ՏԻՄ ընտրություններ

30/03/2008

Մարտի 20-ին ՀՀ կառավարության նիստում հավանություն էր տրվել «Տեղական ինքնակառավարման մասին» (ՏԻՄ) օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որն առաջիկայում կներկայացվի ԱԺ: Օրենքի 84-րդ հոդվածը լրացվել է նոր կետով, ըստ որի՝ մինչեւ ՀՀ սահմանադրության 108-րդ հոդվածով սահմանված` Երեւանում ՏԻՄ ձեւավորման առանձնահատկությունների մասին համապատասխան օրենքի ընդունումը եւ Երեւանի ՏԻՄ ձեւավորումը, Երեւանի թաղային համայնքների ավագանիները եւ ղեկավարները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը: Սակայն երեկ ԿԸՀ կայքէջից տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետի 18.02.08թ. թիվ 677-Ա որոշմամբ Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա եւ Նորք-Մարաշ համայնքներում 2008թ. մայիսի 18-ին անցկացվելու են համայնքի ղեկավարների ընտրություններ: Որոշ թաղապետեր արդեն բանավոր տեղեկացվել են այս մասին: Հիշեցնենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Երեւանի մասին օրենքը, ըստ որի` ապագա քաղաքապետն ընտրվում է Երեւանի ավագանու կողմից: Այսինքն` սկզբում պետք է տեղի ունենան 65 հոգուց բաղկացած Երեւանի ավագանու ընտրությունները, որից քաղաքապետ պետք է ընտրվի այն թեկնածուն, որը կստանա ավագանու անդամների ձայների մեծամասնությունը: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու առաջին ընտրությունների անցկացման օրը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ։ Այն պետք է անցկացվեր ոչ շուտ, քան 2008թ. հուլիսի 8-ը, եւ ոչ ուշ, քան 2009թ. հունվարի 1-ը, սակայն, օրերս կարծես թե, այդ ընտրությունների օրը տեղափոխվել է 2009թ. աշուն: