Հաճախորդը միշտ ճիշտ է

30/03/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Իրապես հետաքրքրություն ներկայացնող հարցը, որ այսօր կա օդում, թերեւս, հետեւյալն է` այնուամենայնիվ, կկայանա՞ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը կամ կկայանա ա՞յն սցենարով, որով նախատեսում է ինքը` Սերժ Սարգսյանը: Իսկ հարցերը, թե նորաստեղծ կոալիցիայում պաշտոններն ինչպես են բաշխվելու, արդեն հետաքրքիր չէ այնքանով, որ, ըստ Ս. Սարգսյանի հավաստիացումների, վարչապետ լինելու է ամենեւին ոչ Ռոբերտ Քոչարյանը: Եվ գլխավորը սա է: Իսկ թե ո՛ր նախարարը ո՛ր կուսակցությունը կներկայացնի, գոնե այս կոալիցիայի դեպքում այնքան էլ էական չէ: Կոալիցիայի այս կազմը` նոր` ինչպես Արթուր Բաղդասարյանի գարնանային վերարկուն, կրկնվող` ինչպես Գագիկ Ծառուկյանի ելույթների տեքստը, կանխատեսելի` ինչպես Վահան Հովհաննիսյանի քաղաքական նախապատվություններն, ու տխուր` ինչպես Սերժ Սարգսյանի հայացքը, առանձնակի մեծ հույսեր չի ներշնչում: Բանն այն է, որ կոալիցիոն կառավարության նախադեպ մեզանում արդեն եղել է, ընդ որում` գրեթե նույն մասնակիցներով` մինուս ԲՀԿ: Կարապը, ձուկը եւ խեցգետինը գործում էին թերեւս ավելի ներդաշնակ, քան ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն: Իսկ քաղաքական պատասխանատվությունը, որի մասին օրերս սկսեց հաճույքով վերհիշել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, այն է, ինչից խուսափելու մեծ ստաժ ու փորձ ունեն եւ իր կուսակցությունը, եւ ՀՅԴ-ն: ԲՀԿ-ի դեպքն այլ է: Գ. Ծառուկյանին Ս. Սարգսյանի կողքին է պահում իր ճակատագրի հնարավոր անորոշության մտավախությունը, որը կարող էր վրա հասնել, եթե իշխանության գար, ասենք, ընդդիմությունը:

Գուցե ներքաղաքական ճգնաժամը պատճառ դարձավ կոալիցիայի ստեղծմանը, այն էլ՝ այս կազմով, քանի որ այս կոալիցիայի աշխատանքն ի սկզբանե արդեն դատապարտված է ձախողման: Ակնհայտ է, որ կոալիցիոն հուշագրի տակ ստորագրած ուժերն այդ քայլին են գնացել բացառապես միակողմանի պայմանավորվածության պարագայում` միայն Սերժ Սարգսյանի հետ: Համատեղ արդյունավետ աշխատանքը արդյունավետ ու ազնիվ լինել չի կարող նաեւ այն հիմնավորմամբ, որ կոալիցիայի կազմը համալրած ուժերը միմյանց ակնհայտորեն չեն վստահում: Վստահ ենք, որ Արթուր Բաղդասարյանի միայն ներկայությունը կոալիցիայում Գագիկ Ծառուկյանի համար արդեն լուրջ դիսկոմֆորտ է եւ «տղայական» իմաստով` մեծ ամոթ: Նույն Գագիկ Ծառուկյանի խիստ համառոտ ելույթներից դժվար է հիմնավորել ընտրություններից հետո նրա թախծի բուն պատճառը, սակայն Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին նրա էպիզոդիկ դերակատարությունը որոշակի ինֆորմացիա, այնուամենայնիվ, պարունակում է: Վահան Հովհաննիսյանը եւս, դատելով նախընտրական իր ելույթներից, Արթուր Բաղդասարյանին ավելի մեծ հաճույքով կցանկանար տեսնել Ղարաբաղի ճակատներից որեւէ մեկում` հերոսաբար ընկած:

Այժմ էլ տակավին վերջերս ընդդիմադիր կեցվածքը թոթափած Արթուր Բաղդասարյանը փորձում է իր արարքն ընկալելի դարձնել, հայտարարում է, թե կոալիցիան համալրել է, քանի որ այդ ֆորմատում է տեսնում իր նախընտրական խոստումների իրականացումն, ու, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իր քննադատությունը եղել է բացառապես ծրագրերի դեմ, եւ ոչ երբեք՝ անձնավորված: Սակայն փոքրիկ վերհուշը բավական է` մտաբերելու Բաղդասարյանի տեքստերը` ասված մասնավորապես` Գյումրիում քարոզարշավը եզրափակող հանրահավաքում: Ե՛վ անձամբ, եւ՛ Հեղինե Բիշարյանի շուրթերով Բաղդասարյանն ասում էր. «Իշխանությունները` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` ժողովրդին պահում են աղքատության մեջ` նրանց ձայները մի քանի հազար դրամով գնելու համար»: Վստահ ենք, որ նույն Հեղինե Բիշարյանն էլ պակաս անկեղծ չէր, երբ փետրվարի 19-ին ընտրատեղամասերից մեկում գնացել էր փրկելու, ինչպես ինքը բջջային հեռախոսով տեղում պարզեց, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «տղաների» ձեռքով առեւանգված ՕԵԿ եւ ՀՅԴ անդամներին: Հիմա, կոալիցիայի շրջանակում, թերեւս առավել հանգիստ միջավայրում, կարելի է շամպայնի բաժակով (կամ առանց) մի լավ ծիծաղել այդ փոքրիկ թյուրիմացության վրա, որն ամենեւին չի կարող ստվեր նետել ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի հարաբերությունների վրա:

Ընտրություններից անմիջապես հետո, երբ Վահան Հովհաննիսյանը հրաժարվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից, միայն Հրանտ Մարգարյանի լայն ժպիտից էր կարելի կռահել, որ մի փոքր նեղացած է միայն Վահան Հովհաննիսյանը, իսկ Հրանտ Մարգարյանը դժգոհ չէ իր կուսակցությանն օգտագործման հանձնված պորտֆելներից, հատկապես կրթության նախարարի ամենաեկամտաբեր պորտֆելից:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտնվելը կոալիցիայում եւս անտրամաբանական է, քանի որ, ըստ պտտվող լուրերի, Ս. Սարգսյանը, նախագահի պաշտոնը ստանձնելուն պես, իբր պատերազմ է հայտարարելու օլիգարխներին` վերջիններիս համար բոլոր հնարավոր հետեւանքներով: Եթե իրոք այդպես է, ապա ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանը, որն ամենահայտնին ու ամենաազդեցիկն է օլիգարխներից, եթե ինչ-որ տեղ էլ պիտի հայտնվեր, ապա բնավ՝ ոչ կոալիցիայում:

Ամեն դեպքում, թող որ կրկնում ենք, սակայն կոալիցիայի աշխատանքի արդյունավետությունը դատապարտված է ի սկզբանե: Երեք ուժերն էլ կարող են համաձայնության գալ Սերժ Սարգսյանի հետ` առանձին-առանձին, սակայն միասին` չորսով, նրանք թույլ են նույնքան, որքան «Հայլուրի» ազդեցությունը` հասարակական կարծիք ձեւավորելու հարցում:

Հաճախորդի հոգեբանությամբ, պաշտոնների, առողջության, երջանկության եւ երկար-երկար կյանքի ակնկալիքով կոալիցիան համալրած բոլոր երեք ուժերին, կարծեմ, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը որակեց որպես քաղաքական տզրուկներ: Ի դեպ, նախագահական ընտրություններից հետո նույնքան դիպուկ են նաեւ` թող որ վերջին տեղ գրաված, բայց Տիգրա՛ն Կարապետյանի պասկվիլները` առայժմ միայն Արթուր Բաղդասարյանի եւ Արտաշես Գեղամյանի մասին: Սակայն կան դեռեւս անտիպ գործեր, որոնց սպասում ենք: Անհամբեր: