Մահ կամ իշխանություն

30/03/2008 Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

1999թ. որոշում էի կայացրել այլեւս չաջակցել որեւէ քաղաքական (կուսակցական) ուժի: Սակայն 2003թ. ընտրություններին եւ 2004թ. հայտնի դեպքերի ժամանակ, իմ կարծիքով, եղել եմ արդարության կողմը՝ ընդդեմ իշխանությունների կամայականությունների: Ինչո՞վ էին տարբերվում 2007թ. մեկնարկած 2008թ. ընտրությունները 1995թ. սկիզբ առած «հայկական» ընտրություններից:

1995թ. արդեն պարզ էր իշխանության չգրված կարգախոսը` «Մահ կամ իշխանություն»: Եվ չնայած ամեն հերթական ընտրություններից առաջ իշխանությունները խոստանում են անցկացնել ազատ, արդար եւ այլն ընտրություններ, ընդդիմությունը խոստումներ է տալիս ժողովրդին, թե տեր են կանգնելու ձայներին, արդյունքում` իշխանության կողմից հերթական բռնությունները, ահաբեկումները եւ հասարակության խորը հիասթափությունն ու անհուսության զգացումը:

Երբ 2007թ. սկսվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման մասին քննարկումները, հասարակության մեջ առաջացավ մի կողմից՝ հետաքրքրություն, մյուս կողմից՝ տագնապի զգացում: Երբ հին ընկերներիցս մեկն ինձ փորձում էր համոզել (ինչպես համոզեցին շատերին) թեկուզ կողմնակի (իրավապաշտպանական ֆորումների միջոցով) պաշտպանել Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ես մի քանի հարցեր բարձրացրի` հիմնականում 1995-96թթ. ընտրությունների, Վազգեն Սարգսյանի (երկրապահների հետ համատեղ) եւ Վանո Սիրադեղյանի կամայականությունների, 90-ական թթ. սպանությունների պատասխանատվության մասին: Երկար բանավիճելուց հետո զրուցակիցս ինձ ասաց՝ «դու քաղաքական գործիչ չես, ամեն ինչ դիտարկում ես բարոյական հարթության վրա»: Ինչեւէ:

Ինքս հետաքրքրությունից դրդված՝ մասնակցեցի Լ. Տեր-Պետրոսյանի առաջին հանրահավաքին, հեռավոր հույս ունենալով, որ այս 10 տարիների ընթացքում նա «փիքր է արել աշխարհքի բանը» եւ իսկապես «իմաստավորել» է անցյալը: Սակայն ոչ այդ, ոչ մյուս հանրահավաքներին, բացի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բերելուց (քանի որ իրեն Վազգեն Սարգսյանի հետ համատեղ գահընկեց էին արել), այլ զղջում նրա կողմից չլսեցի եւ չկարդացի:

Շատերի հետ, որոնք լինելով կամ դառնալով Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցները (նաեւ իմ մոտ ընկերներից եւ ծանոթներից), վիճելուց՝ նրանց փոխարեն բարձրացնում էի հետեւյալ հարցերը.

– Ես դեմ եմ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի իշխանությանը, որովհետեւ՝

– Փակվեցին «Նոյյան տապան» եւ «Ա1+» հեռուստաընկերությունները:

– Կեղծվեց 2005թ. սահմանադրական հանրաքվեն:

– Կեղծվեցին 1998, 2003թթ. ընտրությունները:

– Սպանվեցին Հ. Խաչատրյանը, Պ. Պողոսյանը, Կ. Դեմիրճյանը, Վ. Սարգսյանը եւ այլք:

– Ոստիկանական բաժանմունքներում ծեծվում եւ խոշտանգվում են մարդիկ, այդ թվում՝ քաղբանտարկյալներ:

– Բայց ես կողմ եմ Լ. Տեր-Պետրոսյանին, չնայած՝

. Փակվել են «Երկիր», «Ազատամարտ», «Ուրբաթ» թերթերը, հրկիզվել է «Գոլոսի» խմբագրությունը, Հ1-ով հեռարձակվում էին քաղաքական «Փասիանսը», «Ժամանակաչափը»:

– Կեղծվեց 1995թ. հանրաքվեն:

– Կեղծվեցին 1995, 1996թթ. ընտրությունները:

. Սպանվեցին Սուքիասյանը, Ղանդիլյանը, Յուզբաշյանը, Վ. Պետրոսյանը, Հ. Գալստյանը եւ ուրիշներ:

Երկու կողմի ցուցակն էլ կարելի է շարունակել:

Ասում են՝ մոռանանք 1995-96թթ.: Այդ դեպքում մոռանանք 1915, 1937, 1999թթ. նույնպես:

Նաեւ ասում են՝ նա փոխված կլինի: Կարծես նման լինեն այն սիրուհուն, որը ծածուկ հույսեր է կապում, որ սիրեկանը կբաժանվի կնոջից եւ իր հետ կամուսնանա, չնայած սիրեկանը նույնիսկ այդպիսի խոստում չի տվել:

Լ. Տեր-Պետրոսյանի ընտրարշավն էականորեն տարբերվում էր մինչ այս եղած ընտրարշավներից:

Նախ՝ լրատվամիջոցների մասին:

Այն, որ հեռուստառադիոընկերությունները եւ թերթերի զգալի մասը վերահսկվում են իշխանությունների կողմից եւ հանդիսանում են նրանց միակողմանի քարոզչական միջոցները, հայտնի է: Բայց այս անգամ իրենց անկախ համարող մի շարք լրատվամիջոցներ նույնպես դարձան այս անգամ Լ. Տեր-Պետրոսյանի քարոզամիջոցները, իսկ նրանց խմբագիրների մեծ մասն ուղղակի քարոզչական խմբի անդամներ էին: Վերացավ առանց այն էլ մասնակի՝ օբյեկտիվ լրատվամիջոց հասկացությունը: Եվ սուտը հեղեղվում էր երկու կողմից: Ընտրությունների օրը իշխանության կողմից պատվիրված «Exit Poll»-ը հաղորդում է, որ Սերժ Սարգսյանը հաղթել է 58 %-ով, ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկը հաղորդում է, որ Լ. Տեր-Պետրոսյանը նախնական արդյունքով արդեն հաղթել է: «Ընդդիմության» լրատվամիջոցը Թալինի դեպքով գրում է, որ Սաքոյին ծեծել է հարազատ որդին (եթե նույնիսկ ճիշտ է, դա ինչ հիանալու հարց է):

Սակայն կային նաեւ ինչ-որ իմաստով հուսադրող քայլեր, այն է` հանդիպումներ ՕԵԿ, ՀՅԴ, ԱՄ, ԱԺՄ ղեկավարների հետ, կարծես փոխադարձ պայմանավորվածություններ իրար դեմ, ինչպես ընդունված է ասել, սեւ PR չանելու մասին։

Սակայն Լ. Տեր-Պետրոսյանի նպատակն ընդդիմության մեջ առաջին տեղը վերցնելու նպատակն էր, որն էլ բարոյական իրավունք էր տալու՝ ավանդաբար սպասվելիք կեղծիքների դեմ պայքարելու համար:

Հասկանալով, որ իշխանության ձայները «վերցնելը» քիչ հավանական է, հարկավոր է տիրանալ ընդդիմության ձայներին: Կարեւորը 2-րդ տեղ գրավելն էր` անկախ հավաքած տոկոսներից եւ ՍԴ-ի որոշումից, որովհետեւ հաջորդ քայլը «արդարության» քողի տակ ցանկացած ձեւով իշխանության զավթումն էր լինելու:

Եվ գործի դրվեց «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքը:

Նախ՝ ի դեմս իշխանությունների եւ ղարաբաղցիների (ինչպես ասում էին՝ ալբանացիների), ստեղծվեց թշնամու կերպար:

Այն թեկնածուները, ովքեր «հանդգնեցին» չմիավորվել «միասնական» թեկնածու հռչակված Լ. Տեր-Պետրոսյանի հետ, նրան սպասարկող թերթերով եւ հանրահավաքային ելույթներով պիտակավորվեցին՝ ֆաշիստ, ընտանեպիղծ, դավաճան եւ այլն: Եթե այդ թերթերը կարդում էին, պայմանական ասած, 1000 մարդ, ապա Հ1-ով դրանց պատասխանները, որոնք հաճույքով հեռարձակում էր իշխանությունը, լսում էր ողջ հանրապետությունը:

ՀՅԴ-ն «խնայվեց» ընդհուպ մինչեւ քարոզարշավի ավարտը: Սակայն մեկ-երկու օր առաջ «ՀԺ»-ն տպագրեց «Դրոյի» հետ կապված փաստաթղթեր: ՀՅԴ-ն նույնպես խոսեց Լ. Տեր-Պետրոսյանի դեմ: Դրան էլ սպասում էին Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, որոնք սկսում էին տարածել, թե տեսաք՝ բոլորը խոսում են Լ. Տեր-Պետրոսյանի դեմ, ուստի «Սերժի դրածոներն» են, նրանց ձայն տալ, նշանակում է՝ ձայն տալ Ս. Սարգսյանին: «Միակողմանիություն» էր արձանագրում նաեւ հեռուստատեսային մոնիտորինգը («բոլոր թեկնածուները խոսում են Լ. Տեր-Պետրոսյանի դեմ»):

Հաջորդը թիմի մտավորականության հարձակումն էր:

Հունվարի 26-ին «Հայկական Ժամանակը» գրում է՝ ով հրապարակում չէ, քոչարյանական է, դավաճան: Հետագայում հանրահավաքներին չմասնակցողները որակվեցին որպես տականքներ, դավաճաններ, վասակյանք, եւ այլն: Ընդդիմադիր հայացքների տեր մարդիկ «թասիբի» են ընկնում եւ գնում հանրահավաքներին:

Ինձ թվում էր, թե եւ՛ իմ, եւ՛ հայ հասարակության պայքարը ոչ թե կամ ոչ այնքան Լ. Տեր-Պետրոսյանի, Ռ. Քոչարյանի կամ Ս. Սարգսյանի դեմ էր եւ է, որքան այն համակարգի, որի ստեղծողներն ու կատարելագործողներն են նրանք. այն է՝ Սուրիկ Խաչատրյանների, գեներալներ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի եւ այլոց դեմ: Եվ հանկարծ հրապարակում հայտնվում է Հակոբ Հակոբյանը, եւ՝ ուրախություն: Մի օր ես էլ «թասիբի» ընկա, եւ ոտքերս տարան հրապարակ: Հրապարակի մատույցներում լսեցի՝ «Մանվել, Մանվել…»: Շուռ եկա, վերադարձա: Ինչի՞ դեմ ենք պայքարում: Փաստորեն, նույն համակարգը դուրս էր եկել նույն համակարգի դեմ, կամ, ինչպես ծանոթներիցս մեկը դիպուկ նկատեց, Լ. Տեր-Պետրոսյանը՝ Լ. Տեր-Պետրոսյանի դեմ: Դրա վկայություն են նաեւ երկու կողմից հօգուտ իրենց օգտագործվող Վ. Սարգսյանի ելույթները: Նաեւ ընտրությունների օրը երկու կողմից էլ բաժանվող ընտրակաշառքը («ընդդիմության» կողմից՝ Երեւանի կենտրոնում, Լոռվա մարզում) եւ կեղծիքները («ընդդիմության» կողմից՝ Գեղարքունիքում):

Ահա այստեղ է, որ առաջին անգամ ինձ համար չկարողացա պարզել, թե որտե՞ղ է արդարությունը: Շատ քողարկված լեւոնականներ ասում են, որ իրենք ոչ թե Լ. Տեր-Պետրոսյանի համար էին գնում, հատկապես փետրվարի 19-ից հետո, այլ՝ արդարության: Ես նրանց չեմ հավատում: Չէ՞ որ այնտեղ էր հնչում՝ «Ես հավաքել եմ 65 տոկոս ձայներ», «Ձեր ձեռքերի վրա պիտի գնամ Նախագահական նստավայր» արտահայտությունները: Սա դասական պայքար է միայն ու միայն իշխանության, այլ ոչ արդարության համար:

Երբ այս ամենի մասին ասում եմ լեւոնական բարեկամներիս, խորամանկ ժպտում են եւ ասում` այդպես է պետք, անբարոյականության դեմ անբարոյականությամբ պետք է պայքարել:

Այն, որ քաղաքական գործիչները, մեղմ ասած, երբեմն անցնում են բարոյականության սահմանները, հայտնի է, բայց քաղաքակիրթ երկրներում նրանք, համենայնդեպս, աշխատում են հասարակությանն ի ցույց չդնել ներքին խարդավանքները, քանի որ հասարակությունն առաջնորդվում է բարոյական չափանիշներով: Մեր հասարակությունը վատ իմաստով քաղաքականացված է, կատարում է քաղաքական հաշվարկներ եւ իր զգալի հատվածով չի առաջնորդվում բարոյական չափանիշներով (ի դեպ, այդ են վկայում՝ «հասկացանք որ իշխանությունները պիտի ուտեն, բայց գոնե չափով ուտեն», «ընտանիքը լավ է պահում», «սրանք ավելի շատ են ուտում» եւ այլ նմանատիպ արտահայտություններ):

Այսպիսով, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ «ընդդիմության» չգրված կարգախոսը նույնն էր, ինչ իշխանությանը`«մահ կամ իշխանություն»: Այրված էին բոլոր կամուրջները, գնում է «կենաց ու մահու» երկուստեք քարոզարշավ:

Պայմանական հաղթողը ոչնչացնելու էր պարտվողին: «Ընդդիմությունն» արդեն հրապարակում էր «նստողների», տականքների, դավաճանների անունները:

Շատերն էին սպասում ընդհարման, նաեւ՝ զոհերի: Սպասո՞ւմ էր, արդյոք, «ընդդիմությունը», որ զոհեր կլինեն: Կարծում եմ` այո, չէ՞ որ հայտնի Արշալույսի տեսաերիզում Վանո Սիրադեղյանն ասում է. «իշխանությունը պահելու համար եթե պետք է, 700-800 զոհ էլ կլինի» (ծափահարություններ): Իսկ իշխանության բնույթը «Ընդդիմությունը» շատ լավ գիտեր, չէ՞ որ իրենց հայելային պատկերն է:

Իսկ կարո՞ղ էին եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը խուսափել զոհերից: Կարծում եմ` այո: Նախ՝ իշխանությունը, նստացույցն անընդունելի ուժի միջոցով ցրելուց հետո, չպետք է թույլ տար նոր հավաքներ, ընդդիմությունը, զոհերից խուսափելու համար, պետք է ցրեր հավաքված ժողովրդին, քանի որ մեկ զոհն էլ չարժեր ոչ իշխանությունը պահելու եւ ոչ էլ այն նվաճելու համար: Սակայն թվացյալ քաղաքացիական անհնազանդությունը վերածվեց ապստամբության (տես «Ցուցարարների պայքարի գիշերը», Հրապարակ, 21.03.2008թ.): Տպավորություն ունեմ, որ ինչպես իշխանության ինչ-որ թեւի, այնպես էլ «ընդդիմության» առաջնորդին ձեռնտու էին զոհերը՝ մեկը մյուսին դրա մեջ մեղադրելու համար:

Եվ, քանի որ, ինչպես միշտ «հաղթեց» իշխանությունը, գործի դրվեց ավանդական ռեպրեսիվ ապարատը: Նորից քաղբանտարկյալներ, ահաբեկումներ: Ավելին, մի հսկայական քայլ ժողովրդավարությունից դեպի ետ: Խոսքս հավաքներն արգելելու մասին օրենքի փոփոխություններն են:

Իսկ մյուս քաղաքական ուժերն ունենալով եւ քաղաքական (երկիրն այս վիճակից դուրս բերելու), եւ բարոյական (Լ. Տեր-Պետրոսյանը վիրավորել է բոլորին) բացատրություն եւ մտնելով իշխանական կոալիցիա՝ ամայացրին քաղաքական դաշտը՝ ընդդիմադիր թողնելով միայն Լ. Տեր-Պետրոսյանի թիմը:

Միանգամից ասեմ, որ ես կողմ կլինեի այս իրավիճակում համագործակցության, բայց միայն քաղաքական սկզբունքների, ոչ պաշտոնների բաժանման միջոցով:

Մեծ հաշվով, զոհը ոչ իշխանությունն է, ոչ «ընդդիմությունը»: Զոհը հասարակությունն է: Եվս մեկ անգամ հասարակության մասին: Արդյո՞ք ճիշտ է «Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը» ասույթը: Կարծում եմ` մասամբ: Չէ՞ որ, Գերմանիան տեսել է եւ ֆաշիզմ, այնուհետեւ զուգահեռաբար՝ կոմունիզմ եւ ժողորդավարություն: Ո՞ր մեկին էր արժանի գերմանացի ժողովուրդը: Բայց կարելի է ասել, որ գերմանացի ժողովուրդը ունեցել է եւ ունի գաղափարական տարբեր հոսանքներ, եւ որը եկել է իշխանության` այդ ուղղությամբ էլ տարել է ժողովրդին: Մեր հասարակությունն, իմ պատկերացմամբ, ունի միայն «լավ» կամ «չարյաց փոքրագույն», տեր կամ ավելի ճիշտ՝ ստրկատեր փնտրելու ունակություն (մի քիչ էլ թող ժողովրդի մասին մտածեն): Այդ է վկայում նախկին երկու իշխանություններին (որոնք ապացուցել են իրենց ոչ ժողովրդավար լինելը) տրված ձայների գումարը: Կամ հարց մեր հասարակությանը. քանի՞ տոկոս ձայներ կստանար Վլադիմիր Պուտինը, եթե առաջադրվեր ՀՀ նախագահ: Կարծում եմ, կստանար ավելի շատ ձայներ, քան Լ. Տեր-Պետրոսյանի եւ Ս. Սարգսյանի ձայների գումարը (ինչ անկախություն, ինչ ազատություն):

Այսօր ի տարբերություն նախորդ հետընտրական շրջանի՝ հասարակությունը ոչ միայն հուսալքության մեջ է, այլեւ բեւեռացված է եւ լցված ատելությամբ: Ի դեպ, բեւեռացված է ոչ իշխանամետ զանգվածը:

Իշխանություններին չընդունող հասարակությունն է երկփեղկված` Լ. Տեր-Պետրոսյանին ընդունողների եւ չընդունողների: Եվ առաջինները ֆանատիզմով լցված մյուսներին պիտակավորում եւ մեղադրում են «սերժական», «հայլուրական» եւ այլ մեղքերի մեջ: Թշնամությունը մտել է տներ, ընկերություն, բարեկամություն:

Եվ այսօր արդեն համարձակություն չի պահանջվում խոսել իշխանության դեմ, առավել համարձակություն է պահանջվում ասել ճշմարտությունը եւ գնալ ոչ միայն իշխանության, այլեւ լեւոնականության հոսանքի դեմ:

Վիճակը նաեւ հիշեցնում է 1918-20թթ. Հանրապետության վերջին շրջանը, երբ 3 տարվա ընթացքում իշխանություններն այլասերվեցին նույն ընտրակեղծիքներով, երկրապահների փոխարեն՝ մաուզերիստներով, որից հետո պայթեց Մայիսյան ապստամբությունը: Այն թուլացած պետությանը մահացու հարված հասցրեց` արդյունքում Կարսի անկումը՝ եւ Հանրապետության կորուստը:

Կա՞ արդյոք ելք իրավիճակից: Կարծում եմ՝ այո: Առաջին քայլեր իշխանության կողմից.

– Քաղբանտարկյալների ազատում, հետապնդումների դադարեցում:

Ընդդիմության կողմից.

– «Հեղափոխականության» սառեցում:

– Երկխոսություն ապագա քաղաքական քայլերի շուրջ:

– Խոսքի ազատություն, անկախ դատական համակարգ, արտահերթ ընտրություններ:

Բայց, կարծում եմ, երկու կողմից էլ չկա ցանկություն։ Իշխանությունը կարծում է՝ հաղթել է, «ընդդիմությունը»` հաղթելու է: Եվ երկուսն էլ կանգ չեն առնի նոր կորուստների առաջ, լինեն դրանք նոր զոհեր, թե Ղարաբաղ, թե պետություն, որից հետո փոխադարձաբար միմյանց մեղադրեն այդ կորուստների համար:

Հ.Գ.
Լ.Տեր-Պետրոսյանի կազմակերպած շարժումն իր անհանդուրժողականությամբ որոշ չափով հիշեցնում էր 1988-ը, եւ ես նաեւ ինձ տեսա այնտեղ…