Ճապոնիայի Սապպորո քաղաքի Բժշկական համալսարանի մի խումբ հետազոտողներ հայտարարել են, որ պատմության մեջ առաջին անգամ կարողացել են առողջ վիճակի վերադարձնել ցիռոզով ախտահարված լյարդը: Առնետների վրա կատարված գիտափորձերի ընթացքում օգտագործվել է նոր դեղի պատրաստուկ, որը մինչեւ տարեվերջ կսկսի կլինիկական փորձարկումներ անցնել ԱՄՆ-ում: «Նեյչուր բայոթեքնոլոջի» գիտական հանդեսի փոխանցմամբ` Սապպորոյի Բժշկական համալսարանում մշակված միջոցն արգելակում է կոլագենի չափից ավելի արտադրությունը, որն առաջացնում է լյարդի բջիջների ֆիբրոզ: Գիտափորձերի ընթացքում այս պատրաստուկը հինգ շաբաթում առողջ վիճակի է վերադարձնում ցիռոզով ախտահարված լյարդը: Ըստ որում` որեւիցե կողմնակի ազդեցություններ չեն նկատվել: