Ազատազրկեցին

30/03/2008

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին վստահված անձ Հովհաննես Հարությունյանին դատապարտել է մեկ տարի 6 ամիս ազատազրկման` ապօրինի կերպով փամփուշտներ ձեռք բերելու եւ պահելու համար: Այդ մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Հ.Հարությունյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանը: Վերջինիս հավաստմամբ, սակայն, իր պաշտպանյալն այդ փամփուշտները գնել է իր օրինական «Սայգա» տիպի որսորդական հրացանի համար: «Պատժի նման խստությունը, երեւի, պայմանավորված է միայն Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ լինելու հանգամանքով»,- կարծիք է հայտնել Վ. Զուռնաչյանը` հավելելով, թե մեղադրող կողմը պնդում է, որ հայտնաբերված փամփուշտների մի մասը նախատեսված չէ «Սայգա» տիպի հրացանի համար: Փորձագետը եզրակացրել է, որ փամփուշտներն արտադրված են ավելի շուտ, քան արտադրվել է «Սայգան», ուստի նախատեսված չեն այդ տիպի հրացանի համար: «Սակայն դա չի նշանակում, որ արգելված է «Սայգա» հրացանով կրակել նման փամփուշտներով»,- պնդել է փաստաբանը` տեղեկացնելով, որ պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան: