Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի հավաստմամբ` ապրիլի 9-ին` ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողության օրը, Ազատության հրապարակում տեղի է ունենալու ծիսակարգային զորահանդես: Ըստ նրա` զորահանդեսին հրետանի, տանկեր եւ օդուժ չի լինելու, քանի որ դա արարողակարգային ռիտուալ է, որն ընդունված է նախագահների երդման արարողությունների համար: Այդ օրը նախագահին ողջունելու համար ներկայացվելու են ընդամենը 8 տարբեր զորատեսակներ: «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում Ս. Շահսուվարյանն ասել է, որ այդ օրը ՊՆ-ն միայն զորք է տրամադրելու, որի մոտ հնարավոր է «զենք լինի, բայց դատարկ»: Այսօրվանից սկսվելու են «զորահանդեսի» փորձերը, բայց դրանց ներկա գտնվելու համար, ըստ նրա` պետք է թույլտվություն ստանալ նախագահական նստավայրից. «Ամեն ինչ նախագահականն է կազմակերպում, մենք միայն զորք ենք տանելու»: