Հայ հրաշագործը Լաս Վեգասից

13/05/2005

Օրերս դատարանը մերժեց ամերիկացի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի
DaimlerCrysler ավտոկոնցեռնին ներկայացված հայցը, ըստ որի՝ Քըրքորյանը
պահանջում էր փոխհատուցել բաժնետոմսերի գնի անկման պատճառով իր կրած 1,2
մլրդ դոլարի կորուստները: Սակայն այդ որոշումը բնավ էլ չի սասանի
միլիարդատիրոջ ֆինանսական վիճակը:

Լինելով հայկական գաղթականների աղքատ ընտանիքի ամենակրտսեր երեխան,
Քըրքորյանը դպրոցական տարիներին աչքի էր ընկնում իր խուլիգանական
արարքներով: Դպրոցում նա սկսեց բռնցքամարտով զբաղվել եւ նույնիսկ
սիրողական բռնցքամարտի չեմպիոն դարձավ: Պրոֆեսիոնալ սպորտի մեջ հետք
չհասցրեց թողնել, քանի որ սկսեց ծառայել ամերիկյան Ռազմաօդային ուժերում:
Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականին Ֆրեզնոյում, եղեռնից փախած հայ
գաղթականների ընտանիքում: Հայրը՝ Արոնը, միրգ վաճառելով հազիվ էր ծայրը
ծայրին հասցնում: Ծնողներն իրենց չորս երեխաներին դաստիարակում էին
այնպես, կարծես նրանք դեռ հարավային Հայաստանում էին ապրում: «Անգլերեն ես
սովորում էի փողոցում, քանի որ ընտանիքում մենք միայն հայերեն էինք
խոսում»,- ասում է Քըրքորյանը: Ավագ եղբայր Նեշը նրան բռնցքամարտի առաջին
դասերը տվեց, եւ Քըրքը, երբ հայտնվեց բարդ երեխաների դպրոցում, արդեն
կարող էր պատասխան տալ: 9 տարեկանից Քըրքը սկսեց փող բերել տուն՝
օգտագործելով վաստակելու յուրաքանչյուր հնարավորություն՝ ավտոմեքենաներ էր
լվանում, կահույք տեղափոխում: Իսկ 8-րդ դասարանն ավարտելուց հետո թողեց
դպրոցը, որպեսզի ավտոսպասարկման կետում աշխատի: Նա կարգի էր բերում հին
մեքենաները, վաճառում եւ ամեն մի մեքենայից 5-10 դոլար շահույթ ստանում:
Սակայն եւ՛ ավտոմեքենաները, եւ՛ բռնցքամարտը մոռացվեցին, երբ Քըրքն առաջին
անգամ ինքնաթիռ նստեց եւ օդ բարձրացավ: Մեկ տարի նա օգնում էր
ինքնաթիռները թռիչքի պատրաստել, հետո սկսեց դասերի հաճախել՝ առաջին կին
օդաչու Ֆլորենս Բարնսի օդային դպրոցում: Քըրքը դասերի համար վճարել չէր
կարող եւ Բարնսին առաջարկեց վարձի փոխարեն իր ռանչոյում աշխատել:
Օդագնացության դասերը ընդմիջելով, նա կով էր կթում, խոտ հավաքում ու թրիք
մաքրում: Եվ վեց ամիս հետո օդաչուի արտոնագիր ստացավ եւ սկսեց նույն
դպրոցում դասեր տալ: Սակայն այդ միապաղաղ աշխատանքը ձանձրացրեց Քըրքին, եւ
նա սկսեց բավականին վտանգավոր գործով զբաղվել՝ Կանադայում արտադրված
ռմբարկու ինքնաթիռներ տեղափոխել Բրիտանիա: Այդ չվերթերը բարձր էին
վարձատրվում, մեկ չվերթը 1000 դոլար էր: Սակայն հսկայական ռիսկ էր
պահանջվում, քանի որ չորս չվերթերից միայն մեկն էր բարեհաջող ավարտվում՝
Գրենլանդիայի ու Իսլանդիայի ձյունածածկ երթուղին լի էր ջարդուփշուր եղած
ինքնաթիռներով, իսկ Ատլանտյան օվկիանոսը կտրելու համար մեծ վարպետություն
էր պահանջվում՝ ինքնաթիռները կատարյալ չէին՝ երկարատեւ թռիչքի համար
չնախատեսված, եւ եթե քամու ուղղությունը փոխվեց, օդանավը ջուրը կընկներ:
Այսպիսի պայմաններում աշխատելու համար պետք էր բախտ ունենալ: Իսկ բախտը
միշտ Քըրքորյանի հետ էր: Նա նույնիսկ թռիչքի ռեկորդ սահմանեց՝ ամերիկյան
Ռազմաօդային ուժերի պատվերը կատարեց 7 ժամ 9 րոպեում: 2,5 տարվա ընթացքում
նա 33 ինքնաթիռ տեղափոխեց եւ վաստակեց սեփական ինքնաթիռ գնելու համար
անհրաժեշտ գումար: Միտեղանոց «Սեսսնայով», Քըրքը սկսեց դասեր տալ եւ
չարտերային չվերթեր կատարել:

1945 թվականի հուլիսին նա ԱՄՆ-ի խաղերի մայրաքաղաքում՝ Լաս Վեգասում
հայտնվեց: «Այս փոքրիկ քաղաքում ես անցկացրեցի իմ կյանքի լավագույն
հատվածը»,- հիշում է նա: 40-ական թվականների սկզբում իր ընկերոջ՝ Ջերրի
Ուիլյամսի հետ, խաղատանը թողնելով իր ողջ գումարը, Քըրքորյանը գրպանում
միայն 5 դոլար գտավ: Ընկերը համոզում էր, որ դա նախաճաշ գնելու միակ
հնարավորությունն է, սակայն Քըրքորյանին այդ միտքը դուր չեկավ՝ նա նորից
խաղատուն մտավ եւ հաղթեց իր առաջին 700 դոլարը: Քըրքը միշտ սիրել է խաղալ
եւ հենց խաղատներն էլ նրան միլիարդներ բերեցին:

Զբաղվելով ինքնաթիռների վաճառքով, Քըրքորյանը 1947 թվականին ձեռք բերեց իր
առաջին սեփական Los Anjeles Air Service ընկերությունը: Սկսվեցին ոսկի
տարիները՝ Քըրքորյանը երիտասարդ էր, հարուստ եւ սիրում էր խաղալ: Մեկ
գիշերվա ընթացքում 50.000 դոլար տանուլ տալն իր համար սովորական գործ էր:
Սակայն խաղի մոլուցքը չէր կարող համեմատվել աշխատելու ցանկության հետ: Մի
քանի տարի հետո նա վաճառեց իր ընկերությունը Trans America ընկերությանը՝
երեք անգամ ավելի թանկ գնով, եւ ստացավ 104 մլն դոլար, գումարած 85 մլն
դոլարի արժողություն ունեցող բաժնետոմսերի փաթեթը: Այժմ Քըրքորյանը
զբաղվում է անշարժ գույքի ներդրումներով: Արագ թանկացող Լաս Վեգասի հողերը
Քըրքորյանը սկսեց գնել 60-ականներին: Սթրիփ շրջանի 8 հեկտարները նա ձեռք
բերեց ընդամենը 960.000 դոլարով, քանի որ այդ շրջանը հեռու էր կենտրոնական
հյուրանոցներից եւ խաղատներից: Սակայն մի քանի տարի հետո քաղաքն
ընդլայնվեց, եւ միայն հողերը վարձակալության հանձնելով, Քըրքորյանը վեց
տարում ունեցավ 4 մլն դոլարի շահույթ: Իսկ 1968 թվականին հողատարածքն
ամբողջությամբ վաճառելով, ստացավ 5 մլն դոլար: Այդ ժամանակ նա ձեւակերպեց
հարստանալու իր հայտնի բանաձեւը, որով հաճախ կիսվում էր իր ոչ այնքան
հաջողակ հայրենակիցների հետ. «Ես չեմ սպասում մինչեւ գները առավելագույնի
հասնեն: Քանի որ գներն անսպասելի ընկնելու սովորություն էլ ունեն, ես քայլ
եմ անում այն ժամանակ, երբ շահույթը թվում է ինձ արդարացված»: Երբ 1967
թվականին Քըրքորյանը սկսեց Լաս Վեգասի կենտրոնում հսկայական հյուրանոց
կառուցել, բոլորը նրա նախաձեռնությունը անհեթեթ ցնորք համարեցին:
Քըրքորյանն ուշադիր լսում էր բոլոր առարկությունները եւ անում այնպես,
ինչպես բնազդն էր հուշում: 30 հարկանի հյուրանոցը, որը կարող էր տեղավորել
մի քանի հազար մարդ, դեռ կառուցման փուլում էր, երբ բաժնետոմսերի գինը
տասն անգամ բարձրացավ: Սակայն արժեթղթերի հանձնաժողովը International
Leisure հյուրանոցային համալիրի տիրոջը ֆինանսական տեղեկատվությունը
թաքցնելու մեղադրանքներ ներկայացրեց եւ արգելեց բաժնետոմսերի թողարկումը:
Քըրքորյանը ստիպված էր իր բաժնետոմսերի կեսը վաճառել Hilton հյուրանոցների
ցանցին: Այդ փաթեթը, որը կես տարի առաջ 180 մլն դոլար արժեր, նա վաճառեց
ընդամենը 16 մլն-ով, եւ նույնիսկ ստիպված եղավ վաճառել նաեւ իր
առանձնատունը, անձնական ինքնաթիռը եւ զբոսանավը: «Ես կոչում եմ դա
պահեստային միջոց: Կարելի է գրեթե ամեն ինչ կորցնել ու նոր նախագիծ
սկսել»,- մեկնաբանեց այդ իրավիճակը Քըրքորյանը: Մեկ տարի անց նա արդեն նոր
ամենամեծ հյուրանոցի կառուցումը սկսեց:

1969 թվականին գործարար Քըրքորյանը գնեց հոլիվուդյան հայտնի Metro Goldwin
Majer (MGM) ընկերությունը, որի ողջ ռեկվիզիտն անհապաղ վաճառեց 1,5 մլն
դոլարով: Իր ողջ կյանքի ընթացքում նա երեք անգամ գնել եւ վաճառել է MGM-ը:
Առաջին անգամ Քըրքորյանից MGM-ը գնեց CNN-ի ստեղծող Թեդ Թյորները, ով
ստուդիան մեկ տարի անց նորից վաճառեց Քըրքորյանին: Հաջորդ գնորդը իտալացի
Ջանկառլո Պարետտին էր, ով նույնպես մեկ տարի անց ստուդիայի
ղեկավարությունը կրկին հանձնեց Քըրքորյանին: Իսկ անցյալ տարի MGM-ի տերը
դարձավ ճապոնական Sony ընկերությունը: Զարմանալին այն է, որ յուրաքանչյուր
գործարք անելով՝ եւ՛ վաճառելով, եւ՛ գնելով MGM-ը, Քըրքորյանը դառնում էր
մի քանի հարյուր միլիոնով ավելի հարուստ:

Շուտով Քըրք Քըրքորյանը դառնալու է 88 տարեկան, նա հաջողակ է եւ երջանիկ,
ունի շքեղ առանձնատուն Լաս Վեգասի արվարձանում, աշխարհով մեկ շրջում է 18
մլն դոլար արժեցող սեփական DC-9 ռեակտիվ ինքնաթիռով կամ էլ 45 մետր
երկարություն ունեցող զբոսանավով: Քըրքորյանի կրտսեր դուստրը 6 տարեկան է:
Լրագրողների հարցերին նա սովորաբար պատասխանում է. «Իմ կյանքի մասին ավելի
լավ իմ գործերն են պատմում»: Իր Trasinda Corporation ընկերությունը
Քըրքորյանն անվանել է իր դուստրերի՝ Թրեյսիի ու Լինդայի պատվին: Հաջողակ
բիզնեսմեն Քըրք Քըրքորյանը հազվադեպ է իր ընկերությունների տնօրենների
խորհրդի քննարկումներում հայտնվում, իսկ հասարակության առջեւ ելույթներ
երբեք չի ունենում: Բարձրաշխարհիկ հավաքույթներին մասնակցելու փոխարեն
գերադասում է տասնամյակների ընթացքում ստուգված ու վստահելի ընկերների հետ
շփվել:

«Օուշենի տասնմեկ ընկերները» հայտնի ֆիլմի նկարահանումներն անցկացվել են
Քըրքորյանին պատկանող «Բելաջիո» կազինոյում, որի տարածքի մի մասը՝
շատրվանները, այգիները եւ հյուրասրահը, նկարահանման օրերին փակվել էին:
2003 թվականին Քըրք Քըրքորյանը մեծ ներդրումներ է արել Հայաստանում՝
մշակույթի զարգացմանը տրամադրելով 200 մլն դոլար, ինչը հավասար է երկրի
տարեկան բյուջեի կեսին: Ըստ Forbes ամսագրի՝ աշխարհի ամենահարուստ
մարդկանց ցուցակում Քըրք Քըրքորյանն իր 5,8 մլրդ դոլարով 41-րդ տեղն է
զբաղեցնում: