«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից 2008թ. փետրվարին վերսկսվել են Իրան-Հայաստան գազամուղի` Քաջարան-Արարատ հատվածի շինարարական աշխատանքները: Ընկերության մամուլի քարտուղարի հավաստմամբ` այդ աշխատանքները դադարեցվել էին հունվարին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Շինարարությունն իրականացվում է Քաջարան-Սիսիան եւ Սիսիան-Ջերմուկ-Արարատ հատվածներում: Այս տարվա մարտի 1-ի դրությամբ կատարվել են 1647,4 կմ հարթակների, 96 կմ խրամուղիների եւ 35 կմ մոտեցման ճանապարհների կառուցման, ինչպես նաեւ՝ 74.8 կմ խողովակաշարի հավաքակցման աշխատանքներ:
Քաջարան-Ջերմուկ-Արարատ գազատարի հավաքակցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2008թ. աշնանը: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի եւ Չելյաբինսկի գործարանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն` արդեն Հայաստան է ներկրվել 1368 վագոն խողովակ` պահանջվելիք ողջ քանակը` 191.833 գ/մ կամ 27.714 տոննա: Քաջարան-Արարատ գազատարը, որը պետք է ունենա 204,51 կմ երկարություն, հնարավորություն կտա ընդլայնել Հայաստան մատակարարվող բնական գազի ռեսուրսային բազան այլընտրանքային աղբյուրի միջոցով: