ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «ԼՂՀ ապագա կարգավիճակի սահմանումը հիմնական հակասությունն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում»: «Բանակցային գործընթացում դիտվող հիմնական տարաձայնությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցին: Կարգավիճակի հարցը Ադրբեջանում չեն սիրում, եւ դա հասկանալի է»,- հավելել է նա երեկ Բաքվի APA-ի հրապարակած հարցազրույցում: «Միեւնույն ժամանակ Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի հետ բանակցություններում քննարկում է ԼՂ-ի ճակատագիրը: Դա նշանակում է, որ Ադրբեջանը ներգրավված է տվյալ տարածքի ապագա կարգավիճակի քննարկման գործընթացում: Սակայն Բաքուն չի ցանկանում զիջումների գնալ ԼՂ-ի ապագա կարգավիճակի հարցում: Բանն էլ դրանում է»,- ասել է նա՝ հավելելով, որ «եթե պաշտոնական Բաքուն չի ցանկանում բանակցություններ վարել այդ կետի շուրջ, ապա այդ դեպքում ընդհանուր առմամբ բանակցություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն նաեւ ասել է, որ Ադրբեջանում փորձեր են ձեռնարկվում փչացնելու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: «Ես իրապես չեմ կարողանում հասկանալ, թե ով է կանգնած այդ փորձերի հետեւում: Կարող եմ ասել, որ աշխարհի այդ տարածաշրջանում ամերիկա-ադրբեջանական բարեկամությունն ու համագործակցությունը հաջողված օրինակներից մեկն է»,- ասել է նա, հավելելով, որ «Ադրբեջանում այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե մենք չկարողացանք հանձնել այդ քննությունը»: «Սակայն չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են ոմանք այդպես մտածում: Եթե Ադրբեջանը, հակառակ մեր դիրքորոշման, որոշում ընդունեց բանաձեւը քննարկման դնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ապա դա պաշտոնական Բաքվի գործն է, եւ մենք հարգում ենք ձեր դիրքորոշումը»,- ասել է Բրայզան: «Մեր կարծիքով՝ այդ բանաձեւը միակողմանի է, եւ մենք այլ ընտրություն չունեինք, քան «ոչ» ասել այդ փաստաթղթին, որի հիմնարար սկզբունքները արտացոլում էին միայն Ադրբեջանի շահերը: Եթե փաստաթղթում ներառվեին մեր լրացումները, ապա քվեարկության ընթացքում մենք կքվեարկեինք «կողմ» կամ ձեռնպահ կմնայինք»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: