Հայաստանում եւ Վրաստանում ներքաղաքական զարգացումները որոշակի նմանություններ ունեն, սակայն պետք է փաստել, որ հայաստանյան ընդդիմությունն ավելի հետեւողական եւ սկզբունքային է:
Երեկ «Տեսակետ» ակումբում նման տեսակետ հայտնեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, վրացագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերով՝ եւ՛ Հայաստանում, եւ՛ Վրաստանում ընդդիմության ինտելեկտուալ մասը լիբերալներն են, ու երկու երկրներում էլ գնալով ընդդիմությունն ավելի արմատական է դառնում: «Հայաստանում էլ, Վրաստանում էլ ընտրական շրջան է: Երկու երկրներում էլ ժողովրդավարության դաշտում խնդիրներ կան: Ավելի խորը նմանությունները հենց այս ոլորտում են»,- գտնում է Ս. Մինասյանը: Ըստ նրա, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի ընդդիմադիրներն ավելի բուռն, ավելի սկզբունքային են իրենց բողոքը հայտնելու հարցում: «Խոսքը միայն զբոսանքները չեն: Վրաստանի ընդդիմությունն այդքան կառուցվածքային ինֆրաստրուկտուրա չուներ, Վրաստանի ընդդիմության շարքում չկային մարդիկ, ովքեր պատերազմի մեջ ինչ-որ ներգրավվածություն են ունեցել»,- ասում է բանախոսը՝ հավելելով, որ թվում էր, թե Վրաստանի ընդդիմությունն ավելի լայն խավեր է ներգրավում, սակայն դեպքերի զարգացումը ցույց տվեց, որ Հայաստանի ընդդիմությունն ավելի կազմակերպված եւ ավելի ուժեղ է: «Վրաստանի ընդդիմությունը, տեսնելով, թե ինչքան սկզբունքային ու հետեւողական են Հայաստանի ընդդիմադիրները, որով մեծ հարված հասցրեցին իշխանությանը, գուցե Վրաստանում էլ ընդդիմությունը պատրաստ կլինի ավելի լուրջ եւ ավելի ռադիկալ գործողությունների: Թեեւ Վրաստանի ընդդիմությունն ավելի շատ հակված է արտաքին ազդեցությանը, քան Հայաստանում»,- կարծում է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրենը: Վրաստանում մայիսի 21-ին կայանալու են խորհրդարանի ընտրություններ: Ըստ Ս. Մինասյանի, վրացական ընդդիմությունը միավորվել է, փորձում է նախագահական ընտրություններից հետո տեմպը պահպանել եւ դրա հիման վրա արդյունքի հասնել մայիսի 21-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Նա կարծում է, որ Վրաստանի ընդդիմության մոտ այդ գործընթացն առայժմ բավականին արդյունավետ է ստացվում: Մյուս կողմից էլ, ըստ Ս. Մինասյանի, «անձամբ Սահակաշվիլու համար իր՝ ճիշտ է կասկածելի, բայց, համենայն դեպս, հաղթանակը նախագահական ընտրություններում որոշ ուժի եւ որոշ լեգիտիմության նշաններ են»: Նրա գնահատմամբ՝ եթե անգամ Վրաստանում ԱԺ ընտրությունների արդյունքում ներկայիս ընդդիմությունը հնարավորություն ստանա կառավարությունում ներկայացուցիչներ ունենալ, ապա հայ-վրացական հարաբերություններում դժվար թե սկզբունքային փոփոխություններ լինեն: Բանախոսը երեկ անդրադարձավ նաեւ Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցմանը: Նա չի կարծում, թե այդ երկաթուղին լուրջ քաղաքական փոփոխությունների կհանգեցնի: «Դա ես ավելի շատ համարում եմ տրանսպորտային, կոմունիկացիոն եւ տնտեսական նախագիծ, իհարկե, Ադրբեջանը եւ Թուրքիան համարում են, որ դրանով ինչ-որ քաղաքական հարցեր կլուծեն հատկապես Հայաստանի դեմ ուղղված, բայց այդ քաղաքական իմաստն այդքան շատ չի լինի, որ Հայաստանն իսկապես դա չզգա»,- ասում է նա: