Պատժախցում էր

28/03/2008

Ոստիկանության համակարգից հեռացվել է ոստիկան Աշոտ Թադեւոսյանը, ով քաղաքացիական դիրքորոշում էր արտահայտել եւ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի կազմակերպած հանրահավաքներից մեկի ժամանակ պատռել էր ոստիկանի իր վկայականը: Օրեր շարունակ նրանից ոչ մի լուր, տեղեկություն հնարավոր չէր ստանալ: Սակայն երեկ «Ա1+»-ին հաջողվել է գտնել Պետական պահպանության ծառայության ոստիկան Աշոտ Թադեւոսյանին: Նա «Ա1+»-ին տեղեկացրել է, որ իրեն նախ կարգապահական տույժի են ենթարկել եւ 10 օր ձերբակալված պահել, ապա հեռացրել համակարգից: Ըստ «Ա1+»-ի, Ոստիկանության պատժախցերում բավականին մեծ թվով ոստիկաններ են եղել մարտի 1-ից հետո, որոնք այս կամ այն կերպ հրաժարվել են կատարել կրակելու կամ խաղաղ ցուցարարներին ծեծելու հրամանները: Ոստիկանության Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքել են այս լուրը: Նույն վարչությունում նաեւ որեւէ տեղեկություն չեն տրամադրել Աշոտ Թադեւոսյանի գտնվելու վայրի մասին: Նրանք նաեւ չեն ասել, որ նա 10 օր գտնվել է «պատժախցում»: