«Դեֆիցիտ» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է՝ «չի բավականացնում»: Մեր օրերում այդ բառը հաճախ օգտագործվում է որպես տնտեսագիտական տերմին: Տնտեսության մեջ դեֆիցիտն առաջանում է այն դեպքում, երբ պահանջարկը գերազանցում է առաջարկը: Ես տնտեսագետ չեմ, այդ իսկ պատճառով կփորձեմ դեֆիցիտ հասկացողությունը դիտարկել ոչ տնտեսագիտական տեսակետից:
Մարտի 1-ից ի վեր ողջ հայ հասարակությունը բոլոր լրատվամիջոցներով քննարկում է այն հարցը, թե ինչու այսպես ստացվեց: Այն վարկածը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ հիպնոսացնել մասսաներին, կամ «կախարդական բառեր» ասաց, եւ մարդիկ գնացին նրա հետեւից, գոնե ինձ համար ծիծաղելի է: Որովհետեւ կարծում եմ, որ նախ՝ Լ.Տեր-Պետրոսյանի հետեւից գնացողների թիվն իրականում շատ ավելի քիչ է, քան 350 հազար մարդը: Այդ ընտրազանգվածի գերակշիռ մասը ոչ թե նրա հետեւից է գնացել, այլ ընդդեմ իշխանությունների վարած քաղաքականության ու երկրում տիրող անարդարությունների: Եվ հենց այս հանգամանքը գիտակցելով` ամենասկզբից Տեր-Պետրոսյանն ինքն իրեն ներկայացրեց ոչ թե որպես առաջնորդ, այլ որպես «գործիք»` իշխանությունների դեմ պայքարելու համար: Եվ երկրորդ՝ Լ. Տեր-Պետրոսյանը մի քանի օրերի ընթացքում կամ մի քանի ամսում ոչ թե ստեղծեց այս իրավիճակը, այլ կարողացավ ակումուլյացնել այն զանգվածին, որը դժգոհ էր իշխանություններից:
Փաստ առաջին` Հայաստանում կա զգալի մի զանգված, որը դժգոհ է իշխանություններից: Հակառակ սրան` իշխանության մեջ շատերի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է մարդիկ դժգոհեն իրենցից: Չէ՞ որ վերջին տարիներին անընդհատ երկնիշ տնտեսական աճ է գրանցվել, մարդկանց սոցիալական վիճակն անհամեմատ բարելավվել է, 1990-ականների համեմատ կտրուկ աճել է աշխատատեղերի քանակը, եւ այլն, եւ այլն: Այնուամենայնիվ, գոնե ԿԸՀ տվյալներով, Հայաստանի ընտրազանգվածի 47%-ը իշխանությունների օգտին չի քվեարկել: Փաստ երկրորդ` ուրեմն, այնուամենայնիվ, Հայաստանում առայժմ ինչ-որ բանի պակաս` «դեֆիցիտ» կա: Իսկ ցանկացած դեֆիցիտ միշտ էլ բողոք է առաջացնում մարդկանց մոտ: Օրինակ, «ԱրմենՏելի», «Իզի» քարտերի երբեմնի դեֆիցիտի պատճառով է նաեւ, որ այդ ընկերությունը մինչ օրս չի կարողանում վերականգնել իր իմիջը:
Իսկ վիտամին «D»-ի պակասն օրգանիզմում հանգեցնում է ռախիտի: Ռախիտը հիվանդության տեսակ է, որի ընթացքում մանկական օրգանիզմի ոսկրային ամրության պակասի եւ անհամաչափ աճի հետեւանքով դեֆորմացվում է երեխայի կմախքը: Փորձենք հասկանալ, թե մեր պետության համար ի՞նչը կարող էր վիտամին «D»-ի դեր կատարել, որի դեֆիցիտի (իսկ որոշ դեպքերում` իսպառ բացակայության) պատճառով էլ մեր 17-ամյա նորանկախ պետությունը դարձավ «ռախիտ»:
Եվ այսպես, այսօր ինչի՞ դեֆիցիտ կա մեր երկրում: Չէ՞ որ խնդիրը` դատելով հանրահավաքների բովանդակությունից ու մասնակիցների սոցիալական կարգավիճակից` սոցիալական չէր:
Երկրում, առաջին հերթին, կարծում եմ, արդարության եւ ինտելեկտի դեֆիցիտ կա: Ինտելեկտի պարագայում ամեն ինչ պարզ է` եթե որեւէ պետության մեջ առկա է սափրագլուխների եւ 8-ամյա կրթությամբ ղեկավարների պրոֆիցիտ, ապա, բնական է, որ նման երկրում ինտելեկտը չի կարող տեղ ունենալ: Խորհրդային Միության տարիներին դեֆիցիտ համարվող ապրանքները կարելի էր գերավճարով եւ «տակից» ձեռք բերել, այն էլ` հատուկ խանութներից: Ցավալին այն է, որ այսօր անկախ Հայաստանում ինտելեկտը նույնիսկ «տակից» չես կարող ձեռք բերել: Իսկ դա մի բան կարող է նշանակել, որ այն գոյություն չունի, վերացել է կամ բոլորովին այլ տեղում է, որովհետեւ պահանջարկ չունի: Արդարությունը, սակայն, մեր օրերում դեռ կարելի է գոնե «տակից» ձեռք բերել: Այն էլ` միայն գերավճարով: Համոզված եմ` անկախ դատական համակարգի, Կադաստրի, Հարկային եւ Մաքսային ծառայությունների, Ոստիկանության, Դատախազության, վարկեր տրամադրող կազմակերպությունների եւ բազմաթիվ այլ ատյանների ներկայացուցիչները, ԶԼՄ-ները (եւ այլն) լավ կհասկանան, թե ինչի մասին է խոսքը:
Հասարակության մեջ նաեւ մեծերի եւ միմյանց նկատմամբ հարգանքի դեֆիցիտ կա, որի բացը ժամանակին մեծ հաջողությամբ լրացվում էր հատկապես դպրոցում, եւ որի մասին այսօր ոչ միայն դպրոցներում են մոռացել, այլեւ՝ ընտանիքներում: Եվ դա բնական է, որովհետեւ, եթե մի երկրում դպրոցը վստահվում է Սերգո Երիցյանին եւ նրա նմաններին, ապա ուսուցիչներին ու աշակերտներին էլ պետք է հետաքրքրեն ոչ թե հասարակական փոխհարաբերությունները, այլ Մարտի 8-ի եւ Ապրիլի 7-ի (եւ այլ տոների) նվերների ու բջջային հեռախոսների մեգապիքսելների չափը:
Էլ չենք խոսում արժանապատվության դեֆիցիտի մասին: Չի կարելի, օրինակ, այդ աստիճան տրորել գյումրեցիների արժանապատվությունը: Ավետիք Իսահակյան եւ Մհեր Մկրտչյան ծնած քաղաքը պարզապես չի կարող այդպիսի ղեկավար ունենալ:
Անթույլատրելի է: Եթե խոսենք մեր կյանքում եղած բոլոր երեւույթների դեֆիցիտի մասին, այս հոդվածը պատմվածք կդառնա: Մի բան ակնհայտ է. եթե ուզում ենք դուրս գալ այս իրավիճակից, ուրեմն պետք է շտապ վերացնենք թվարկված դեֆիցիտները` մարդկանց առաջարկելով այն, ինչի պահանջը հասարակությունն ունի: Հավատացեք, դա այդքան էլ դժվար չէ, որովհետեւ այս դեֆիցիտը լրացնելու համար «Հազարամյակի մարտահրավերների» կամ «Լինսի» հիմնադրամի գումարներ հարկավոր չեն: Հարկավոր է միայն կամք: Գուցե քաղաքական-հասարակական կամք: Ընդ որում, այդ կամքը պահանջվում է եւ՛ իշխանություններից, եւ՛ ժողովրդից: Համաձայնեք, որ եթե կաշառք տվող չլինի, վերցնող էլ չի լինի: Եթե դաստիարակող լինի, դաստիարակվողը անպայման կլսի նրան: Եթե անգրագետ պատգամավորին ընտրակաշառքով չընտրենք, հետո չենք բողոքի նրանից: Համաձայնեք, որ որոշ դեպքերում այդ դեֆիցիտը արհեստական է: Իսկ արհեստական դեֆիցիտը, որի կարճաժամկետ կիրառումը կարող է եւ հրաշալի էֆեկտ տալ, երկարատեւ կիրառումից հետո կարող է բերել մեծ հիասթափության:
Վստահ եմ, որ ՀՀ նորընտիր նախագահը պատրաստ է մեր հասարակությանը տալ այն վիտամին «D»-ն, որի պակասն այսօր ակնհայտ է: