«Քաշաթաղը ռազմավարական միավոր է»

02/04/2008

«Քաշաթաղի շրջանն ամբողջ հայ ժողովրդի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող մի միավոր է,- ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-30-ը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր շրջկենտրոնում կայացած` շրջանի զարգացմանը նվիրված խորհրդաժողովին,- Պատահական չէ, որ մեր հակառակորդը մոտ 70 տարիների ընթացքում այս տարածքը դարձրել էր սեպ Հայաստանի եւ Արցախի միջեւ: 1992թ. մայիսից կտրականապես փոխվել է շրջանի դերը, եւ այդ ժամանակ ազատագրված մի նեղ հատվածը դարձել է իրոք «կյանքի ճանապարհ» արցախցիների համար: Գիտակցելով Քաշաթաղի թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական կարեւորությունը, նրա ապագայի համար ողջ պատասխանատվությունը, մենք բոլորս միասին պետք է ձեռնամուխ լինենք շրջանի զարգացման գործին, ստեղծենք կայուն ու մրցունակ տնտեսություն, բարձրացնենք բնակչության կենսամակարդակը, բարելավենք մարդկանց կենսապայմանները: Դա է այսօրվա հրամայականը, դա են պահանջում մեր ազգային անվտանգության շահերը»: Նա նաեւ ընդգծել է, որ ուժեղ, զարգացած ու վերաբնակեցված Քաշաթաղը կայուն նախադրյալներ կստեղծի նաեւ «ամրացնելու մեր դիրքերն ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, այնպես էլ ճակատային գծում` դարձնելով այն առավել պաշտպանված ու անվտանգ»: