Երբ քո տանը նաեւ զբոսաշրջիկ ես

02/04/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

2003թ. Հայաստանում զբոսաշրջությունը հայտարարվեց որպես տնտեսության գերակա ճյուղ, եւ դրանից հետո մեր վիճակագիրներն այդ ոլորտում սկսեցին գրանցել տարեկան

20 տոկոսից ավելի աճ: Իսկ անցած տարի այդ աճը հասել է նույնիսկ մինչեւ 33,5 տոկոսի:

Այս տարիների ընթացքում բոլոր նորակառույց հյուրանոցները բացելիս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ոլորտի մյուս պատասխանատուները անթաքույց հրճվանքով հայտարարում էին, թե ահա Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը գնալով պետք է ավելանա, ամեն մի այցելու մեր երկրում մեծ փողեր կծախսի, դրանից մեր տնտեսությունը կաճի եւ այդպես շարունակ: Իսկ ովքե՞ր են այն զբոսաշրջիկները, որոնք ամեն տարի պետք է այցելեն Հայաստան ու գումարներ ծախսեն: Կամ՝ ինչի՞ համար են այդ զբոսաշրջիկներն այցելելու Հայաստան: Այս եւ նման կարգի այլ հարցերի պատասխանը տալու, ոլորտի պատկերը ներկայացնող թվաբանությունն ունենալու համար Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը, Ազգային վիճակագրական ծառայությունը, Զբոսաշրջության զարգացման գործակալությունը ամերիկյան CAPS ծրագրի ֆինանսավորմամբ 2006թ. սեպտեմբերից մինչեւ 2007թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում իրականացրել են զբոսաշրջային այցելությունների վիճակագրական հետազոտություն: Նշենք, որ նման հետազոտություն Հայաստանում առաջին անգամ է կատարվում: Ուսումնասիրությունն իրականացվել է օդանավակայաններում ու սահմանային անցակետերում 22 հազար 185 ժամանողների եւ 18 հազար 335 մեկնողների շրջանում: Ուսումնասիրությունների ամփոփ վիճակագրությունը երեկ ներկայացրեցին իրականացնող մարմինների ներկայացուցիչները:

Այսպիսով, հետազոտությունը պարզել է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների ամենամեծ խումբը՝ 18,6 տոկոսը գալիս է Վրաստանից, երկրորդ տեղում` 11,4 տոկոսով, Ռուսաստանից ժամանողներն են: Ընդհանուր առմամբ զբոսաշրջիկների կեսից ավելին այցելում են ԱՊՀ երկրներից, որոնց 44,8 տոկոսը Հայաստան է գալիս իր հարազատներին տեսնելու համար: Զբոսաշրջիկների ընդամենը 11,6 տոկոսն է Հայաստան ժամանում հանգստի ու ժամանցի համար: Այսինքն` մեր երկիր այցելողների ուղիղ կեսը մեր երկրից մշտական ու ժամանակավոր կամ մշտական բնակության նպատակով արտագաղթած մեր այն հայրենակիցներն են, ովքեր գալիս են իրենց բարեկամներին տեսնելու: Եվ Հայաստանում զբոսաշրջիկ համարվելու համար ամենեւին պարտադիր չէ լինել այլ երկրի քաղաքացի: Այսինքն` ճակատագրի հեգնանքով Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր իրենց երկրում համարվում են նաեւ զբոսաշրջիկներ: Գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցներից շատերն ապրում են արտագնա աշխատանքի մեկնած իրենց հարազատների ուղարկած գումարներով: Եվ ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնած Հայաստանի քաղաքացին երբ վերադառնում է իր ընտանիք, այդ ընթացքում դառնում է «զբոսաշրջիկ»: Վիճվարչության արտաքին առեւտրի բաժնի պետ Ալեքսանդր Պետրոսյանի խոսքերով՝ զբոսաշրջիկ համարելու համար շեշտը դրվում է ոչ թե այդ անձի քաղաքացիության, այլ նրա ռեզիդենտության՝ բնակության վայրի վրա:

Իսկ Վրաստանից եկած զբոսաշրջիկները Ջավախքից եկած ուսանողներն են, նրանց այցելող հարազատները, կամ էլ իրենց բարեկամների մոտ ու այլ նպատակով եկող վրացահայերը: Ավելին` զբոսաշրջիկ կոչվածների մեծ մասը Հայաստանում գտնվելու ժամանակ ապրում է իր հարազատների մոտ: Ընդամենը 10-12 տոկոսն է ապրում հյուրանոցներում: Այնպես որ, դասական առումով զբոսաշրջիկ՝ հյուրանոցում իջեւանած, ուսապարկով, լուսանկարչական ապարատով ու այլ ազգության այցելու մեր երկրում քիչ է պատահում: Դրանք մտնում են հանգստի ու ժամանցի համար մեր երկիր այցելողների 11,6 տոկոսի մեջ: Եվ իզուր չէ, որ զբոսաշրջիկների հաշվառումն իրականացնող մեթոդը ժամանակին անվանվեց բլեֆ: Իսկ որքա՞ն ժամանակ են մնում մեր երկիր այցելողներն ու որքա՞ն գումար են ծախսում: Նույն հետազոտությունը պարզել է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկները միջին հաշվով մեր երկրում անց են կացնում 19,6 օր եւ յուրաքանչյուր օր ծախսում են 36 դոլար: Դրան հակառակ՝ մեր այն հայրենակիցները, ովքեր որպես զբոսաշրջիկ մեկնում են այլ երկրներ, այնտեղ ծախսում են օրական 21,4 դոլար՝ 15 դոլարով պակաս, ինչը օրական կտրվածքով բավականին նկատելի գումար է: Հենց դրա համար էլ զբոսաշրջությունը Հայաստանում համարվում է բավականին թանկ հաճույք: Եվ հենց այդ պատճառով էլ մեր քաղաքացիները կատակում են, թե՝ «այդքան հարուստ չենք, որ մեր հանգիստը Հայաստանում կազմակերպենք»: Ի դեպ, հետազոտողները Հայաստան այցելողներից հետաքրքրվել են, թե ինչի՞ց են գոհ կամ դժգոհ: Հիմնական դժգոհությունը եղել է ծառայությունների բարձր գնից ու ճանապարհների ցածր որակից: Այսինքն` զբոսաշրջիկները մեր երկրում դժգոհում են այն ամենից, ինչից դժգոհում ենք նաեւ մենք: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ զբոսաշրջության առումով 135 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 89-րդ տեղը: Ավելի բարձր հորիզոնականներում են գտնվում մեր հարեւանները` Վրաստանն ու Ադրբեջանը: Պարոն Ապրեսյանը հետաքրքրվել ու պարզել է, որ այդքան ետ ընկնելու պատճառը դասակարգողները համարել են մարքեթինգը, մեր երկիրը վատ ներկայացնելը: Իսկ ծառայությունների թանկությունը, ցածր որակը եւ նման այլ բացասական երեւույթները պատճառ չե՞ն եղել, որ Հայաստանը ետին շարքերում է հայտնվել: «Իհարկե, եղել են, բայց դրանք ես լավ չեմ հիշում»,- ասաց պարոն Ապրեսյանը:

Մարտի 1-ի արյունալի իրադարձություններն ու դրան հետեւած արտակարգ դրությունը համալրել են այդ բացասական երեւույթների շարքը, եւ պատճառ են դարձել, որ զբոսաշրջիկների շատ խմբեր հրաժարվեն մեր երկիր այցելելուց: Այդ մասին օրեր առաջ հայտարարեց նույնիսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Զբոսաշրջության զարգացման գործակալության ներկայացուցիչ Սյուզան Ազատյանի տվյալներով, հիմնականում հրաժարվել են այն խմբերը, որոնք պետք է ժամանեին Գերմանիայից: Հայաստան այցելելու ռիսկը մեծացել է, եւ, Ս.Ազատյանի խոսքերով՝ տուրօպերատորներն իրենց հաճախորդներին առաջարկել են ավելի մեծ ռիսկի համար ապահովագրվել, ինչը մի քանի անգամ թանկացրել է տուրփաթեթի գինը, եւ զբոսաշրջիկները հրաժարվել են Հայաստան այցելելու ցանկությունից: Պարոն Ապրեսյանը չմանրամասնեց, թե այդ իրադարձությունները թվային արտահայտությամբ որքան վնաս են հասցրել Հայաստանի զբոսաշրջության ոլորտին, սակայն ասաց, թե իրենց ծրագրերը հեռանկարային են: Այնուամենայնիվ, սպասում են, որ այս տարի մեր երկիր կգա 600.000, իսկ 2030թ.՝ 3 մլն զբոսաշրջիկ: