Նախորդ տարվա աշնանը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահեցնում էր, որ ընդամենը մեկ տարի հետո մեր երկրում այնքան փող է լինելու, որ չենք իմանալու՝ ինչ անենք:
Իսկ երեկ Մամուլի Ազգային ակումբում նա ասաց. «Հայաստանն արագ քայլերով առաջ է գնալու, եւ մի 2-3 տարի հետո այն միտինգի մասնակիցները, որ մեծամասամբ իրենց իրավունքների խնդիրն էին դնում, կարծում եմ, որ իրենք իրենց ներսում ինչ-որ չափով կդատապարտեն նաեւ իրենց»,- կանխատեսեց Գ. Սահակյանը՝ հավելելով, թե «ծրագիրը կար, խոստումները կար», դե, իսկ ՀՀԿ-ն էլ, ինչպես վստահեցնում է այդ կուսակցության փոխնախագահը, ինչ ասում է` անում է: Գ. Սահակյանը երեկ նաեւ տեղեկացրեց, որ իրենց համար «հավատամք է», որ չի կարելի ժողովրդի ձայնն անտեսել: «Այն քաղաքական ուժերը, որոնք ավելի մեծ կշիռներով ձայներ են հավաքել, բնականաբար, չի կարելի այդ ուժերին օտարել. այն խոստումները, որ քարոզչության ընթացքում տվել են հասարակությանը, անհրաժեշտ է հնարավորություն տալ, որպեսզի համատեղ լուծումների միջոցով կարողանանք նաեւ բավարարել մեր ընտրողների պահանջները»,- նորաստեղծ կոալիցիայի ստեղծման պատճառները բացատրեց Գ. Սահակյանը: Իսկ արդյո՞ք այդ կոալիցիայի ստեղծմանը նպաստել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնը: Պարզվեց՝ Գ. Սահակյանը չի ուզում նման հարցերի պատասխանել: «Ես ուզում եմ խուսափել այս հարցերից, որովհետեւ դա էջ էր, որը պիտի փակել,- ասաց ՀՀԿ փոխանախագահն, ու այդ պահին նրա միտքը եկավ Թումանյանի հայտնի ստեղծագործությունից մի հատված, որը, սակայն, բանասեր Գալուստ Սահակյանը ներկայացրեց որոշ աղավաղումներով. «Չարն էլ է իշխում դարեդար, անեծք նրա չար գործին»: «Չարի» մասին բանախոսի միտքն այսքանով չսահմանափակվեց, եւ նա տեղեկացրեց, որ «դա ընդդիմության եւ իշխանության կռիվ չէր»: «Մարդ էր հայտնվել, որ նոր ֆորմատի կառավարելի Հայաստան էր ուզում ստեղծել եւ սկուտեղով մատուցել այլոց»,- վստահեցրեց ՀՀԿ փոխնախագահը: Նրա խոսքերով՝ լարվածություն չկա, «որովհետեւ լարվածությունը ոչ թե ժողովրդի մեջ է, այլ նրանց, ովքեր ուզում են իշխանություն ունենալ, ովքեր ուզում են իշխանությունը չթողնել, նրանց, ովքեր առաջներում իշխանություն են ունեցել, այսօր կարոտել են այդ իշխանությանը»: Ըստ Գ. Սահակյանի` այդ լարվածությունը թուլացնելու միայն մի ճանապարհ կա. երկրի ներսում անհրաժեշտ են արագ բարեփոխումներ. «որը մեր ծրագրում ակնհայտորեն կա, մնում է իրագործել»: Իսկ արդյո՞ք «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» եւ պետական պաշտոնյաների պահպանության մասին ՀՀ օրենքներում կատարված վերջին փոփոխություններն այդ «արագ բարեփոխումների» տրամաբանության մեջ էին արվում: Այս հարցին Գ. Սահակյանն այսպես արձագանքեց. «Գիտեք, այդպես չի կարելի, եւ շատ դեպքերում էլ մեր կողմից էլ ներկայացնում են այսպես մեղայականով: Ժողովրդավարությունը այն պրոցեսներն են, որոնք ավելի անվտանգ են պահում պետությանը: Եթե պետությունը վտանգվում է, այստեղ արդեն խոսք լինել չի կարող, թե այս օրենքում ինչը փոխվեց, ինչը չփոխվեց: Բնականաբար, պետության երաշխավորն այսօր իշխանություններն են, եւ իշխանություններն ուզում են անվտանգ տեսնեն հասարակական կարգը եւ դրա հետ կապված նաեւ պետությունը»: Իսկ ինչպե՞ս բացատրել այն, որ, ասենք, օրերս Հյուսիսային պողոտայի նստարաններից մեկին նստելու համար բերման էր ենթարկվել մի սարկավագ: Արդյոք այդ սարկավագի՝ այնտեղ նստելը սպառնո՞ւմ էր մեր պետության անվտանգությանը: «Գիտեք, մի անհատականացրեք որեւէ երեւույթ եւ դա դարձրեք էսպես քաղաքական քննարկման առարկա,- առաջարկեց Գ. Սահակյանն ու շարունակեց,- Բոլորս էլ երեւույթներ ենք տեսնում»: Հետո նա պատմեց իր տեսած մի «երեւույթի» մասին: Ըստ այդմ, «երեկ մի տիկին գոռում էր, որ իր նպաստները չեն տվել»: «Կին էր, գոռգոռում էր: Հետո պարզվեց, որ նպաստներն էլ են տվել, փողերն էլ են տվել, բայց գոռգոռում էր: Հիմա դա դարձնենք քաղաքակա՞ն նյութ»,- ներկաներին հարցրեց ՀՀԿ փոխնախագահը: Վերջինս ասուլիսի վերջում կարծիք հայտնեց, որ զբոսնելը չի հակասում համապատասխան օրենքում վերջերս արված փոփոխություններին: Իսկ ճի՞շտ է տպավորությունը, թե ըստ Գ. Սահակյանի՝ հասարակական դժգոհություն չկա: Պարզվեց՝ այդքան էլ այդպես չէ: Ըստ բանախոսի, եթե հասարակական դժգոհություն չլինի, երկիրը չի զարգանա: Նա գտնում է, որ միշտ էլ հասարակական դժգոհություն պետք է լինի: Լրագրողների այն հարցին, թե միգուցե խնդիրը քաղաքական համակարգի՞ մեջ պետք է փնտրել, Գ. Սահակյանը պատասխանեց, թե սոված ժողովրդի պարագայում անհնար է որեւէ համակարգ կայացնել, քանի որ սոված ժողովրդին միայն իր հացն է հետաքրքրում, եւ ոչ թե այս կամ այն համակարգը: Իսկ մնացածը, ըստ բանախոսի` «եվրոպական տերմինոլոգիաներ» են: «Մարդը նախ պիտի ապրի,- բացատրեց ՀՀԿ փոխնախագահը,- Սոված ժողովուրդը չի ճանաչում ոչ քո՛ համակարգը, ոչ ի՛մ, ոչ էլ մյուսի՛: Նրա հանապազօրյա հացը պիտի ստեղծել, որպեսզի նա կարողանա շարժել նաեւ քաղաքական համակարգը: Քանի դու դա չես ստեղծել, մնացածը եվրոպական տերմինոլոգիաներ են»: