Որոշ քաղաքական ուժեր, հաշվի առնելով ընդդիմադիր դաշտի թուլացած վիճակը, փորձ արեցին գրավել այն: Երեկ հրավիրած ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը: Այդ ուժերի առջեւ, ըստ Ա. Սադոյանի, նվազագույն եւ առավելագույն խնդիրներ էին դրված. նվազագույնը` մաքրվել անցյալի բծերից եւ դառնալ ընդդիմությանը առաջնորդող, առավելագույնը` դառնալ հանրապետության նախագահ: Խնդրի իրագործման ճանապարհին, Ա. Սադոյանի կարծիքով, խիստ որոշակի պատճառներով եւ առաջին հերթին` իշխանությունների կտրուկ եւ սխալ քայլերի արդյունքում` դա բերեց ծանր հետեւանքների: «Այսօր մեր առջեւ ծագած համար առաջին խնդիրը ծանր դրությունից ելք գտնելն է: Հայաստանը վատ վիճակի մեջ է: Պատահական չէ, որ այս վիճակի հետ կապված` բազմաթիվ բացասական քայլեր են լինում` «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ կապված խնդիրները, Ադրբեջանում Ղարաբաղի հետ կապված լարվածությունը, ՄԱԿ-ի ասամբլեայում Հայաստանի պարտությունը: Այս բոլորը հիշեցնում են մեզ, որ այն ճանապարհը, որով գնում է Հայաստանը, սխալ է: Ավելին` այդ ճանապարհը գծվում է ոչ թե մի քանի ամսվա կամ տարվա, այլ առաջիկա տասնամյակի համար»,- հայտարարեց ԱԺԴ նախագահը:
Չնայած այս ընտրությունների հետ կապված բոլոր բացասական հետեւանքներին` Ա. Սադոյանը դրական երեւույթ է տեսնում` հայ ժողովուրդն ունակ է պայքարելու իր ազատության ու իրավունքների համար. «Ժողովուրդը պայքարում է, որպեսզի իշխանությունները լինեն ժողովրդինը: Զանգվածային պայքար, որին ներկա եղանք վերջին շրջանում, պայքար հանուն ազատության իրավունքի` առանց նույնիսկ առաջնորդի, այսպես ասած, նպատակները հաշվի առնելու: Բայց առաջնորդների շնորհքն այն էր, որ նրանք մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը համակերպվող ժողովուրդ չէ: Կուզենայի հատուկ շեշտել` ես շնորհակալություն եմ հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա թիմակիցներին, որովհետեւ նրանք ջարդեցին այն վատ մտայնությունը, թե հայերն, այսպես ասած` «տի ռաբ, տի տռուս, տի արմյանին» տիպի ժողովուրդ են: Հայերը կարող են պայքարել իրենց իրավունքների համար, եւ դա հստակ ցուցադրվում էր այս գործընթացների ժամանակ»,- համոզված է Ա. Սադոյանը: Խնդրի լուծման համար նա ունի իր ծրագիրը, որի նպատակը, ըստ նրա` թեկուզ դանդաղ քայլերով այսօր առկա ալիքը պահպանելն է եւ այն ժողովրդավարության հաղթանակի հասցնելը: Իսկ ծրագիրը հետեւյալն է` պահանջել այսօրվա իշխանություններից, որ նրանք համաձայնեն առաջիկա մեկուկես տարվա ընթացքում անցկացնել արմատական սահմանադրական փոփոխություններ, ապա անցկացնել խորհրդարանական ու նախագահական նոր ընտրություններ: Իսկ այդ պահանջը ձեւակերպելու համար, ըստ Ա. Սադոյանի, անհրաժեշտ է անմիջապես զանգվածային ստորագրահավաք սկսել: «Մենք դա առաջարկում ենք` հաշվի առնելով Հայաստանի այսօրվա վիճակը, թափված արյունը, որն առաջին հերթին ահավոր բեռ է իշխանությունների համար: Առաջարկում ենք գնալ երկխոսության եւ զիջումների ու հայտարարել, որ իրենք էլ են կողմ անցումային շրջանի եւ նոր ընտրությունների կազմակերպման: Բայց, քանի որ կասկածում եմ, որ իշխանություններն այդքան համարձակություն կունենան եւ այդքան մտածում են հայ ժողովրդի մասին, պետք է նաեւ ստիպողական մեխանիզմներ գտնել, եւ դրանցից մեկն էլ, որը նաեւ ունի այլ հեռահար նպատակներ, զանգվածային պահանջի առաջադրումն է: Այս պրոցեսը կպահպանի այն ոգեւորության ալիքը, որ հիմա կա ժողովրդի մեջ, զանգվածային պայքարի տրամադրությունը, որը կորցնելն ահավոր վտանգներով է հղի` բարոյահոգեբանական մթնոլորտի այլասերման տեսակետից: Շատ կարեւոր է թույլ չտալ, որպեսզի այն իշխանավորները, որոնք մտածում են, թե ժողովրդի հետ ինչ ասես կարելի է անել, հասնեն հաջողության»: Արշակ Սադոյանը նշեց, որ ընթացիկ իրավիճակի հետ կապված` իրենք պահանջում են, որպեսզի բոլոր քաղբանտարկյալներն անհապաղ ազատ արձակվեն. «Կարծում եմ` բոլոր ձերբակալվածները քաղբանտարկյալներ են, ոչ թե քրեական հանցագործներ, իսկ քրեական բառը կարող են ամեն մեկին կպցնել»:
Անդրադառնալով նոր ձեւավորված կոալիցիային` Ա. Սադոյանը նշեց, որ ՀՀ պատմության վերջին շրջանում ամենածիծաղելի երեւույթը համընդհանուր կոալիցիայի ստեղծման խնդիրն է: Ըստ նրա` մեր երկրում ստեղծված բարդ իրավիճակում կարեւոր է, որ լինի բազմակարծություն, առաջարկություններ, գաղափարների մրցակցություն, ելքի կոլեկտիվ փնտրում` հակադրությունների պայքարի միջոցով: Իսկ մեր տիպի երկրներում երբեք ընդդիմությունը չի դառնում կոալիցիայի անդամ, կամ արհեստական քայլեր չեն արվում, որպեսզի կոալիցիան որքան հնարավոր է լայնացվի. «Կոալիցիա, որի մեջ առաջարկ է արվում ներգրավել ամբողջ պառլամենտը, եւ հաճախ նույնիսկ ասվում է` ինչի՞ «Ժառանգությունն» էլ չմիացավ: Պատկերացնո՞ւմ եք մի կոալիցիա, որն ամբողջությամբ պառլամենտի մեջ է: Սա առնվազն ծիծաղելի քաղաքական մոտեցում է, այն թելադրված է ոչ թե երկրի ապագայի կամ նորմալ պետություն ստեղծելու նպատակով, այլ այս մոտեցումը թելադրված է միայն մարտի մեկի հետ կապված դեպքերով: Սա ընդամենն ինչ-որ ճանապարհ գտնելու, արհեստականորեն մի կերպ ավելի իրենց հնարավորությունները երկարացնելու ձեւ է»:
Լրագրողների այն նկատառմանը, թե լուրեր են պտտվում այն մասին, որ Վազգեն Մանուկյանը նոր ձեւավորվող կառավարության մեջ ղեկավար պաշտոն է ստանձնելու, Ա. Սադոյանը պատասխանեց, թե անձամբ իր հետ որեւէ քննարկում չի եղել. «Գնալ, Սերժ Սարգսյանի մոտ աշխատել թելադրվող որեւիցե պաշտոնում, կոպիտ սխալ կլինի, բայց գնալ, ինքնուրույն տանել որեւիցե ոլորտ, եթե հնարավոր է, առավել եւս` հայանպաստ գործում, ապա սա սխալ չի լինի»,- ասաց նա: