Բոլորս էլ մեղավոր ենք

28/03/2008

«Սա անկախ պետության 17 տարիների ընթացքում առաջին աննախադեպ երեւույթն էր, որը գնահատում ենք որպես ազգային ողբերգություն»,- հետընտրական զարգացումների եւ մարտի 1-ի ողբերգության մասին երեկ կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը: Ըստ նրա, յուրաքանչյուրն իր մեջ պետք է փորձի գնահատել, թե ինչ եղավ պետության մեջ, եւ եթե գան ընդհանրական գնահատականների, ավելի հեշտ կլինի արագ դուրս գալ ստեղծված իրավիճակից. «Եթե հետադարձ հայացքով փորձենք վերհիշել կատարված իրադարձությունը, կարծես այլ երկրում լիներ, մեզ հետ կարծես չլիներ, եւ ոչ ոք չէր սպասում, որ կարող էր մեզ հետ նման բան լինել»: ՀՀԿ խմբակցության քարտուղարը կարծում է, որ պարտվել ենք բոլորս` հասարակությունը, ժողովուրդը, իշխանությունը: «Եթե որեւէ մեկը փորձի մատուցել այլ կերպ, կարծում եմ՝ նա ճիշտ արած չի լինի, եւ նրա քայլերը նպատակաուղղված չեն լինի ստեղծված իրավիճակը հարթելուն: Ստեղծված իրավիճակում մեղավոր ենք բոլորս: Իշխանությունը եւս ունեցել է իր մեղքի բաժինը, քանի որ այս տարիների ընթացքում հասարակության մեջ եղել են խնդիրների կուտակումներ, որոնց լուծման գործում մեխանիզմներ չի գտնվել, ոչ բոլոր խնդիրներն են լուծվել արդարացիորեն: Կար դժգոհ զանգված հասարակության մեջ, եւ մենք գիտեինք: Մեղավոր է եւ ընդդիմությունը, որը հասարակությանը տարավ ոչ ցանկալի ուղղությամբ»,- ասել է նա: ՀՀԿ խմբակցության քարտուղարը գտնում է, որ եթե փողոցում միտինգ չկա, դա չի նշանակում, թե հասարակության մեջ ամեն ինչ կարգին է: Եվ այս պարագայում, ըստ Սամվել Նիկոյանի, մեր հասարակության մեջ արդարության եւ վստահության դիֆիցիտ կա: «Կարծում եմ, որ իշխանությունները եւ բոլորը պետք է իրենց քայլերն ուղղեն արդարության ավելի բարձր մակարդակի ձեւավորմանն ու վստահության վերականգնմանը»,- ասել է նա: Ս. Նիկոյանը հավատում է, որ ապրիլի 9-ից հետո նոր նախագահի իրավասությունների, լիազորությունների ընդունումից, նոր կառավարության ձեւավորումից հետո Հայաստանում ստեղծվելու է բոլորովին նոր իրավիճակ, որը պայմանավորված է լինելու նաեւ այն գործընթացներով, ինչ տեղի ունեցավ մարտին 1-ին եւ դրանից հետո: Ս. Նիկոյանը նշել է, որ Հայաստանում արդեն գոյություն ունի հզոր, կազմակերպված ընդդիմություն, եւ այդ գործոնը պետք է հաշվի առնել: Իսկ երկխոսության հնարավորությունը, ըստ նրա, դեռ սպառված չէ, անգամ այն պարագայում, երբ շարունակվում են ընդդիմության հարթակի լիդերների ձերբակալությունները: