«Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների պատճառը ընտրությունների ժամանակ իրականացված բռնություններն ու կեղծիքներն էին. մարդիկ եկել էին հրապարակ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու. հանրահավաքները կրում էին բացառապես խաղաղ բնույթ, եւ ուժի կիրառումը բացարձակապես հիմնավորված չէր»,- «Ա1+»-ին ասել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նա հիշեցրել է, որ 2003 թվականի ընտրություններից հետո թե՛ իրենք, թե՛ ԵԽ-ն պահանջում էին, որպեսզի բռնություններ իրականացրած անձանց եւ ընտրակեղծարարներին պատասխանատվության ենթարկեն. «Այդպես էլ որեւէ քայլ այդ ուղղությամբ չարվեց. հիմա ունենք նույն պատկերը: Այս ամենը հենց այդ անպատժելիության հետեւանք էր»: Ըստ նրա, հիմա վերլուծություններ են արվում, թե իբր Ազատության հրապարակում հավաքված մարդկանց վրա ներազդում էին, տեխնոլոգիաներ էին կիրառում, բայց իրականությունն այլ է. պատճառը իշխանությունների կողմից կիրառված «տեխնոլոգիաներն էին»՝ կեղծիքները եւ բռնությունները: «Իշխանությունները պետք է գիտակցեն, որ ռեպրեսիվ միջոցներով այս ճգնաժամը հաղթահարել հնարավոր չէ, հակառակը, է՛լ ավելի է խորանում այն վիհը, որն առաջացել է իշխանությունների եւ հասարակության միջեւ: Խնդիրը անձերի, քաղաքական ուժերի մեջ չէ, իշխանությունը խնդիր ունի հասարակության հետ, եւ պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, թե իբր վայելում է հասարակության 70%-ի աջակցությունը: Այդպես չէ»,- ասել է Ս. Դեմիրճյանը: Նա գտնում է, որ առաջին հերթին պետք է դադարեցնել քաղաքական հետապնդումները, հստակ պետք է տարանջատեն քրեական հանցանք կատարած անձանց քաղաքական դիրքորոշումն արտահայտող մարդկանցից, եւ պետք է պատասխանատվության ենթարկեն ընտրակեղծիքներ եւ բռնություններ կատարած անձանց: Պետք է իրականացվի մարտի 1-ի դեպքերի անկախ, անաչառ հետաքննություն: Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի հետագա գործողություններին, ապա նրանք, ըստ Դեմիրճյանի, պարտավոր են առաջնորդել քաղաքացիների պայքարը հանուն իրենց իրավունքների: «Պետք է հասնենք նրան, որ արտոնվեն խաղաղ հանրահավաքները, քանի որ այդ պահանջը հասարակության մեջ կա, բացի այդ, նաեւ ընտրությունների արդյունքում առաջացած ճգնաժամը հնարավոր է հաղթահարել միայն արդար ընտրությունների միջոցով»: Նա նկատում է, որ նաեւ ակնհայտորեն այսօրվա ԱԺ-ն չի արտահայտում հասարակական տրամադրությունները: Ինչ վերաբերում է երկխոսության հնարավորությանը, ապա դա չպետք է դառնա լոզունգ, «այլ պետք է իրական քայլեր արվեն, որոնք կնպաստեն այդ երկխոսությանը»: «Այսօր այդպիսի քայլեր իշխանությունների կողմից չեն արվում: Ակնհայտ է, որ այս ճգնաժամի հաղթահարումը քաղաքական լուծումներ է պահանջում: Դրանք են՝ քաղաքական հետապնդումների, կամայականությունների եւ ապօրինությունների դադարեցումը, ինչն առայժմ չի արվում»,- ասել է Ստեփան Դեմիրճյանը: