ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ Մոսկվայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ մարտի 1-ի դեպքերն էապես ազդել են ՀՀ հեղինակության վրա: «Անկասկած, մարտի 1-ի դեպքերի արդյունքում Հայաստանի իմիջը եւ աշխարհի ընկալումը էապես տուժել են: Եվ հստակ քայլեր են պետք իրավիճակը փոխելու համար»,- ասել է նա: «Իհարկե, մենք հիմնականում պետք է առաջնորդվենք մեր շահերով, մեր ժողովրդավարության նկատառումներով, մեր անվտանգության խնդիրներով, բայց, իհարկե, չի կարելի անտեսել այն, ինչ առաջարկվում է, եթե մենք ցանկանում ենք, որպեսզի միջազգային հանրության տեսանկյունից՝ այն, ինչ կորցրեցինք այս շաբաթների ընթացքում, շատ արագ վերադառնա»,- հավելել է նա: Հարցին, թե ինքը մնալո՞ւ է արդյոք նոր կառավարության կազմում, Վ. Օսկանյանը պատասխանել է. «Սպասենք վարչապետի նշանակմանը»: