Սիորան (1911-1995)

02/04/2008 Վարդան ֆերեշեթյան

Էմիլ Միշել Սիորանին (ռումիներեն` Չորան), ով ծնվել է կարպատյան Ռաշինարի գյուղում, Կաշիլոր գետի մերձակայքում, ուղղափառ քահանայի ընտանիքում, ճակատագիրը նետում է Սիբու, Գերմանատադտ եւ Նադաեբեն: Որոշ ժամանակ նա հայտնվում է Բուխարեստի համալսարանի քնատ լսարաններում եւ Թագավորական գրադարանում: Այնուհետեւ՝ ընկերությունը Էժեն Իոնեսկոյի եւ Միրչա Էլիադեի հետ, համեմված «կյանքի փիլիսոփայությամբ», բերգսոնականությամբ, մշակույթի քննադատությամբ եւ ազգային զարթոնքով: Բեռլինում եւ Մյունհենում Չորանը բուդդիզմ է ուսումնասիրում, որպեսզի հիտլերիզմով չվարակվի (որով, ի դեպ, մի շրջան ուժգնորեն վարակվել էր Միրչա Էլիադեն` Ռենե Գենոնի ավանդական առասպելաբանության եւ հնդկական տիեզերափիլիսոփայության քողի ներքո), Բրաշովում Շեքսպիր եւ Դոստոեւսկի էր կարդում: Փարիզում հեծանիվ էր նստում` Եվրոպայով մեկ շրջելու համար: Անցնում է ֆրանսերենի, եւ նրա գրքերը սկսում է տպագրել «Գալիմար» հրատարակչությունը: Սկզբում` Էմիլ Սիորան, իսկ այնուհետեւ` Սիորան: Չքավորության երկար ու ձիգ տարիներ է ապրում եւ 1995-ի հունիսի 20-ին մահանում է փարիզյան հիվանդանոցներից մեկում: «Հուսահատության բարձունքներում», «Ռումինիայի կերպարանափոխումը», «Գայթակղությունների գիրքը», «Արցունքներն ու սրբերը», «Մտքի մթնշաղը», «Տրակտատ հիմքերի քայքայման մասին», «Դառնության սիլլոգիզմները», «Գոյության գայթակղությունը», «Պատմություն եւ ուտոպիա», «Ժամանակի մեղանկումը», «Չար Դեմիուրգ», «Անհմուտ Արարիչ» եւ մի շարք այլ գրքերի, խոհագրությունների, օրագրերի եւ զրույցների հեղինակ Սիորանը ասես յուրակերպ երկրորդելով Ալբեր Քամյուին՝ մի տեղ գրում էր` «Նա, ով երբեք չի մտածել ինքնասպանության մասինգ մարդ չէ»:

Ըստ զարմանալի զուգադիպության, Սիորանը մանկության տարիներին ընկերություն է արել գերեզմանափորի հետ եւ մշտապես մտածել է մահվան մասին: Անընդհատ ոտքերի ցավ է ապրել ու համարյա միշտ հիվանդ է եղել: Նա անքնությունը վերածեց իմացության հուժկու զենքի: Սիրում էր ռուսական բայրոնիզմը, եւ հատկապես` Պեչորինին: Դոստոեւսկու հերոսներից ամենից բարձր գնահատում էր Ստավրոգինին: Հոռետես էր, եւ կարծում էր, որ աշխարհում չարը գերակշռում է: Իրական էր համարում լոկ տառապանքը: Կենաց հիմնական միտումներից մեկը կուռքերին հիմնահատակ ավերելն էր, այդ մոլուցքի մեջ երբեմն նմանվում է չան-բուդդիստ վանական-նահապետներին, եւ նրանց նման ինքնաձաղկման հակում ուներ. ապրում էր ձեղնահարկերում, ունեցվածք չուներ եւ դասական երաժշտության սիրահար էր: Երաժշտությունը նրա կիրքն էր, նրա միակ մխիթարանքը` Մոցարտը, Պալեստրինան, Կավալիերին, Հենդելը եւ, իհարկե, Բախը: Բախին նա ամենքից վեր էր դասում, եւ կարծում էր, որ առանց Բախի տիեզերքի արարումը լիովին անհաջող կլիներ, եւ գրում էր. «Առանց Բախի ես վերջացած նիհիլիստ կլինեի»:

Փիլիսոփաներից Սիորանի ամենասիրելի հեղինակներն էին Կիերկեգորը, Նիցշեն, Զիմմելը եւ Բերգսոնը, իսկ գրականության մեջ նրա աստվածությունն էր Դոստոեւսկին, իսկ Ռոզանովին համարում էր իր հոգեղբայրը:

2002 թվականին Սանկտ Պետերբուրգի «Սիմպոզիում» հրատարակչությունը լույս ընծայեց Սիորանի «Պատմության ավարտից հետո. Փիլիսոփայական էսսեիստիկա» գիրքը` Բորիս Դուբինի, Նատալյա Մավլեւիչի եւ Անաստասիա Ստարոստինայի թարգմանություններով, եւ Դուբինի առաջաբանով ու կենսագրականով, իսկ Մոսկվայի «Ռեսպուբլիկա, Պալիմպսեստ» հրատարակչությունը 2003 թվականին իր «20-րդ դարի մտածողներ» մատենաշարով լույս ընծայեց «Գայթակղություն գոյությամբ» գիրքը:

Մինչ այս գրքերը Սիորանի տեքստերը բազմիցս տպագրվել էին ռուսալեզու տարբեր ամսագրերում, հանդեսներում ու պարբերականներում:

Ի ուրախություն մեզ, պիտի ասենք, որ Երեւանում 2008 թվականին «Ինքնագիր» մատենաշարի առաջին գիրքը լինելով, տպագրվեց Սիորանի կարեւորագույն գրքերից մեկը` «Ծնված լինելու անհարմարության մասին»` Նունե Աբրահամյանի թարգմանությամբ, ով նաեւ Սիորանի մի քանի դեռեւս չհրատարակված գրքերի թարգմանիչն է, եւ Մարկ Նշանյանի սեղմ եւ կուռ առաջաբանով, որից ուզում եմ մեջբերել մի քանի խոսք.

«Ահավասիկ, հեղինակ մը, որ իր ամբողջ կյանքի ընթացքին չէ հոգնած զանազան առիթներով հավատքը առարկա եւ խնդրո առարկա դարձնելե, հավատալու իր անկարողությունը որպես նյութ ընծայելե, հավատացյալներու փաղանգին ամեն տեսակի աղեղ ու նետ արձակելե, եւ այդ ընելով` կուռքեր ջախջախողի համբավ շահելե: Իհարկե` դրական կամ ժխտական համբավ, կախում ունի, թե ով էր այդ մասին արտահայտվողը, բայց զարմանալիորեն կրնամ ըսել, ընդհանրապես դրական համբավ, հակառակ անոր, որ ինչպես գիտենք` հավատացյալներու այդ փաղանգը մարդկության (եւ կենթադրեմ, առաջին մեկ օրեն` Սիորանի ընթերցողներուն) մեծագույն տոկոսը կկազմեր ու կկազմե այսօր ավելի, քան երբեք: Խոսքը հոս արդյո՞ք կրոնական հավատքի մասին է: Եվ ուրեմն, ի հեճուկս ամենայնի, արդյո՞ք հետսապահի կռիվ մը չէ Սիորանին մղած կռիվը հավատքի դեմ»:

Ըստ Սյուզան Զոնտագի, Սիորանը պատկանում է սուբյեկտիվ փիլիսոփայության այն ճյուղին` հակահամակարգային, քնարական, աֆորիստիկ, հատվածական` որը նշանավոր է Կիերկեգորի, Նիցշեի, Վիտգենշտեյնի անուններով, իսկ մեր օրերում` Սիորանով:

Սիորանը սիրում էր բոլոր այն փիլիսոփաներին, ովքեր նաեւ հրաշալի գրողներ էին, եւ ինքն էլ դրանցից մեկն էր:

Ի դեպ, ասենք, որ գիրքն արդեն վաճառվում է գրախանութներում, եւ փոքր-ինչ պատկերացում տալու համար թարգմանական որակի եւ կուլտուրայի մասին, մեջբերեմ մի քանի հատված Նունե Աբրահամյանի թարգմանությունից.

– Անհնար է զգալ, թե կար մի ժամանակ, երբ գոյություն չունեիր: Այստեղից` մեր կապվածությունը դեպի այն մարդը, որն էինք ծնվելուց առաջ:

– Տագնապի ու խուճապի պահին ինչ հանկարծակի հանգստություն ես զգում, երբ մտածում ես այն սաղմի մասին, որ ինքդ ես եղել:

– Քարանձավների երկար գիշերներին անհամար Համլետներ պետք է որ անվերջ մենախոսած լինեն, քանի որ թույլատրված է ենթադրել, թե մետաֆիզիկական տանջանքի բարձրակետը շատ ավելի հին ծագում ունի, քան այն տիեզերական անհամությունը, որը հաջորդել է փիլիսոփայության հայտնությանը:

– Խոնարհ չէ նա, ով ատում է իրեն:

– Ես մարդկանց հետ լավ լեզու եմ գտնում միայն այն ժամանակ, երբ նրանք իրենք իրենց հատակն են իջել, եւ այլեւս ոչ ուժ, ոչ ցանկություն ունեն վերագտնելու իրենց սովորական արարքները:

Կա մի այսպիսի պատմություն, որով կուզենայի ավարտել Սիորանին նվիրված այս կցկտուր բանագնացությունը` Սիորանը մոտենում էր կղզու ժայռին, որպեսզի իրեն վար նետի (արագացնելու համար ժամանակի վիհանկումը): Հանկարծ մի շնիկ հաչեց, հետո նրա պոչից կպավ ու գնաց: Ապրելու գայթակղությունը: Եվ նա ապրեց: