Սուպերքաղաքապետ

28/03/2008

Ընդամենը 6 ամիս հետո ականատեսը կլինենք քաղաքական նոր ընտրապայքարի, որն իր նշանակությամբ գրեթե համարժեք կլինի համապետական նախորդ ընտրություններին: Առաջիկայում ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կընդունի Երեւանի մասին օրենքը, քանի որ աշնանը պետք է տեղի ունենան հերթական ՏԻՄ ընտրությունները: Ըստ այս օրենքի` Երեւանի ապագա քաղաքապետն ընտրվում է Երեւանի ավագանու կողմից, որը կազմվում է 65 անդամից: Երեւանի քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, ով ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե, ավագանու ընտրությունների արդյունքով, ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է Երեւանի ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը համարվում է ընտրված քաղաքապետ: Երեւանը կունենա առանձին բյուջե, իսկ ապագա քաղաքապետը, որը նաեւ Երեւանի քաղաքացիական պաշտպանության պետն է լինելու՝ հսկայածավալ լիազորություններով, այսուհետ ավելի մեծ ազդեցություն կունենա Ոստիկանության, հասարակական կարգի պահպանության մարմինների վրա: Այսինքն` ապագա քաղաքապետը դառնում է քաղաքական լուրջ ֆիգուր: Չմոռանանք, որ Երեւանում է բնակվում ՀՀ ազգաբնակչության մոտ կեսը, քաղաքականապես առավել ակտիվ զանգվածը: Հաշվի առնելով ՀՀ նախագահական վերջին ընտրություններում Երեւանի բնակչության կողմից ընդդիմության թեկնածուին տրված քվեները, ակնհայտ է, որ ընդդիմությունը նույնպես լուրջ շանսեր ունի իր ընդգծված ներկայությունը Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ապահովելու համար: Այս հարցը չի կարող չմտահոգել իշխանություններին: ՀՀ իշխանությունները Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններում իրենց մեծամասնությունն ապահովելու համար՝ հնարավոր է, մասնակցեն կոալիցիոն (ՀՀԿ, ՀՅԴ, «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան») ուժերի միասնական համամասնական ցուցակով: Իսկ թե ո՞վ կգլխավորի այդ ցուցակը` առայժմ հայտնի չէ: Բանակցում են եւ՛ ընդդիմադիր, եւ՛ իշխանական-կոալիցիոն կուսակցությունները: