Ինտերնետը շատ լավ բան ա

02/04/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մեր վերջին հրապարակումներում շատ ենք անդրադարձել այն թեմային, որ քաղաքական վերջին իրադարձությունները բացասաբար են ազդել եւ շարունակում են ազդել տնտեսության վրա։ Սակայն, մի քիչ մտածելու դեպքում, կարելի է գտնել նաեւ լավատեսական տարրեր։

Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Պետք չէ այս պնդումը միանգամից կապել ապրիլի 1-ի օրվա հետ՝ ընդունելով որպես կատակ կամ անմեղ սուտ։ Չէ, պարզապես ինտերնետով հետաքրքրվողների թիվը էապես մեծացել է։

Այսպես, փետրվարի 19-ից հետո շարունակվող միտինգներին մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ։ Երեկոյան նրանք գնում էին տուն, միացնում հեռուստացույցը եւ նայում որեւէ հայկական լրատվական ծրագիր։ Առաջին տպավորությունը սա էր՝ հայկական հեռուստաընկերությունների օպերատորները վախենում են բարձրությունից։ Դե, մի անգամ չեղավ, որ հանրահավաքի մասնակիցներին նկարեն գոնե 1 մետր բարձրությունից՝ ասենք հարթակի, կամ գոնե՝ նստարանի վրայից, որ անտեղյակ մարդն իմանա՝ մոտավորապես քանի մարդ կար հրապարակում։ Սա, իհարկե, կատակ էր, որովհետեւ իշխանական թեկնածուների հանրահավաքները լուսաբանելիս մեր օպերատորները պատրաստ էին անգամ պարաշյուտով թռնել եւ թռիչքի ժամանակ նկարել։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա, գոնե մեկ անգամ հանրահավաքին մասնակցած եւ երեկոյան մեր որեւէ հեռուստաալիքով լուրեր «ըմբոշխնած» մարդը բոլոր հիմքերն ունի չհավատալու հեռուստատեսությանն ընդհանրապես։

Օրինակ, հանրահավաքներից մեկի ժամանակ, երբ այնքան շատ մարդ կար, որ անգամ ոստիկաններն էին տարակուսանքի մեջ, տեսա հեռուստաընկերություններից մեկում աշխատող մի ծանոթ օպերատորի ու կեսկատակ-կեսլուրջ հարցրի՝ կարող է՞ էսօր նորմալ ցույց տաք՝ ինչքան մարդ կար։ Ի պատասխան՝ նա շա՜տ խորիմաստ ժպտաց, ինչը կարելի էր հասկանալ այսպես՝ «այ ախպեր, էս ինչ միամիտ հարցեր ես տալիս»։ Իսկ երեկոյան «Հայլուրը», որն՝ ըստ օրենքի, պետք է արտահայտի նաեւ այդ մարդկանց տեսակետն ու շահերը, քանի որ հանրային է, հերթական անգամ արհամարհեց նրանց։

Հիմա անցնենք բուն թեմային։ Ի՞նչ պետք է անի մարդը, ով քաղաքական անցուդարձի նկատմամբ անտարբեր չէ, հեռուստատեսային նորություններին չհավատալու լուրջ հիմքեր ունի եւ ցանկանում է ստանալ ինֆորմացիա, ուղղակի ինֆորմացիա։ Նա կա՛մ պետք է ինքը մասնակից լինի կատարվող գործընթացներին, կա՛մ ծանոթներին հարցնի, կա՛մ կարդա ոչ իշխանամետ թերթերն ու ինտերնետային լրատվամիջոցները։ Անդրադառնանք վերջինին՝ ինտերնետին։

Եվ այսպես, շատերը՝ մանավանդ այն մարդիկ, ովքեր աշխատանքի վայրում ինտերնետ ունեն, փետրվարի 19-ին հաջորդած ժամանակահատվածում սկսեցին ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնել էլեկտրոնային լրատվամիջոցներին։ Օրինակ, «lragir.am» ինտերնետային լրատվամիջոցն այժմ ունի օրական 25-45 հազար այցելու (իրենց տվյալներով)։ Օրվա մեջ 25-45 հազար տարբեր IP հասցեներից մուտք են գործում այս կայքէջ։ Ընթերցողների քանակն իրականում ավելի մեծ է, քանի որ նույն համակարգչով կարող են օգտվել մի քանի հոգի։ Ինչպես մեզ տեղեկացրին «lragir.am»-ից, ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում այդ թիվը շատ ավելի մեծ է եղել եւ մինչեւ մարտի 1-ը գնալով աճել է՝ հասնելով մինչեւ 80 հազարի։

Վառ օրինակ է նաեւ «Ա1+»-ի կայքէջը։ «Circle.am»-ի` հայկական ինտերնետ ռեսուրսների վարկանիշային համակարգի տվյալների համաձայն, «Ա1+»-ը մարտի մեկին ունեցել է ավելի քան 87 հազար այցելու, իսկ կայքէջը, ընդհանուր առմամբ, այդ օրը բացվել է մոտ 333 հազար անգամ։ Փաստորեն, տասնյակ հազարավոր մարդիկ ինֆորմացիա ստացել են այնպիսի լրատվամիջոցներից, որոնք ամենեւին «հայլուր-style» չեն։ Եթե այդ մարդկանց գումարենք նրանց գործընկերներին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին, ապա լսարանը կարող է համեմատվել հայկական միջին հեռուստաալիքի լսարանի հետ։

Հետո մտցվեց արտակարգ դրություն, եւ կայքէջերն արգելափակվեցին։ Ի՞նչ տեղի ունեցավ այդ ժամանակ։ Թեեւ, ըստ նախագահի հրամանագրի, ԶԼՄ-ները պաշտոնական տեղեկատվությունից բացի՝ այլ բան տարածելու իրավունք չունեին, սակայն հատկապես հեռուստաընկերություններով ինտենսիվ, միակողմանի ագրեսիվ քարոզչություն էր իրականացվում։ Նորմալ մարդու համար հայկական լուրեր նայելը նույն տանջանքն էր (եւ է), եթե մեր պատգամավորներից ոմանց ձեռքերն ու ոտքերը կապեն ու ստիպեն օրական մի քանի ժամ դասական երաժշտություն լսել։ Այդ օրերին արգելափակվեցին նաեւ ինտերնետային շատ կայքեր՝ «Ա1+», «lragir.am», «azatutyun.am», «armtoday.info» եւ այլն։ Հայաստանի տարածքում արգելափակվեց նաեւ հանրահայտ «Youtube» վիդեո-պորտալը, քանի որ այնտեղ կարելի էր գտնել իշխանություններին ոչ այնքան հաճելի տեսանյութեր։ Սակայն հենց այստեղ էր, որ մեր իշխանությունները սխալվեցին՝ մոռացան իրենց իսկ խոսքերը, որ տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարել են տնտեսության գերակա ուղղություն, որ՝ հայերն ունեն լավ մտավոր պոտենցիալ, վերջիվերջո՝ հնարամիտ են, եւ ամենակարեւորը՝ որ ապրում ենք 21-րդ դարում, ոչ թե Տիգրան Մեծի ժամանակներում։ Եվ սկսվեց ամենահետաքրքիրը՝ մեծահասակ մարդիկ, ովքեր ասում էին. «Է՜, էս կամպյուտրներից գլուխ չեմ հանում», ու ովքեր «կամպյուտրի» հետ շփումը թղթախաղ խաղալուց այն կողմ չէին պատկերացնում, դարձան գրեթե հակերներ։ Ստեղծվեցին մի քանի ընդհատակյա ինֆորմացիոն սայթեր։ Շատ արագ տարածվեցին նաեւ արգելափակված սայթերը՝ օրինակ «Ազատությունը», «Armtoday.info»-ն կամ «Youtube» շրջանցիկ ճանապարհներով՝ պրոքսի-սերվերներով բացելու եղանակները։ «Ոնց գրե՞մ։ Հա, դուբլ վե, ե, էդ ռուսերեն «ե»-ն ա, չէ՞… «ի», ի՞նչ «ի՞», «իգրե՞կ», թե՞ կետով «ի»… հետո՞։ Էնթերը սեղմե՞մ»։ Այ մոտավորապես այսպիսի խոսակցություններ էին շրջում քաղաքում, եւ ինտերնետից շա՜տ հեռու մարդիկ շրջանցիկ ճանապարհներով բացում էին սայթերը, ագահորեն կլանում ինֆորմացիան, փոխանցում մեկը մյուսին ու ասում՝ տերդ մեռնի, գիտություն։ Անգամ բակում «պպզող» ջահելները, ովքեր ինտերնետ մտնում են միայն ծանոթությունների կամ էրոտիկ բնույթի սայթեր այցելելու համար, հետաքրքրվում էին հավաստի ինֆորմացիայով։ Բարեբախտաբար, այդ ընթացքում Սեւ ծովում որեւէ ջրասուզակ կամ Վրաստանի գյուղերից մեկի հողամասում գործ անող մի գյուղացի «պատահաբար» չկտրեց Հայաստանն ինտերնետային ցանցին կապող մալուխը։ Եվ արդյունքում, Հայաստանն արձանագրեց իսկական ինտերնետային բում։ Փաստորեն, իշխանությունները՝ իրենց գործելաոճով, նկատելիորեն մեծացրին հետաքրքրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ, ինչը չի կարող դրական ազդեցություն չունենալ տնտեսության վրա՝ ապագա զարգացումների, կներեք արտահայտությանս համար, տեսլականում։

Ի դեպ, այս ամենը միայն համակարգչին չի վերաբերում։ Վերջին 1-2 ամիսների ընթացքում կտրուկ լավացել է նաեւ արբանյակային ալեհավաքներ ներմուծողների եւ տեղադրողների գործը։ Ամեն մարդ կարող է դրանում համոզվել՝ աչքի անցկացնելով իր շենքի տանիքը։ Անտենաների թիվն ավելացել է։ Մարդիկ նախընտրում են գումար ծախսել՝ խնայելով սեփական նյարդերը։ Հոգնել են «հայլուրներից», «երկուաստղերից», հիմար գովազդներից։ Արդեն կարելի է նայել «Եվրոնյուզ»՝ առանց վախենալու, որ հայաստանյան իրադարձություններին վերաբերող ռեպորտաժը կարող է ընդհատվել՝ Երեւանի շուկաներում սննդամթերքի գների մասին նյութով։ Կարելի է լսել «Ազատություն» ռադիոկայանը։ Կարելի է ֆուտբոլ նայել՝ առանց Սուրեն Բաղդասարյանի ձայնի։ Անգամ գովազդները կարելի է նայել, որովհետեւ նրանք «էլիտար ձիթապտուղների» մասին չեն։

Ճիշտ են ասում՝ չկա չարիք, առանց բարիքի։ Ափսոս, որ մեր դեպքում հավասարակշռությունը խախտված է՝ չարիքը շատ ավելի մեծ է։