Ընտրապայքարի հաջորդ կանգառըէ Երեւանի քաղաքապետարան

28/03/2008 Կարեն ԲԱԲԱՅԱՆ

Մոտ ժամանակներս Ազգային ժողովը, թերեւս, երկրորդ ընթերցմամբ կընդունի Երեւանի մասին օրենքը (ամբողջական անվանումը` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին օրենք»), քանի որ արդեն աշնանը Հայաստանում պետք է տեղի ունենան հերթական ՏԻՄ ընտրությունները:

Համաձայն այս օրենքի` Երեւանի ապագա քաղաքապետն ընտրվում է Երեւանի ավագանու կողմից. «Երեւանի ավագանին Երեւանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում Երեւանի քաղաքապետի գործունեության նկատմամբ, հաստատում է Երեւանի բյուջեն եւ վերահսկում է բյուջեի կատարումը, հաստատում է բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը»: Ավագանին, ըստ նույն օրենքի, կազմվում է 65 անդամից եւ ընտրվում է ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով: Երեւանի քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: «Եթե Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքով, ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է Երեւանի ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը համարվում է ընտրված Երեւանի քաղաքապետ:

…Եթե Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքով որեւէ կուսակցություն չի ստանում Երեւանի ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա Երեւանի ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու, եթե վերջինս հրաժարվում է, ապա առաջադրվելու իրավունքը փոխանցվում է տվյալ կուսակցության թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ թեկնածուին (թեկնածուներին, եթե հերթական հորիզոնականներում գտնվող անձինք եւս հրաժարվում են):

…Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է Երեւանի քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելին են դեմ քվեարկած ձայների թվից, եւ ավելի են, քան Երեւանի ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսը»,- մեջբերումները` օրենքից:

Քաղաքը կունենա իր բյուջեն, որը կձեւավորվի` Երեւանում գտնվող հողի հարկերից, գույքահարկից, գանձվող եկամտահարկից եւ շահութահարկից, բնապահպանական վճարներից գանձվող մասհանումներից, հողի հարկի եւ գույքահարկի գծով Երեւանի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր եւ տուգանքներից, տեղական հարկերից, տուրքերից եւ վճարներից, Երեւանի սեփականություն հանդիսացող հողերի, ինչպես նաեւ Երեւանում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներից, Երեւանի ենթակայության կազմակերպությունների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից առաջացած եկամուտներից, պետբյուջեից տրամադրվող հատկացումներից, համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների, հողերի եւ ոչ նյութական ակտիվների օտարումից, համայնքի սեփականություն համարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից ստացվող միջոցներից, պետբյուջեից տրամադրվող դոտացիաներից, սուբվենցիաներից, այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհներից, վարկերի եւ փոխատվությունների ձեւով ներգրավված միջոցներից, Երեւանում տեղաբաշխված իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից եւ օտարումից ստացված միջոցներից, եւ այլն, եւ այլն:

Համաձայն այս օրենքի, ապագա քաղաքապետը նաեւ Երեւանի քաղաքացիական պաշտպանության պետն է։ Ավելին, ապագա քաղաքապետն այսուհետ ավելի մեծ ազդեցություն կունենա Ոստիկանության, հասարակական կարգի պահպանության մարմինների վրա: Քաղաքապետը կունենա 5 տեղակալներ, հսկայական աշխատակազմ: Այսինքն` Երեւանի ապագա քաղաքապետը դառնում է քաղաքական պատասխանատվություն կրող լուրջ մարմին` ֆիգուր, հսկայածավալ լիազորություններով ու առանձին բյուջեով: Քաղաքապետն է նշանակելու նաեւ Երեւանի համայնքների վարչատարածքային ղեկավարներին: Ամիսներ առաջ քննարկվում էր որոշ համայնքների միավորվելու հարցը, սակայն ԱԺ եւ մասնավորապես ՀՀ նախագահական ընտրություններից հետո այդ հարցն օրակարգից դուրս մղվեց:

Երեւանի մասին այս օրենքն ունի բազմաթիվ թերություններ, որոնցից մեկն էլ այն է, որ առաջնային եւ պարտադիր պայման է համարվում ապագա քաղաքապետի կամ ավագանու անդամների` կուսակցական լինելու, քաղաքական որեւէ ուժ ներկայացնելու հանգամանքը: Անկուսակցականները, փաստորեն, տեղ չեն կարող ունենալ քաղաքի կառավարման գործում: Բնականաբար, շատերը, որոնք կարող էին Երեւանի կառավարման գործում մեծ ներդրում ունենալ, թեկուզեւ անձնական սկզբունքներից ելնելով` հնարավոր է` չցանկանան որեւէ կուսակցության անդամագրվել` համամասնական ընտրացուցակով առաջադրվելու համար: Բացի այդ, փորձը ցույց է տվել, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը կամ ավագանին ավելի սերտորեն է կապված ժողովրդի` իր ընտրատարածքի ընտրողների հետ, քան համամասնական ընտրակարգով ընտրված թեկնածուն: Մեծամասնական ընտրակարգով ընտրված թեկնածուն առավել մեծ պատասխանատվություն է կրում բնակչի առջեւ, եւ քաղաքացին որեւէ խնդիր ունենալու դեպքում ուղիղ դիմում է նրան, ինչը, թերեւս, ավելի ժողովրդավար մոտեցում է:

Հաշվի առնելով ՀՀ նախագահական վերջին ընտրություններում Երեւանի բնակչության կողմից ընդդիմության թեկնածուին տրված քվեները, հասկանալի է, որ ընդդիմությունը նույնպես լուրջ շանսեր ունի իր ընդգծված ներկայությունը Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ապահովելու համար: Ընդդիմության` ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանում մեծ եւ քաղաքականապես ակտիվ ընտրազանգված ունի, որը չի կարող չմտահոգել իշխանություններին: Իսկ ընդդիմությունը, համոզված ենք, բաց չի թողնի Երեւանի ապագա քաղաքապետի պաշտոնի համար ընտրապայքարը: Հատկապես, երբ Երեւանի ապագա քաղաքապետն այս նոր օրենքով քաղաքական լուրջ դերակատարում ունեցող գործիչ է դառնում: Չպետք է մոռանալ, որ Երեւանում է բնակվում հանրապետության ազգաբնակչության մոտ կեսը, այն էլ` քաղաքականապես առավել ակտիվ հատվածը: Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով օրերս Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ), Դաշնակցության (ՀՅԴ), «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ ստորագրված կոալիցիոն համագործակցության փաստաթուղթը, ՀՀ իշխանությունները Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններում իրենց մեծամասնությունն ապահովելու համար, թերեւս, կմասնակցեն կոալիցիոն ուժերի միասնական համամասնական ցուցակով: Իսկ թե ո՞վ կգլխավորի այդ ցուցակը` առայժմ հայտնի չէ: Բազմաթիվ անուններ են շրջանառվում, սակայն առայժմ այդ անուններին անդրադառնալը լուրջ չի դիտվի. այս պահին դրանք սոսկ առանձին մարդկանց «վաղեմի, մանկության երազանքների» արտահայտություններ են կամ կուլիսային անցողիկ խոսակցություններ: Մի բան հստակ է` եւ՛ իշխանությունները, եւ՛ ընդդիմությունը այս ընթացքում պետք է իրենց համար պարզեն, թե ինչ ձեւաչափով պետք է մասնակցեն քաղաքական առումով ոչ պակաս կարեւոր այդ ընտրություններին: Ներքաղաքական կյանքում առաջիկայում հենց այս հարցը կդառնա թիվ մեկ քննարկման նյութը: «Ժառանգություն» կուսակցության առանձին անդամների ակտիվությունից դատելով` նրանք արդեն իսկ պատրաստվում են այդ ընտրություններին: Ոչ պակաս ակտիվ են նաեւ ԱԺ-ում ներկայացված եւ դրանից դուրս գործող կուսակցությունները: Կոալիցիոն համաձայնագրին միացած կուսակցություններն արդեն իսկ Երեւանի ապագա քաղաքապետի պաշտոնի համար բանակցություններ են վարում` առաջադրելով իրենց թեկնածուներին:

Այնպես որ, ընդամենը կես տարի հետո մենք ականատեսն ենք լինելու քաղաքական նոր ընտրապայքարի, որն իր նշանակությամբ գրեթե համարժեք է լինելու համապետական նախորդ ընտրություններին:

Հ.Գ. Երեւանի ավագանու առաջին ընտրությունների անցկացման օրը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ, որը կարող է անցկացվել ոչ շուտ, քան 2008թ. հուլիսի 8-ը, եւ ոչ ուշ, քան 2009թ. հունվարի 1-ը: