Առճակատման նպատակ չունեն

28/03/2008

«Մենք նպատակ չենք դնում առճակատման գնալ «Գազպրոմի» հետ: Մենք նպատակ չենք դնում նոր «սառը պատերազմ» սանձազերծել Ռուսաստանի դեմ բնական գազի պատճառով: Մեր նպատակն է օգտագործել շուկայական մրցակցության ուժը, որպեսզի ամրապնդենք Եվրոպայում մեր դաշնակիցների բանակցային դիրքերն այն հաշվով, որ նրանք կարողանան փոխընդունելի համաձայնություններ մշակել «Գազպրոմի» հետ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Նա չի թաքցրել, որ Վաշինգտոնի ջանքերը նպատակամղված են Եվրոպային գազի մատակարարումների ուղեգծերի դիվերսիֆիկացմանը, որպեսզի այդ կերպ նվազեցվի նրա կախվածությունը Ռուսաստանից: Նա պնդել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում ՌԴ-ին «դուրս մղել» Կասպիական տարածաշրջանից: Մ. Բրայզայի խոսքով, ԱՄՆ-ը միայն ձգտում է այն բանին, որ Կասպիականի արեւելյան մասում արդյունահանվող գազի մի մասը Եվրոպայում ստացվի այլընտրական մայրուղիներով, մասնավորապես, «Նաբուկո» խողովակաշարով եւ Թուրքիա-Հունաստան-Իտալիա ուղեգծի գազատարով: