Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ավարտից մի քանի օր հետո թատերական մի քանի գործիչների կոչումներ շնորհվեցին եւ փորձ արվեց հանդիսավորությամբ նշել Թատրոնի միջազգային օրը։
Թատերական «Արտավազդ» ամենամյա մրցանակը, որը պետք է ուշադրության արժանացնի ու նկատելի դարձնի թատերական լավագույն ներկայացումներն ու թատրոնում տարվա ընթացքում ծնված վառ ստեղծագործությունների հեղինակներին, այս տարի անցավ բավականին հանդիսավոր միջոցառման տեսքով։ «Մոսկվա» կինոթատրոնում, որը գտնվում է այս օրերին տարօրինակ ու ինքնաբուխ թատերական հարթակի՝ Հյուսիսային պողոտայի կողքին, հավաքվել էին թատրոնի մարդիկ ու ՀՀ վարչապետը։ Մայրաքաղաքի փողոցում մի բան էր տեղի ունենում, դահլիճում՝ մեկ այլ բան, իսկ մեր թատրոնների բեմում, որպես կանոն, կարելի է բոլորովին այլ բան տեսնել։
Հայաստանի Թատերական գործիչների միությունը (ՀԹԳՄ), ի դեմս միության նախագահ Հակոբ Ղազանչյանի, որն այս պաշտոնում փոխարինեց հորը՝ Երվանդ Ղազանչյանին, կարծես թե արել էր ամեն ինչ՝ «Արտավազդ» մրցանակաբաշխությունն անաչառ ու ինտրիգներով լի կազմակերպելու համար։ Փորձ էր արվել այն նմանեցնել հռչակավոր «Օսկարին», որի հաղթողները վերջին վայրկյաններին, ծրարը բացելու ժամանակ են հայտնի դառնում։ «Օսկարին» նմանակելով` դերասան Գուժ Մանուկյանն էլ «շնորհակալություն» ասելու փոխարեն՝ ասաց. «Թանկ յու»։ ՀԹԳ միությունը հաստատել էր ժյուրիի կազմը, որը եւ պետք է ընտրեր լավագույններին։ Որոշ անվանակարգերում հաղթողներ չկային, իսկ մնացած մրցանակակիրները շատ կռահելի էին, քանի որ մեզանում թատերական իրադարձություններն այդքան էլ առատ չէին։ Լավագույն դերասանուհի ճանաչված Աննա Էլբակյանը նկատեց, որ մրցանակը զարմանալի էր իր համար։ «Ես պարզապես ընթացիկ ներկայացում էի խաղում, շնորհակալ եմ, որ գնահատեցիք»,- նկատեց նա։ Լավագույն դերասան ճանաչվեց Արմեն Էլբակյանը, ով իր ղեկավարած փոքր ու անհարմարավետ թատրոնում մաքսիմալ ազնվությամբ է աշխատում, իր հաղթանակը կիսեց Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Վարուժան Մանուկյանի հետ։ Լավագույն երիտասարդ դերասանները նույնպես երկուսն էին՝ Վահագն Գալստյանն ու Սամվել Թոփալյանը։ Իսկ երիտասարդ դերասանուհիներից ոչ մեկը չառանձնացվեց։ Լավագույն բեմադրիչ համարվեց երիտասարդ Վահան Բադալյանը, ում պրոֆեսիոնալիզմի հետ մեր թատրոնը մեծ հույսեր է կապում։ Համենայնդեպս, պետք է կապի։ Նրա բեմադրած «Օֆելյայի ստվերների թատրոնը» նուրբ ու դինամիկ ներկայացումը կարելի է հպարտությամբ ներկայացնել ցանկացած մրցույթի։ Ուրախալի էր եւ միաժամանակ զարմանալի, որ գնահատվեց նրա գործը, քանի որ նա իր թիկունքում չունի ազդեցիկ թատերական տոհմերից սերող անուններ, այլ՝ պարզապես լավ ռեժիսոր է։ Գոնե մեկ ոլորտում պարզապես լավերին գնահատելու սովորույթն արդեն իսկ ողջունելի է։ Իսկ Վահանին նոր ներկայացումներ անել է հարկավոր, բայց այս անգամ արդեն՝ պրոֆեսիոնալ դերասանների հետ (նա իր ներկայացումն արել է անչափահաս դերասանների հետ)։ «Արտավազդ» շնորհվեց լավագույն ներկայացում հռչակված «Ակ.Ակ» ներկայացմանը, որը պատրաստել էր Տիկնիկային թատրոնը։
Բեմադրիչ Արմեն Մազմանյանը ՀԹԳ միության աշխատանքն ու «Արտավազդ» մրցանակաբաշխությունն անվանել է «կլանային»։ Որոշ դեպքերում դա այդպես է։ Եվ լավագույն երիտասարդ ռեժիսոր ճանաչել Լուսինե Երնջակյանին, իրոք, վաղաժամ է։ Մրցանակը ստանալուց հետո երիտասարդ աղջիկը համեստաբար ասաց. «Շատ մերսի»։ Իսկ լավագույն երիտասարդ ռեժիսոր ճանաչված (մրցանակը կիսվել էր) Սուրեն Շահվերդյանն էլ համեստաբար ավելացրեց. «Ես շատ երկրներում եմ մրցանակներ ստացել, իսկ սա իմ առաջին մրցանակն է հայրենիքում»։
Ընդունված է ասել, որ մարդիկ ոչ թե աշխատում են, այլ՝ ծառայում են թատրոնում։ Այդ ծառայությունը շատ պատվաբեր է եւ շատ հաճախ՝ անտեսանելի։ Դերասան Սոս Սարգսյանը նկատեց, որ թատրոնի նվիրյալների՝ բեմի բանվորների, լուսավորողների, դիմահարդարների շնորհիվ է թատրոնը թատրոն դառնում։ «Մի մոռացեք թատրոնի նվիրյալների մասին»,- նա իր խոսքն ուղղեց ՀՀ Մշակույթի նախարարին։ Իսկ երբ դերասան Արմեն Սանթրոսյանն ասաց՝ «Թող Աստված տա, եւ մենք մեր կյանքի վերջին րոպեն բեմում անցկացնենք»` հասկանալի դարձավ, որ դա իրոք անկեղծորեն է ասված ու թատրոնին ծառայողների ամենամեծ ցանկությունն է։ Իսկ պետության շնորհած մեդալներն ու կոչումները միայն պիտակներ են, որոնք շատ հաճախ կպնում ու պոկ չեն գալիս թատրոնի մարդկանցից՝ խանգարելով իրենց։ Արմեն Ջիգարխանյանը, խոսելով կոչումների մասին, ասել է. «Ո՞ւմ են պետք իմ կոչումները, եթե ես Լիր արքա կամ Համլետ չեմ կարող խաղալ բեմում»։ Թատրոնի բոլոր պրոֆեսիոնալների համար ամենաբարձր պարգեւը կարող է լինել միայն հանդիսատեսի ուշադրությունը, հանդիսատեսի՝ բեմում կատարվածին համախոհ դառնալու պատրաստակամությունը, որն ամեն պահի ծնվում է դահլիճում ու հաջորդ պահին մահանում է։ Եվ այդ պահը միշտ շատ գեղեցիկ ու ակտուալ է։
Թատրոնը շատ տարօրինակ վայր է, ինչպես նկատեց գրող ու թատերագիր Պերճ Զեյթունցյանը՝ թատրոնը «դելիկատես» է։ «Թատերական ներկայացումը դու ես դիտում, իսկ, ասենք, կինոֆիլմը քեզ ցուցադրում են»,- նկատեց նա։ Հանդիսատեսի ֆունկցիան թատրոնում շատ մեծ է եւ միակ անվիճելին, քանի որ թատրոնը լինում է եւ՛ առանց դերասանի, եւ՛ առանց ռեժիսորի, եւ՛ նույնիսկ առանց բեմի, սակայն առանց հանդիսատեսի թատրոն լինել չի կարող։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պոտենցիալ հանդիսատես է, եւ թատրոն է այցելում այն ժամանակ միայն, երբ իրեն հուզող հարցադրումներ է տեսնում բեմում։ Այսօրվա մեր կյանքը բազմաթիվ հարցերով է շաղախված, որոնք բեմ չեն բարձրանում գուցեեւ այն պատճառով, որ դրանք հնչեցնելու ֆորմաներն ու հնչերանգները դեռ գտնված չեն։ Այսօրվա օրը պիտի թատրոն մտնի, թեկուզեւ վարանող ու սխալներով լեցուն լինի, բայց փորձի ճիշտ հարցեր տալ հանդիսատեսին, հուշել, որ հարց տալն արդեն իսկ գեղեցիկ է։ Արդեն իսկ դիրքորոշում է։ Նկատենք, որ «Արտավազդ» չշնորհվեց լավագույն դրամատուրգին։ Եվ դա բնական էր, քանի որ թատրոնի նյութ մեր գրողները չեն ստեղծում։ «Այդպես էլ պիտի լիներ»,- նկատեց դերասան Արթուր Ութմազյանը։ Դեռ Արտավազդ արքայից սկսած (ում կառավարման օրոք էլ հայկական թատրոնը կարճատեւ ու բախտորոշ վերելք ապրեց) ընդունված էր օգտվել հունական ողբերգություններից, որոնք արդիականացվում էին պահի թելադրանքով։ Այսօրվա հայկական թատրոնը պահի թելադրանքին չի հետեւում, գուցե չի էլ զգում այդ պահի կարեւորությունը։ Անվանակարգերում ներկայացված բեմադրությունների շարքում կարելի է տեսնել հեքիաթ, մելոդրամ, կատակերգություն կամ սեքսուալ նեւրոզային փնտրտուք։ Լավ է, իհարկե, բայց «շավղից դուրս» է։ Իսկ թատրոնը պիտի զգա հասարակության զարկերակը, այլապես՝ բեմական նեղ պատմություն էլ կմնա։
Ու թեեւ հանրապետության նորընտիր նախագահն այդ երեկո ելույթ չունեցավ (նա արդեն բավականին խոսել էր թատրոնի հանդեպ իր ունեցած սիրո ու ակնածանքի մասին դեռ այն ժամանակ, երբ կոչումներն էր հանձնում), այնուամենայնիվ, ելույթ ունեցողներից շատերն իրենց խոսքում շնորհակալություն էին հայտնում վարչապետին՝ հանդիսությանը ներկա գտնվելու համար։ Սիրելի դերասան Վլադիմիր Մսրյանը նույնիսկ վարչապետին «վարժապետ» անվանեց ու նկատեց, որ հիմա Հայաստանում կարելի է «լիաթոք ապրել», քանի որ «սառույցը հալվեց»։ Անհասկանալի մնաց, թե նա ի՞նչը նկատի ուներ։ Ու երբ Վ.Մսրյանն ասաց` «Առաջ…», ու երկարատեւ դադար վերցրեց, տպավորություն ստեղծվեց, որ ուզում է ասել Հանրապետական կուսակցության «Առաջ, Հայաստան» կարգախոսը, սակայն նա, Փառք Աստծո, իր խոսքն ավարտեց «Առաջ, թատրոն» նորաստեղծ կարգախոսով։