Մեր ներքին շուկայում ընթացող գնաճի մասին հիմա խոսում են բոլորը: Անգամ պետական կառույցներին է այն հետաքրքրել: Պաշտոնապես հայտարարվում է, որ «ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ անցկացվեց ներքին շուկայում սպառողական ապրանքների գների ուսումնասիրման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ»: Իշխանություններին կարծես սկսում են հետաքրքրել երկրում ընթացող տնտեսական գործընթացների սոցիալական հետեւանքները: Տարեսկզբից կենսաթոշակների 60 եւ ավելի տոկոսանոց աճը սպասված դրական հետեւանքները չթողեց: Ապացույցն ընտրությունների արդյունքներն են, իսկ պատճառը` սողացող գնաճը: Ըստ սպառողական ապրանքների գների ուսումնասիրման միջգերատեսչական աշխատանքային խմբի՝ «այս տարվա մարտի 25-ին ներքին շուկայում իրականացված մոնիտորինգն արձանագրել է այս տարվա փետրվարի նկատմամբ գների հետեւյալ պատկերը. հացի գինն աճել է 13 տոկոսով, ալյուրի գինը` 9.7 տոկոսով, կլորավուն բրնձի գինը` 29.6 տոկոսով: Դրան զուգահեռ` երկարավուն բրնձի գինը նվազել է 15 տոկոսով, ձեթի որոշ տեսակների գներում նկատվել է գների մինչեւ 6.5 տոկոս նվազում, որոշ տեսակների մոտ նաեւ` 5.8 տոկոս աճ, կարագի գները որոշ տեսակների մասով աճել են մինչեւ 2.1 տոկոսով, որոշ տեսակների մոտ` նվազել մինչեւ 3 տոկոսով: Շաքարավազի գներն աճել են 5.9 տոկոսով»: Անկեղծ ասած, անհասկանալի է, թե որտեղ է արձանագրվել ձեթի որոշ տեսակների գնի նվազում, իսկ մյուս ապրանքների գնաճն էլ համեստ է ներկայացված: Ամենածիծաղելին, իհարկե, ներքին շուկայում ընթացող գնաճն արտաքին պատճառներով բացատրելն է: Արտաքին շուկայում որեւէ ապրանքատեսակի թանկացման լուրը հենց հաջորդ օրը գնաճ է ապահովագրում ներքին շուկայում: Լավագույնը, թերեւս, հացահատիկի օրինակն է: Փետրվարի 27-ին միջազգային բորսաներում թանկացավ հացահատիկի այն խմբաքանակների գինը, որոնք մատակարարվելու են մայիս ամսից: Բայց հաջորդ իսկ օրը Հայաստանի ներքին շուկայում սկսվեց առ այսօր չընդհատվող գնաճը: Պետական մարմինները կամ չգիտեն (կամ ձեւացնում են, որ չգիտեն), որ մինչ այդ ներկրված եւ առաջիկա ամիսներին ներկրվող հացահատիկը ներմուծողը ձեռք է բերել էժան գնով: Հետեւաբար ամիսներ շարունակ էժան գնածը թանկ վաճառելով՝ ներմուծողը գերշահույթ է ստանալու: Շուկայական տնտեսություն ունեցող ցանկացած երկրում նման մեթոդներով տնտեսավարող սուբյեկտը տեղափոխվում է հարկային այլ դաշտ: Գերշահույթ ստացողը պարտավոր է գերհարկեր մուծել: Լայն սպառման ապրանքների պարագային շուկայական տնտեսության երկրներում գերհարկումն անիմաստ է դարձնում տնտեսավարողի կողմից գները բարձրացնելու փորձերը: Այն պարզ պատճառով, որ այդ դեպքում իրեն ավելի փոքր շահույթ է մնում, քան ավելի էժան վաճառելիս: Այս կերպ վարվող պետությունները հստակ ցույց են տալիս, որ բյուջեի ձեւավորումն ինքնանպատակ չէ: Գնաճը Հայաստանում անիմաստ դարձրեց կենսաթոշակների ու աշխատավարձերի աճը: Մեկ-երկու սննդամթերքի համար վճարած գինը ետ է հավաքում ավելացած եկամուտները: Ընդ որում, այդ ետհավաքն արդեն բյուջե չի ուղղորդվում, այլ կոնկրետ մոնոպոլ դիրքեր ունեցող օլիգարխների գրպաններ: Հարկահավաքման ու եկամուտների վերաբաշխման ոլորտում իշխանությունների գործունեությունը սիզիփոսյան (անիմաստ) աշխատանք է հիշեցնում: Տարբեր մեթոդներով բյուջե ներգրավված ու աշխատավարձի-թոշակի-նպաստի տեսքով բնակչությանը բաժանված գումարի անթույլատրելի ու անհավանական փոքր մասն է վերադառնում բյուջե: Վերջին տարիներին Հայաստանում տարվող տնտեսական քաղաքականությունից տպավորություն է ստեղծվում, որ հարկային ողջ բեռը տեղափոխվել է մանր ու միջին գործարարների ու սոցիալական ամենաանապահով խավերի ուսերին: Այլապես դժվար է հասկանալ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի ակադեմիական ստերիլություն ունեցող բացատրությունները, պարզեցված հարկի ոլորտոմ կատարված փոփոխությունները: Մրցակցության հանձնաժողովի աշխատանքներից դժգոհությունն է, թերեւս պատճառը, որ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվեց սպառողական ապրանքների գների ուսումնասիրման միջգերատեսչական աշխատանքային խումբ: Խումբ, որն առայժմ չի արդարացնում հասարակական ակնկալիքները՝ ամեն ինչի հիմքում տեսնելով գեոպոլիտիկ գործընթացներ. «Գնաճին նպաստում է նաեւ սննդամթերքի սպառման ծավալների աճը, ինչը հիմնականում պայմանավորված է զարգացող երկրներում` Չինաստանում, Հնդկաստանում եւ այլն, սննդամթերքի սպառման աճի հետ»: Սա արդեն հին անեկդոտ է հիշեցնում, ըստ որի՝ իրական սով կսկսվի այն ժամանակ, երբ չինացիները կսկսեն գդալով ուտել: Բայց դա չի բացառի մյուս երկրներում սոցիալական բունտը: