Երեկ` մարտի 26-ին, ժամը 18:00-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները հերթական «քաղաքական» զբոսանք-ակցիան էին կազմակերպել, որը նախապես հայտարարվել էր որպես ընթերցանության օր:
Ըստ այդմ, ակցիայի մասնակիցները պետք է Հյուսիսային պողոտայում քայլեին ու բարձրաձայն ինչ-որ հատվածներ կարդային գրքերից կամ թերթերից: Նախապես հայտարարված ընթերցանությանը խանգարեցին ոստիկանները` պատճառաբանելով, թե խանգարում են հասարակական կարգը:
Ժամը 17:50-ի մատույցներում սկսվեց Հյուսիսային պողոտայում ՀՀ քաղաքացիների բերման ենթարկելու գործընթացը: Մոտ 100-150 քաղաքացիներ զբոսնում էին պողոտայով, ոստիկանների քանակը նկատելիորեն ավելի շատ էր: Ոստիկանները մոտենում էին պողոտայով զբոսնող մարդկանց ու, առանց որեւէ բան ասելու, նրանց թեւանցուկ արած տանում էին դեպի ոստիկանական մեքենաներ, այնտեղից էլ՝ անհայտ ուղղությամբ: Ոստիկաններն այդպես սուսուփուս, առանց որեւէ բացատրության բերման էին ենթարկում նաեւ կանանց ու աղջիկների: Դժվար էր որեւէ օրինաչափություն գտնել, թե զբոսանքի ելած հատկապես ո՞ր քաղաքացիներին էին բերման ենթարկում: Բերման ենթարկվողներն ընդհանրապես որեւէ բանով աչքի չէին ընկնում, չէին աղմկում, կոչեր չէին անում, տարածքը չէին աղտոտում. զբոսնում էին: Բերման ենթարկելու պրոցեսը մի պահ բավականին ակտիվ էր ընթանում. լրագրողները չէին հասցնում նկարել հերթական բերման ենթարկվողին: Բերման էին ենթարկում մի քանի հոգու միաժամանակ: Երկու թիկնեղ ոստիկան մոտենում էին զբոսնող մի քանի աղջկա ու նրանցից մեկին պարզապես գողանում՝ առանց որեւէ բան ասելու նստեցնում մեքենան ու տանում (ինչպես հետագայում պարզվում էր՝ Ոստիկանության բաժանմունքներ): Ոստիկանները բերման ենթարկեցին նաեւ մի երիտասարդի, ով իր կնոջ հետ այդ պահին պարզապես անցնում էր Հյուսիսային պողոտայով: Նրա կնոջ բարձրացրած աղմուկից հետո որոշ ժամանակ անց այդ կնոջը մոտեցավ Ոստիկանության Երեւանի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արտյոմ Բաբայանն ու ասաց, թե սխալմունք է տեղի ունեցել, եւ այդ կնոջ ամուսնուն շուտով բաց կթողնեն: Իսկ ինչպե՞ս են որոշում` ո՞ւմ բերման ենթարկեն, ո՞ւմ՝ ոչ, պարզապես մարդկանց դեմքին նայելո՞վ: Լրագրողների այս հարցին Ա. Բաբայանը պատասխանեց՝ ասելով, թե հենց դրանում է իրենց պրոֆեսիոնալիզմը: Իրենց պրոֆեսիոնալիզմի մասին հիշատակած իրավապահները երեկ բերման են ենթարկել նաեւ մի շնիկի: Ականատեսների փոխանցմամբ՝ քաղաքացիներից մեկը պողոտայում զբոսնում էր իր շան հետ: Ոստիկանները բերման են ենթարկել իր շան հետ զբոսնող քաղաքացուն: Իսկ ինչո՞ւ են բերման ենթարկվում զբոսնելու դուրս եկած մարդիկ: Լրագրողների այս հարցին ի պատասխան՝ Ոստիկանության Արաբկիրի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանն առաջարկեց դիմել Ոստիկանության լրատվական ծառայությանը: Երեկ բերման ենթարկվածների թվում է նաեւ Հ2 հեռուստաընկերության նախկին լրագրող Սուրեն Սարգսյանը, ով մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժմանը միանալու մասին, եւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի որդին՝ Արսեն Խառատյանը: Այդ պահին Հյուսիսային պողոտայում էր գտնվում ՀԺԿ անդամ Ռուզան Խաչատրյանը: Վերջինս հեռախոսով կապվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հետ եւ նկարագրեց, թե ինչ է տեղի ունենում, ու հորդորեց այս մասին տեղյակ պահել ԵԱՀԿ դեսպաններին, մարդու իրավունքների պաշտպաններին եւ այլոց: Ոստիկանները լսում էին այս խոսակցությունը, ինչից հետո մի պահ կարծեք թե դադարեցին մարդկանց բերման ենթարկել:
Քիչ անց ժամանեցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Լարիսա Ալավերդյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Լ. Ալավերդյանը նկատեց, որ իրավապահները կարծեք թե դիտմամբ փորձում են սրել իրավիճակը: Մարդկանց բազմությունը սկսեց ավելանալ: Ու թեեւ երեկ նախատեսված էր գիրք կարդալ զբոսանքի ընթացքում, սակայն իրավապահներն իրենց գործողություններով խոչընդոտեցին ակցիայի իրականացմանը, զբոսանքի ելած մարդիկ մոտ 1-1,5 ժամ զբոսնելուց հետո ցրվեցին՝ այսօր կրկին զբոսանքի դուրս գալու ակցիայի պայմանավորվածությամբ: Ոստիկանները ցրվող մարդկանցից մի քանիսին եւս բերման ենթարկեցին: Մոտավոր հաշվարկներով՝ երեկ զբոսանքի պահին բերման են ենթարկվել ՀՀ մոտ 40 քաղաքացիներ, որոնց զգալի մասը կանայք են ու երիտասարդ աղջիկներ: Իրավապահներն անգամ փորձեցին բերման ենթարկել հաշմանդամ ծեր մի կնոջ, ով ձեռնափայտով էր: