Երկսակագնային հաշվիչների «Հայոց հարցը»

13/05/2005

Բազմիցս անդրադարձել ենք 150.000 անապահով ընտանիքների համար
երկսակագնային հաշվիչներ ձեռք բերելու նպատակով ճապոնական բանկի կողմից
վարկի տրամադրման հարցին: Ապրիլի 26-ին կայացավ հանձնաժողովի հերթական
նիստը, որի ընթացքում խնդիրը կրկին լուծում չստացավ: Ժամանակին գրել էինք,
որ հանձնաժողովում կան չինական կողմի շահագրգիռ անձինք, որոնք լուրեր էին
տարածում, թե իբր նախագահ Ռոբերտ Քոչարյանը կողմ է, որպեսզի մրցույթը շահի
չինական «Սինոհիդրոն»-ը: Երբ պարզվեց, որ այս բլեֆը չի անցնում, նույն այդ
մարդիկ հիմա էլ տարածում են, որ այդ մութ պատմության ետեւում կանգնած է
վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Այս լուրը նրանք ուզում են հիմնավորել այն
փաստով, որ հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը միաժամանակ
Ավանի թաղապետի թեկնածու Տարոն Մարգարյանի (Անդրանիկ Մարգարյանի որդու)
շտաբի պետն է: Նշենք, որ ԱԺ Վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող
ժամանակավոր հանձնաժողովը, որի ղեկավարն է ԱԺ փոխխոսնակ Վահան
Հովհաննիսյանը, արդեն սկսել է այս հարցի ուսումնասիրությունը: Հուսանք, որ
գոնե այս հանձնաժողովն արդյունավետ կաշխատի, եւ մեր ժողովուրդը կկարողանա
վերջապես տնտեսել ամսական 3000-4000 դրամ: