Անձնագրային վիզան վերացվել է

02/04/2008

Եվրամիության երկրների օդանավակայաններում կիրակի օրվանից վերացվել է անձնագրային ռեժիմը Շենգենյան գոտու երկրների համար: Խոսքը վերաբերում է ինչպես արեւմտաեվրոպական տերություններին, որոնք ավելի վաղ կազմում էին Եվրամիության հիմնական մասը, այնպես էլ այն 9 պետություններին, որոնք 2004թ. եվրոպական դաշինքին անդամակցեցին նոր պետությունների «տասնյակի» կազմում: Վերջիններն այժմ միացել են Շենգենյան համաձայնագրի երկրների տվյալների կենտրոնական պահոցին: Նրանց թվում են Մերձբալթիկայի երկրները, Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան, Սլովակիան եւ Սլովենիան, ինչպես նաեւ՝ Մալթան: Սակայն ցանկում բացակայում է Կիպրոսը, որը նույնպես 2004թ. անդամակցում է Եվրամիությանը: Կիրակի օրվանից գործողության մեջ է մտել «Բաց երկնքի մասին» համաձայնագիրը, որը նախատեսում է անդրատլանտյան թռիչքների շուկայի ազատականացում եւ զգալիորեն պարզեցրել է ավիահաղորդակցությունը Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ: Այսուհետեւ ԱՄՆ ավիաընկերություններն իրավունք են ստացել ձեռք բերելու Եվրոպայի օդային տրանսպորտի ընկերությունների բաժնետիրական կապիտալի մինչեւ 49 տոկոսը, իսկ վերջիններս, իրենց հերթին, ԱՄՆ ավիափոխադրողների արժեթղթերի փաթեթի մինչեւ 25 տոկոսը: «Բաց երկնքի մասին» համաձայնագիրը Եվրոպայի ավիաընկերություններին իրավունք է ընձեռել ԱՄՆ չվերթեր կատարելու ԵՄ ցանկացած երկրից: