Ապրիլի 15-ին, երբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ժամը 16.00-ին պետք է
«Ճարտարագիտական կրթության եւ գիտության արդի խնդիրները Հայաստանի
տնտեսական զարգացման համատեքստում» թեմայով զեկույցով հանդես գար
Ճարտարագիտական համալսարանի Գիտական խորհրդում, Քնարիկ Բաբելյանն այդ օրը
սոված անցկացրեց: Տիկին Քնարիկը Ճարտարագիտականի 1-ին մասնաշենքի մուտքի
հսկիչն է: Նրան հանձնարարված էր հսկել նաեւ բակը, որ ոչ մի մեքենա չկանգնի
մուտքի մոտ: Վաղ առավոտից տիկին Քնարիկը վազվզել էր բակ մտնող մեքենաների
հետեւից ու ժամանակ չէր ունեցել հաց ուտելու, իսկ նա հիվանդ է դիաբետով:
Տիկին Քնարիկն արդեն 10 տարի 10.000 դրամով այստեղ է աշխատում: Վարչապետի
ժամանման պահին էլ նա խիստ հուզվել էր, որովհետեւ չէր կողմնորոշվում՝ ինչ
պետք է անի. մոտենա բարեւի՞, թե՞ ոնց… Տիկին Քնարիկը եւս մեկ ժամ էլ
սոված մնաց վարչապետի ժամանումից հետո: Իսկ այդ ընթացքում վարչապետը
հասցրեց սուր քննադատության ենթարկել մեր կրթության եւ գիտության ոլորտը:
Մասնավորապես, վարչապետին դուր չի գալիս, որ մեր աղջիկները «դիպլոմ
ստանում են օժիտի, իսկ տղաները՝ բանակ չգնալու համար»: Սակայն վարչապետը,
որ թեեւ շեշտեց, որ կրթության եւ գիտության ոլորտների բարեփոխումը
կառավարության առաջնահերթ խնդիրն է, այդպես էլ չմանրամասնեց՝
կառավարությունն ի՞նչ այլընտրանք է առաջարկում, օրինակ, այդ նույն
աղջիկներին կամ տղաներին, եւ կամ այդ նույն աղջիկների ու տղաների
բարձրագույն կրթության դիպլոմ չունենալն ինչո՞վ է նպաստելու այս ոլորտների
զարգացմանը: Իր պաշտոնավարման 5-րդ տարում վարչապետը որոշել է նաեւ
«պաշտպանել օրենքի տառը». այդ գործընթացի սկիզբը նա կդնի 7 բուհերի եւ ԳԱԱ
27 ինստիտուտների 65-ամյակը տոնած ռեկտորներին ու տնօրեններին պաշտոնանկ
անելով: Վարչապետին սկսել է անհանգստացնել նաեւ այն խնդիրը, որ ԳԱԱ
ինստիտուտները հսկայական ֆինանսական միջոցներ են վատնում, եւ՝
անարդյունավետ: Վարչապետը շոշափեց նաեւ այդ ինստիտուտների օպտիմալացման
խնդիրը: Վարչապետը կարեւորեց նաեւ գիտական համակարգը երիտասարդ կադրերով
համալրելու խնդիրը: Նա մեղադրանքներ շռայլեց. «Երիտասարդներ չեն գալիս
գիտություն: Նրանց ճանապարհը հազարավոր ձեւերով փակում են ու ասում՝ առաջ
գնացեք, ո՞ւր գնան»: Ինչպես-ի եւ ուր-ի մասին էլ խոսք չեղավ:
Վարչապետի պատկերացումները գիտության եւ կրթության ոլորտի զարգացման մասին
այսքանով սահմանափակվեցին: Կարելի է ենթադրել, որ մեր այդ ոլորտներն այս
մի քանի դիտողությունները շտկելով բուռն ծաղկում են ապրելու:
Այդուհանդերձ, ՀՊՃՀ ռեկտորատը որոշեց «ՀՊՃՀ Ոսկե հուշամեդալ» շնորհել
վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ ի նշանավորումն իր մեծ եւ բազմակողմանի
ավանդի՝ Համալսարանի զարգացման ծրագրերում:
Սեփ. լր.