«Մեծանամ՝ ծաղրածու եմ դառնալու, որ բոլորին ծիծաղացնեմ, ուրախացնեմ», – ասում է թշվառության մեջ ապրող 4-ամյա Կարենը

02/04/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Սառնության ու անտարբերության արտահայտությունները դաջվել են 30 տարեկան Ռուզաննայի դեմքի արտահայտությանն ու ոչ մի հարցադրում, ոչ մի անսպասելի երեւույթ այդ արտահայտությունն ի զորու չեն այլակերպել: Խոսում է աննկարագրելի հոգնած ու դանդաղկոտ, անգամ ամենացավոտ թեմայի մասին պատմում է առանձնակի անտարբերությամբ: Ռուզաննան իրեն այս աշխարհում ամենամիայնակ մարդն է համարում ու չի ցանկանում մարդկանց հետ շփվել, խոսել ու թեթեւանալ: Չորս անչափահաս երեխաների մայրը քաղցի մեջ ապրող երեխաների մասին պատմում է առանց զգացմունքային պոռթկումների, ասես ներքուստ հաստատում է այն հանգամանքը, որ ինքն արժանի է այս ճակատագրին: Մի քանի տարի մանկահասակ երեխաների հետ ավտոտնակում ապրած այս կինը ներկայումս բնակվում է Աէրացիայի թիվ 7 հանրակացարանի մի սոսկալի սենյակում, որտեղ բացի իրենցից՝ ապրում է նաեւ մեկ այլ ընտանիք: «Մենք գարաժում էլ չէինք կարում ապրեինք: Վաճառեցինք ու 450 դոլարով էս սենյակն առանք: Հետո պարզվեց, որ մեզ ծախողը էս սենյակը մեկ ուրիշին էլ ա ծախել: Հիմա մի սենյակում ապրում ենք ես՝ իմ 4 երեխեքով, ու մի ուրիշ ընտանիք` մայր ու տղա: Տղան հոգեկան հիվանդ ա, ու չեմ կարա նկարագրեմ, թե ո՞նց ենք ապրում, թե երեխեքս ո՞նց են հոգեկան հիվանդ մարդու հետ մնում»,- պատմում է նա` ավելացնելով, որ ամուսինն ընտանիքը լքել, հեռացել է Ռուսաստան: Հարցնում եմ` «2 տարի ավտոտնակում եք ապրել, հետո՝ էստեղ-էնտեղ, անտուն… Մեղք չե՞ն էս երեխեքը, որ չորս-չորս լույս աշխարհ եք բերել»: Ռուզաննան հայացքը թաքցնելով՝ ուսերն է թոթվում, կարծես հազար անգամ այդ հարցը հնչել է, ու չի ցանկանում պատասխանել: Ասում է` ամուսնացել է մի մարդու հետ, ով, հետագայում պարզվել է, տառապում է 2-րդ կարգի քրոնիկական ալկոհոլիզմ հիվանդությամբ, այնուհետեւ նրա մոտ հայտնաբերվել է շիզոֆրենիա հոգեկան հիվանդությունը: Ռուզաննան ուրախ է, որ երեխաների հայրը հեռացել է, որովհետեւ նա ամեն օր վիճաբանություններ ու ծեծկռտուք էր սարքում: «Վախենում էինք, շատ էինք վախենում: Ինձ ահավոր ծեծում, սատկացնում էր: Երեխեքը վախից դողում, կծկվում էին անկյուններում: Մի օր էս սենյակը պաժառ տվեց, երեխեքի շորերը վառեց, պիտի վառվեինք: Աստված չանի, որ նորից հետ գա, Աստված չանի…»,- պատմում է Ռուզաննան` վստահեցնելով, որ երեխաների հորը պարբերաբար տարել են Ոստիկանություն, որովհետեւ անընդհատ վտանգավոր միջադեպեր է սարքել: Չորս մանկահասակ երեխաներն ապրում են 24.000 դրամ ընտանեկան նպաստով, իսկ մեկ ամսական Արթուրն, արդեն մեկ շաբաթ է, կոկորդը պատռելով լաց է լինում, որովհետեւ մայրը չի կարողանում կերակրել: Ռուզաննան ուզում է երեխաներին մանկապարտեզ տալ, որպեսզի այնտեղ պատշաճ սնունդ ստանան, սակայն վարձավճարի պատճառով չեն ընդունում: Ասում է, որ երբեւէ ոչ մեկից օգնություն չի խնդրել, իսկ մեզ ահազանգողը եղել է հարեւանուհին, ով ուղղակի խղճացել է այս փոքրիկներին:

Տղան` Կարենն, իր ապրած չորս տարիների ընթացքում հասցրել է հասկանալ, որ հարբեցողությունը վատ բան է: Հասցրել է նաեւ սովին կոփվելու համար ուժ գտնել ու դիմանալ: Այս փոքրիկ տղան մեծ մարդու պես իր մանկական ձայնով պատմում է այնպիսի դառնությունների ու դաժանությունների մասին, որ կարելի է միայն ֆիլմերում տեսնել: Հարցնում եմ` «Իսկ ի՞նչ երազանք ունես»: Պատասխանում է` «Տաք ճաշ եմ սիրում, մենակ տաք ճաշի մասին եմ մտածում»: Կարենի աչքի տակ ուժգին հարվածից առաջացած սեւացած կապտուկ եմ նկատում, հարցնում եմ` «Աչքիդ ո՞վ է խփել»: Ձեռքը դնելով կապտուկին՝ ասում է` «Էդ մամաս ա խփել»: Ռուզաննան լարվում է, չի ցանկանում, որ տղան շատ խոսի: Ասում է` «Ճիշտ չի ասում, ընկել ա, սղարանի վրա ա ընկել»: Ապշած նայում եմ մեկ՝ տղային, մեկ՝ մորը: Տղան մանկական միամտությամբ վկայում է` «Մի անգամ էլ էս մի աչքիս ա խփել»: Ռուզաննային ասում եմ` «Ի՞նչ է, բարկությունից երեխեքի՞ն եք ծեծում»: «Չէ,- ասում է,- ընկել ա, ճիշտ չի ասում»: Կարենը ժպտալով ասում է` «Մեծանամ՝ ծաղրածու եմ դառնալու, որ բոլորին ծիծաղացնեմ, ուրախացնեմ: Մարտի 12-ին ծնունդս էր, ոչ մեկ չշնորհավորեց, տորթ չունեցանք, նվեր չստացա: Մեծանամ՝ ծնունդս նշելու եմ»: Հարցնում եմ` «Իսկ ծնունդիդ ի՞նչ նվեր կուզենայիր ստանալ»: Պատասխանում է` «Ինձ պետք չի նվեր, ես փող չունեմ, բայց կմեծանամ ինչ-որ պետք ա կառնեմ: Երեւի համատիրությունում կաշխատեմ»: Փոքրիկ տղան գրկում է եղբորը` Ռաֆայելին ու համբույրների տարափ է տեղում: Հետո նայելով մորն՝ ասում է` «Չնայած ինքը ինձ ծեծում ա, բայց մամայիս շատ եմ սիրում»: Հարցնում եմ` «Իսկ պապայիդ հիշո՞ւմ ես»: «Հա,- ասում է,- ալկաշ ա, չեմ սիրում իրան, կռիվ ա սարքում, մամային ծեծում ա, վախենում եմ իրանից»: Հարցնում եմ` «Կուզե՞ս պապադ վերադառնա»: «Չէ, ինքն ինձ պետք չի, կգա մամային կծեծի»: Հարցնում եմ` «Իսկ ինչպիսի՞ պապա կուզենայիր ունենալ»: Ասում է` «Ալկաշ պապա չէի ուզենա ունենալ»: Հարցնում եմ` «Իսկ ալկաշը ո՞րն ա, էդ ի՞նչ ա»: Պատասխանում է` «Էդ էն ա, որ հարբում ու ուրիշներին ծեծում են: Ես ու ախպերներս էլ վախից դողում ենք»: Ասում եմ` «Կարո՞ղ է դու էլ մեծանաս ու ալկաշ դառնաս»: Վրդովված պատասխանում է` «Ես նորմալ մարդ կդառնամ: Կամուսնանամ, 2 տղա կունենամ, շատ երեխա պետք չի, երկուսը հերիք ա, որ լավ պահեմ»:

Ռուզաննայի անշարժ դիրքն ու քարացած լռությունը վկայում է այս չորս երեխաների անորոշ ապագայի ու որբության մասին: Երկար ժամանակ մի կետի սեւեռած աչքերի սառնությունը վկայում է նրա հոգեկան անհավասարակշռության մասին: Կարենի աչքի տակի կապտուկին նայելիս՝ ակամայից դատավոր ես դառնում ու ուզում ես այս կնոջը խիստ դատել, բայց, երբ լսում ես նրա կյանքի դաժան պատմությունը, հասկանում ես, որ նրան խիստ դատողների պակաս չի եղել: Անկախ նրանից, թե այս չորս մանկահասակ երեխաներին ի՞նչ ծնողներ են լույս աշխարհ բերել` փաստն այն է, որ նրանք մեր մերձավորներն են, մեր ապագան ու ապագա զինվորները: