ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ պաշտոնից ազատել է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետ Վ.Առաքելյանին: Ըստ Նախարարության Քրեակատարողական վարչության՝ Վ.Առաքելյանը թույլ է տվել կարգապահական խախտում, նրա նկատմամբ կիրառվել է տույժ՝ պաշտոնի իջեցում: Վ.Առաքելյանը, սակայն, ազատվելու դիմում է գրել, եւ աշխատանքից ընդհանրապես դուրս է եկել: Իսկ ընդհանրապես Գ.Դանիելյանը քրեակատարողական հիմնարկներում ռոտացիա է կատարել: «Դատապարտյալների հիվանդանոցի» պետ Ա. Աֆրիկյանը նշանակվել է «Նուբարաշենի» պետ: «Կոշ» ՔԿՀ պետ Տ. Նավասարդյանը նշանակվել է վերջինիս տեղում: «Էրեբունի» ՔԿՀ պետ Լ.Բաղդասարյանը նշանակվել է «Կոշի» պետի պաշտոնում: «Արթիկ» ՔԿՀ պետ Վ.Մարգարյանը նշանակվել է «Էրեբունի» ՔԿՀ պետ: Իսկ «Նուբարաշենի» պետի տեղակալ Ա. Գրիգորյանը նշանակվել է «Արթիկ» ՔԿՀ պետի պաշտոնում: