ԱՄՆ-ը մտահոգված է

30/03/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի երեկվա ասուլիսի հիմնական միտքը, կարելի է ասել, հենց դա էր։

ԱՄՆ-ը մտահոգված է թե՛ Հայաստանի նախագահական ընտրությունների անցկացման բուն գործընթացի, թե՛ ձայների վերահաշվարկի, թե՛ մարտի 1-2-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների, թե՛ շարունակվող ձերբակալությունների եւ այս պահին արտահայտվող բացասական միտումների կապակցությամբ։ Իսկ այդ մտահոգություններն արտահայտվել են, մասնավորապես, ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ղեկավար, դեսպան Ջոն Դանիլովիչի նամակում, որը նա ուղղել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Դանիլովիչը վերջին իրադարձությունների հետ կապված ԱՄՆ-ի մտահոգությունն էր հայտնել եւ տեղեկացրել, որ ծրագիրը կարող է սառեցվել, եթե չլինի վերադարձ նախկին վիճակին։ Լրագրողներից մեկը Ջ. Փենինգտոնին խնդրեց մեկնաբանել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը՝ թե Հայաստանն իր ներքին ռեսուրսներով էլ կարող է ծրագիրն իրականացնել եւ ծրագիրը դադարեցնելու դեպքում խնդրել է նախօրոք տեղյակ պահել։ Պարոն Փենինգտոնը, սակայն, չցանկացավ ուղղակի մեկնաբանել Ռ. Քոչարյանի հայտարարությունը, փոխարենը նշեց. «Հազարամյակի ծրագիրն այնպիսին է, որ Նահանգներն ուզում է իրականացնել, եւ ակնկալում են, որ նորընտիր նախագահի գործողություններում կնկատվեն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ժողովրդավարական եւ ազատական չափորոշիչների բարելավման միտումները»։ Դիվանագետը հիշեցրեց, որ ծրագրի շարունակելիության հետ կապված ցուցանիշները՝ լավ կառավարում, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն, մինչ ընտրություններն էլ լավը չէին։ Իսկ վերջին 2 ամիսներին այդ մտահոգություններն ավելի են խորացել։ Սակայն «Հազարամյակի մարտահրավերները» կասեցնելու որոշում դեռ կայացված չէ: Փենինգտոնը շեշտեց, որ ԱՄՆ-ը նպատակ չունի դադարեցնել ծրագիրը, քանի որ այն ուղղված է մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Սակայն, եթե չլինի վերադարձ ժողովրդավարական ուղիով ընթացքին, ապա այն կսառեցվի կամ կդադարեցվի, չնայած դա չէ ԱՄՆ-ի նպատակը: Ըստ Փենինգտոնի, արդարացի կլինի, որ Հայաստանի նորընտիր նախագահին ու նրա վարչակազմին հնարավորություն տրվի շտկել իրավիճակը: Նա նշեց, որ իրենք Սերժ Սարգսյանից հավաստիացումներ են լսել, որ Հայաստանի իշխանությունը կգնա ժողովրդավարական ուղիով, եւ այդ հավաստիացումներն, ըստ դիվանագետի, հուսադրող են։ Իսկ որքա՞ն ժամանակ է ամերիկացիներին պետք՝ համոզվելու համար՝ այդ հավաստիացումներն իրականանո՞ւմ են, թե՞ ոչ։ Ջ. Փենինգտոնը, թեեւ ոչ ուղղակիորեն, նշեց այդ ժամկետը՝ ասելով, որ, օրինակ՝ ԱՄՆ-ում նորընտիր նախագահի քաղաքականության միտումները նկատելի են լինում նրա կառավարման 100 օրվա ընթացքում: «Չնայած 100 օրը դա մի կախարդական ժամկետ չէ, սակայն բավարար ժամանակ է միտումները նկատելու համար: Այն, ինչ դիտարկելու ենք, Հայաստանի նոր վարչակազմի սկզբնական փուլերում նկատվող միտումներն են»,- ասաց նա՝ նշելով, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է աշխատել ՀՀ նոր նախագահի եւ կառավարության հետ։ Ինչ վերաբերում է շրջանառվող վարկածին, թե Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններն այլ երկրների, այդ թվում` ԱՄՆ-ի աջակցությամբ «գունավոր հեղափոխություն» անցկացնելու փորձ էր, Ջ.Փենինգտոնն ասաց, որ ԱՄՆ-ը եւ մյուս երկրներն այդ գործընթացում որեւէ ներգրավվածություն չեն ունեցել։ «ԱՄՆ-ը եւ մյուս երկրները առանցքային դերակատարություն չեն ունենա նաեւ այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Դրանք ի հայտ են եկել Հայաստանում եւ պետք է հարթվեն հենց Հայաստանում»,- հայտարարեց դիվանագետը։ Մարտի 1-ի իրադարձությունների քննության գործում ԱՄՆ հատուկ ծառայությունների ներգրավման հնարավորության մասին հարցին հավատարմատարը պատասխանեց, որ նման դիմում չի եղել եւ չի էլ ակնկալվում: Նա նկատեց, որ այդ օրը տեղի են ունեցել նաեւ բռնություններ, գողություն, եւ այդ մարդիկ պետք է պատասխան տան իրենց արածի համար՝ ովքեր էլ որ լինեն: Այլ հարց է, երբ մարդկանց բռնում են քաղաքական հայացքներ արտահայտելու համար, եւ, Փենինգտոնի կարծիքով, պետք է հստակ անցկացվի այն սահմանը, որը թույլ կտա տարբերակել այդ երկու խմբի մարդկանց:

Ասուլիսի ընթացքում արծարծվեց նաեւ ԱՄՆ ղեկավարության կողմից ՀՀ նորընտիր նախագահին շնորհավորելու հարցը, ինչին ի պատասխան, Ջ. Փենինգտոնը նշեց, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը հայ ժողովրդին շնորհավորել է իրական մրցակցային ընտրությունների անցկացման կապակցությամբ, իսկ շնորհավորելու կապակցությամբ, նա չկարողացավ ասել՝ ինչ որոշում կկայացվի: ԱՄՆ դեսպանությունը ստացել է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության մասնակցության հրավերը, սակայն ԱՄՆ կառավարությունը դեռեւս չի հստակեցրել` ով պետք է մասնակցի: Անորոշ մնաց նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հարցը։ Դիվանագետը նշեց, որ Սպիտակ տունը դեռեւս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածություն չի առաջադրել: Լրագրողները Ջ. Փենինգտոնին հարց ուղղեցին նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ ԼՂՀ հարցով վերջերս ընդունված բանաձեւի հետ կապված։ Մասնավորապես, ինչպե՞ս է ԱՄՆ-ը վերաբերվում այն հարցին, որ Ադրբեջանը հարցը ԵԱՀԿ-ից տեղափոխում է ՄԱԿ։ Դիվանագետը նշեց, որ ինքը չի խուսափում հարցին պատասխանելուց, սակայն խնդրի մասին հանգամանորեն կխոսի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, որը շուտով կայցելի Հայաստան: «Մինսկի խումբը միակ ձեւաչափն է, որը հասցնելու է ԼՂՀ հակամարտության լուծմանը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Մեթյու Բրայզան անդրադարձել էր նաեւ Հազարամյակի մարտահրավերներին՝ նշելով, որ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության սառեցման անհրաժեշտությունը կարող է վերանալ։ Նա նշել էր, որ ԱՄՆ-ի վերջնական որոշումը կախված է նրանից՝ ինչ աստիճանով կվերականգնվեն Հայաստանում ժողովրդավարական ազատությունները։ Նրա հայտարարությանը հաջորդած 3-4 օրերի ընթացքում Հյուսիսային պողոտայից ոստիկանները տասնյակ մարդկանց են բերման ենթարկել։ Այսինքն՝ ծրագիրը կախված է նրանից, թե այդ գործելաոճը ԱՄՆ-ը ինչպես կգնահատի՝ ժողովրդավարական ազատությունների վերականգնո՞ւմ, թե՞ դեգրադացիա։