Երրորդ ճանապարհ

30/03/2008 Էդուարդ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Ակնհայտ է, որ մոտ ապագայի կարեւորագույն խնդիրը կդառնա նոր կառավարության ձեւավորումը: Նրա հաջող աշխատանքը մեծամասամբ կախված կլինի ոչ միայն նոր վարչապետի անձից, այլեւ նոր կառավարության ձեւավորման սկզբունքից:

Սովորաբար լինում է երկու մոտեցում. կամ ձեւավորվում է պրոֆեսիոնալ-տեխնոկրատների ոչ կուսակցական կառավարություն, կամ էլ, այսպես կոչված, կոալիցիոն կառավարություն, ուր պատվիրակվում են կառավարող քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչները:

Ցանկացած կոալիցիոն կառավարության հիմնական թերությունը նրա ոչ բարձր արդյունավետությունն է: Կոալիցիոն կառավարությունն իր էությամբ քաղաքական գործիչների կառավարություն է, եւ դրանով իսկ ամեն ինչ ասված է: Կոալիցիոն կառավարության կուսակցական մոդելը, որպես կանոն, թույլ եւ խոցելի է, քանի որ կառավարությունը մշտապես գտնվում է քաղաքական նպատակահարմարության եւ տնտեսական արդյունավետության ընտրության միջեւ: Հասկանալի է, որ ընդունվող ոչ բոլոր որոշումներն են պայմանավորվում վերջինով:

Հետեւաբար, եթե արդյունավետությունը դիտարկենք որպես առանցքային գործոն, ապա լավագույն տարբերակը պրոֆեսիոնալ կառավարությունն է: Այդ դեպքում ընտրության չափանիշ պետք է լինի ոչ թե վարչապետի կուսակցական պատկանելությունը, այլ բացառապես նրա պոտենցիալ արդյունավետությունը՝ որպես հակաճգնաժամային կառավարիչ, եւ ծրագրային մտածելու կարողությունը: Բացի այդ, վարչապետին անպայմանորեն պետք է տալ իր թիմը ձեւավորելու հնարավորություն: Հակառակ դեպքում, նման կառավարությունից ոչինչ չի կարող պահանջել ո՛չ Նախագահը, ո՛չ հասարակությունը: Պատասխանատվությունը կլղոզվի կուսակցությունների միջեւ:

Ակնհայտ է, որ այժմ պայքար է ընթանում այդ երկու սկզբունքների շուրջ, քանի որ նույնիսկ միեւնույն ճամբարից երբեմն լսվում են ուղղակիորեն հակառակ հայտարարություններ. մերթ` վարչապետն անպայման պետք է լինի իշխող կուսակցության անդամ, մերթ` թե դա ամենեւին պարտադիր չէ: Երբեմն էլ Դաշնակցությունը, չգիտես ինչու, ազգային համաձայնության հասնելու անհրաժեշտությունը կապում է կուսակցական կոալիցիոն կառավարության ձեւավորման հետ, ինչը ճիշտ չէ:

Իրականում կաբինետի ձեւավորման նշված երկու սկզբունքներն անտագոնիստական չեն: Կա երրորդ ճանապարհը, որը հաշտեցնում է այդ մոտեցումները. երբ քաղաքական կոալիցիան ձեռնպահ է մնում պորտֆելների կուսակցական բաժանման չափազանց միակողմանի սկզբունքից եւ թույլ է տալիս ձեւավորել պրոֆեսիոնալների ոչ կուսակցական կաբինետ, սակայն համաձայնության է գալիս վարչապետի եւ յուրաքանչյուր տեխնոկրատ-նախարարի թեկնածության շուրջ: Կոալիցիայի գաղափարն իրականում այդպես պետք է դրսեւորվի:

Ընդհանուր առմամբ, բոլոր խնդիրների լուծումը, այդ թվում` լեգիտիմության, գտնվում է արդյունավետության հարթության մեջ: Երբ դու արդյունավետություն ես ցուցադրում, եւ արդյունքն ակնհայտ է բոլորի համար` դու լեգիտիմ ես: Եթե ընդունված որոշումներն անարդյունավետ են եւ հանրության համար զգալի դրական արդյունք չկա, ապա ոչ մի լեգիտիմություն չի օգնի` հարկ կլինի պատասխան տալ ոչ միայն սեփական, այլեւ ուրիշի մեղքերի համար: Սինգապուրի տնտեսական հրաշքի կնքահայր Լի Կվան Յուն երեսնամյա կոշտ, ավտորիտար ղեկավարման ընթացքում հետամնաց գավառը վերածեց ծաղկող դրախտի: Վտանգն ավտորիտարիզմի մեջ չէ: Վտանգն անշնորհք ավտորիտարիզմի մեջ է:

«Դելովոյ Էքսպրես» շաբաթաթերթ