովուրդը դեմ է Հայաստանի կառավարությանը»: Ո՞րն էր հիմքը նման գնահատականի համար: Չէ՞ որ բողոքում էին 20 տոկոսից քիչ ավելի ձայն հավաքած Լեւոն Տեր-Պետրոսյանի առավել ակտիվ կողմնակիցները:

– Այդ նախադասությունն օգտագործվել է համատեքստից դուրս: Ինձ հարցրեցին, արդյո՞ք ես «գունավոր հեղափոխության» սկիզբ եմ համարում Հայաստանում կատարվող դեպքերը, եւ ո՞վ է պատասխանատու դրա համար: Ինչպես հասկանում եմ, դա նշանակում էր. արդյո՞ք ես համարում եմ, որ որեւէ դրսի դերակատարներ ազդել են հայաստանյան իրադարձությունների վրա: Այդ պատճառով ես հայտարարել էի, որ բողոքել է Հայաստանի ժողովուրդը: Իհարկե, ես նկատի չունեի, որ բոլոր հայերը հանդես եկան կառավարության դեմ. միայն նրանք, ովքեր բողոքում էին:

– Դուք նաեւ հայտարարել էիք, որ «հայերի մեծամասնությունը հոգնել է Հայաստանի մեկուսացումից, նրանք ուզում են դառնալ ժողովրդավարական երկրների հանրության անդամներ, լավ հարաբերություններ ունենալով Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ»: Դուք գտնո՞ւմ եք, որ ընդդիմությունն ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի կարող է վերջ դնել այդ «մեկուսացմանը»:

– Ես չեմ ասում, որ մեկ առաջնորդը լավն է մյուսից. այդ որոշումը կայացնում են հայ ընտրողները: Սակայն, ես գտնում եմ, որ շատ հայեր կցանկանային, որ իրենց երկիրն ընդգրկվեր «ժողովրդավարական երկրների հանրության» մեջ, եւ միայն ընտրությունների անցկացումը դրա համար բավարար չէ:

– Վերջին ժամանակներս Հայաստանում կարծիք է տարածվել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վայելում է պաշտոնական Վաշինգտոնի աջակցությունը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

– Առաջին անգամ եմ լսում այդ մասին: Ես չեմ տեսել որեւէ նշաններ, կամ լսել որեւէ հայտարարություններ, որոնք կվկայեին այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես աջակցում է Լեւոն Տեր-Պետրոսյանին` ի վնաս պարոն Սարգսյանի: Վաշինգտոնը հարգում է ընտրությունների արդյունքները եւ, ինչպես այլ երկրներում, աշխատելու է այն մարդու հետ, որին հայերը կընտրեն իրենց երկրի նախագահ:

– Շատերը գտնում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է Հայաստանում բոլոր բացասական երեւույթների հիմնադիրը. ընտրությունների կեղծում, կոռուպցիա իշխանության վերին օղակներում, խոսքի լիարժեք ազատության բացակայություն, քաղաքական ընդդիմախոսների հետապնդում: Չե՞ք կարծում, որ ուղղակի կամ անուղղակի աջակցություն ցուցաբերելով նրան, Արեւմուտքը կամա թե ակամա վարկաբեկում է ժողովրդավարական արժեքների պաշտպանության գաղափարը:

– Կրկնվեմ, ես չեմ տեսել ուղղակի կամ անուղղակի աջակցություն Լեւոն Տեր-Պետրոսյանին: Արեւմուտքի իրավացի բացասական վերաբերմունքն ուղղված էր բռնության օգտագործման, ԶԼՄ-ների համար սահմանափակումներ մտցնելու եւ այլ գործողությունների դեմ, որոնք ձեռնարկվել էին գործող կառավարության կողմից: Ես համոզված եմ, որ Արեւմուտքի արձագանքն ուղղված էր Հայաստանի խաղաղ ժողովրդավարական հասունացման պաշտպանությանը եւ չպետք է դիտարկվի որպես գործողություններ կոնկրետ անձանց կողմ կամ դեմ:

– Մարտի 1-2-ի իրադարձություններից քիչ անց ամերիկյան փորձագիտական հանրությունը ներկայացնող ձեր գործընկեր, Ջորջթաունի համալսարանի Եվրասիական ռազմավարության նախագծի տնօրենի օգնական Քորի Վելթը հայտարարել էր. «ԱՄՆ-ը եւ եվրոպացիները պետք է դադարեն ձեւացնել, որ գոյություն ժողովրդավարական առաջընթացն ունի այնտեղ, որտեղ այն չկա: Ինչն է այդքան արտասովոր դարձնում հայկական դեպքը, ապա դա ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ցանկությունն է՝ գործեր ունենալ այնտեղ, որտեղ դրանք որպես այդպիսիք չկան. Հայաստանը անվտանգության կամ էներգիայի ոլորտում գործընկեր չի հանդիսանում Արեւմուտքի համար»: Կարելի է այս արտահայտությունը հասկանալ հետեւյալ կերպ. եթե ձեր անունն է Միխայիլ Սահակաշվիլի, ձեր երկրի տարածքով անցնում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը եւ 2000 ձեր զինծառայողներ ծառայություն են տանում Իրաքում, դուք կարող եք ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես ցանկանում եք, եւ դրա համար ձեզ ոչինչ լի լինի: Իսկ եթե ձեր անունն է Սերժ Սարգսյան, եւ դուք չեք ցանկանում առեւտրի առարկա դարձնել Լեռնային Ղարաբաղում ապրող 140 հազար հայերի ճակատագրերը` նավթի եւ գազի տարանցման դիմաց եկամուտների դիմաց, իսկ Իրաքում ծառայում են ընդամենը 50 ձեր զինծառայողներ, ապա դուք կարող եք ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես ցանկանում եք, սակայն մենք իրավունք ունենք պատժել ձեզ դրա համար:

– Լավ է, որ տվեցիք այս հարցը: Ինչպես երեւի հիշում եք, Արեւմուտքը շատ քննադատական հայտարարությամբ հանդես եկավ նոյեմբերի 5-ին Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, նախագահ Սահակաշվիլին ստիպված էր հրաժարական տալ եւ պայքարել վերընտրվելու համար: Վրաստանի կառավարության վրա բավականին ճնշում գործադրվեց «Իմեդի» ընդդիմադիր հեռուստաալիքի հեռարձակումը վերսկսելու համար: Կարող եմ բերել բազմաթիվ այլ օրինակներ:

Եթե նայենք Ադրբեջանին, որը նավթի եւ գազի աղբյուր է հանդիսանում, դուք կտեսնեք, որ Արեւմուտքը շատ կոշտ դիրքորոշում էր որդեգրել կառավարության նկատմամբ: Այնպես որ, ես այստեղ իսկապես որեւէ փոխադարձ կապ չեմ տեսնում:

Իհարկե, կարեւոր է այն փաստը, որ Վրաստանը մեծ քանակությամբ զինվորներ է տեղակայել Իրաքում, սակայն շատ ավելի կարեւոր է Եվրաատլանտյան դաշինքի մաս դառնալու այդ երկրի կառավարության եւ ընդդիմության ցանկությունը: Արեւմուտքը վճռականորեն աջակցում է այդ նպատակին, եւ հենց այդ պատճառով է Արեւմուտքն ավելի վճռականորեն տրամադրված Վրաստանում ներքին զարգացումների նկատմամբ, քանի որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորություն կստանա միայն ամուր ժողովրդավարության առկայության պայմաններում: Նոյեմբերի 5-ի իրադարձությունները եւ նախագահական ընտրություններին նախորդող իրադարձությունները կարող են վնաս հասցնել Բուխարեստի գագաթաժողովում ՆԱՏՕ-ին Անդամակցության գործողությունների ծրագիր (MAP) ստանալու Վրաստանի հնարավորություններին:

Ես հասկանում եմ ձեր հիասթափությունը: Համոզված եմ, դուք գիտեք, որ շատերը Վրաստանում եւ Ադրբեջանում նույնպես դժգոհում են երկակի ստանդարտներից, ասելով, որ Արեւմուտքն անարդարացիորեն դաժան էր իրենց ընտրությունների նկատմամբ` մյուս երկրներում ընտրությունների համեմատությամբ: Յուրաքանչյուր երկիր առանձին դեպք է եւ հավատարիմ է ժողովրդավարական զարգացման իր ուղուն: Քաղաքական գործիչներն Արեւմուտքում հասկանում են դա եւ փորձում են աջակցել այդ գործընթացին, բայց, իհարկե, ուղերձները եւ քաղաքականությունը, որոնք ճիշտ են թվում Վաշինգտոնում, ոչ միշտ կարող են ճիշտ մեկնաբանվել:

– Չե՞ք կարծում, որ անկյուն մղելով Հայաստանի նորընտիր նախագահին, Արեւմուտքը ռիսկի է դիմում վերջնականապես «կորցնել» Հայաստանը եւ ուժեղացնել նրա կախվածությունը Ռուսաստանից: Ձեզ չի՞ թվում, որ դա կնշանավորի Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքական դոկտրինի ավարտը, որի հիմնական սկզբունքը հետեւյալն է. «այս տարածաշրջանում մենք չենք խաղում մեծ տերությունների տարաձայնությունների վրա, այլ փորձում ենք հարթել դրանք»:

– Անկեղծ ասած, ես չեմ տեսնում այնպիսի դրսեւորումներ, որ «Արեւմուտքն անկյուն է մղում նորընտիր նախագահին»: Արեւմուտքն անում է այն, ինչ անում է միշտ. մտահոգություն է հայտնում, երբ դրա համար պատճառ կա, եւ բարեկամության ձեռք է մեկնում այն ժամանակ, երբ դա տեղին է: Պարոն Սարգսյանն Արեւմուտքում եւ հատկապես Վաշինգտոնում քաջ հայտնի առաջնորդ է: Նա հայտնի է որպես քաղաքական գործիչ, որն անկեղծորեն հավատում է Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությանը եւ կենսագործել է այն: Ես պատճառներ չեմ տեսնում, որոնք կստիպեին նրան փոխել այն: Այդպիսի քաղաքականությունը, բնականաբար, բխում է Հայաստանի ազգային շահերից:

– ՀՀ նորընտիր նախագահը կգլխավորի Հայաստանի պատվիրակությունը ապրիլի 2-4-ը Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինեն հիմնական շեշտադրումներն արեւմտյան առաջնորդների հետ նրա շփումների ժամանակ:

– Կարծում եմ, արեւմտյան առաջնորդները սպասում են նրա հետ հանդիպմանը: Նրանք, ովքեր արդեն գիտեն նրան, կհանդիպեն նրան արդեն նոր կարգավիճակով եւ կշարունակեն աշխատել Հայաստանի հետ առանցքային հարցերում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այն պայմաններում, երբ Վրաստանը եւ Ուկրաինան վճռականորեն պայքարում են ՆԱՏՕ-ին Անդամակցության գործողությունների ծրագրի համար, իսկ Ադրբեջանն ակնհայտ հետաքրքրություն է ցուցաբերել հնարավոր անդամակցության նկատմամբ, ՆԱՏՕ-ին հետաքրքիր կլինի պարոն Սարգսյանից իմանալ Հայաստանի երկարաժամկետ մտադրությունները:

– ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը կոշտացնում է իր դիրքորոշումը ոչ միայն Հայաստանի, այլեւ միջնորդների նկատմամբ: Բաքվից կոշտ քննադատություն է հնչում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հասցեին, որոնք դեմ քվեարկեցին բանաձեւի ընդունմանը: Ի՞նչ եք կարծում, Բաքուն իրո՞ք մտադիր է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխմանը, կամ միջնորդների մանդատի փոփոխությանը, թե՞ դրանք սոսկ մարտավարական քայլեր են:

– Կարծում եմ, որ բանաձեւը եւ դրա քննարկման ժամանակը պատասխան էին Կոսովոյի անկախության հռչակմանը եւ այն լայն աջակցությանը, որն այն ստացավ Արեւմուտքում: Բաքվին անհանգստացնում է այն, որ Կոսովոն կօգտագործվի որպես նախադեպ, եւ Վրաստանը կիսում է այդ անհանգստությունը:

Այսպիսով, այս բանաձեւը կարելի է դիտարկել որպես նման զարգացումը «սանձելու» փորձ: Ավելին, հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանն օգտագործում է Կոսովոյի նախադեպի հարցը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համատեքստում, ես կարծում եմ, որ Բաքուն (եւ Թբիլիսին) ցանկանում էին համոզվել նրանում, որ Կոսովոն դիտվելու է որպես եզակի դեպք, ինչպես նաեւ տեսնել, թե ինչպե՞ս կքվեարկեն ռուսները:

Բաքվի կտրուկ քննադատությունը Մինսկի խմբի համանախագահների եւ, մասնավորապես, ԱՄՆ-ի հասցեին, մարտավարական քայլ է Բաքվի դիրքորոշման աջակցությունն ամրապնդելու համար: Ադրբեջանում աճում են մտահոգություններն առ այն, որ Արեւմուտքն անարդարացիորեն է վերաբերվում իրեն` մահմեդական երկիր լինելու պատճառով: Ադրբեջանցիները տեսնում են, թե ինչպիսի վճռականությամբ են Միացյալ Նահանգները պաշտպանում Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ չեն տեսնում նման վերաբերմունք իրենց հանդեպ: Իհարկե, հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ամերիկյան կառավարությունը չի կարող ունենալ որեւէ այլ դիրքորոշում Ղարաբաղի հարցում: Ցավոք, շարքային ադրբեջանցիներին դժվար է հասկանալ կամ ընդունել այդ տարբերությունը: Շատ ադրբեջանցիներ զգում են, որ հանդիսանում են ԱՄՆ-ի կարեւոր դաշնակիցն էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի եւ այլ հարցերում, սակայն ի պատասխան՝ շատ բան չեն ստանում: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի կառավարությունը եւ հասարակության մեծ մասը հասկանում են ԱՄՆ-ի հետ գործընկերության կարեւորությունը եւ թույլ չեն տա, որպեսզի այդ բանաձեւը վնաս հասցնի Վաշինգտոնի հետ Բաքվի հարաբերություններին: